«Ալիևը գերիներին տալու է կոնկրետ գնի դիմաց». Արտակ Բեգլարյան

Երեկ հայտնի դարձավ, որ Բաքվի ռազմական դատարանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանից և Բակո Սահակյանից, բոլորը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով նրանց տարիքը։

2023 թվականի սեպտեմբերից Բաքվում այս անձինք պահվում են պատանդի կարգավիճակում։ Նախորդ տարի հունվարից մեկնարկել էր «կեղծ» դատավարություն և գրեթե մեկ տարվա այս «դատական ներկայացումից» հետո, ադրբեջանցի դատախազները դատարանից պահանջել էին բոլորին դատապարտել ցմահ ազատազրկման։

Բաքվի դատարանի որոշումը հրապարակելուց մեկ օր առաջ Ալիևն Աբու Դաբիում արժանացավ «Զայեդ» մարդասիրական մրցանակի՝ արժանանալով այնտեղ ներկա միջազգային այս կամ այն կառույցի ներկայացուցչի ծափահարությանը։

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը խոսելով այս խնդրի հետ կապված միջազգային հանրության դիրքորոշման մասին, ասաց՝ միջազգային հանրությանը երբեք էլ չեն հետաքրքրել մարդասիրական հարցերը, մարդու իրավունքները և այլն։

Կարդացեք նաև

«Այս ամենը միջազգային հանրությանը չի հետաքրքրում, առավել ևս հիմա՝ զուտ իրենց աշխարհաքաղաքական, քաղաքական ու տնտեսակսն շահերից ելնելով, յուրաքանչյուրն իր գործողություններն է անում։ Սա է պատճառը, որ նրանք Ալիևին ոչ միայն հանդուրժում են, այլև աջակցում, այդ թվում՝ «ժողովրդավարական» երկրները, ուժերը և այլք։ Այս տեսանկյունից մեր անելիքն ուժեղ լինելն է և ուժեղ պետություն կառուցելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Բեգլարյանը։

Ըստ մեր զրուցակցի, գերիներին վերադարձնելու համար չկա բավարար հանրային ճնշում, որը պետք է գեներացվի։

«Հանրային ճնշումը մենք պետք է գեներացնենք մեր իշխանությունների վրա, որի արդյունքում տեղներից կշարժվեն և ինչ-ինչ նպատակներից, այդ թվում՝ իրենց քաղաքական նպատակներից ելնելով՝ ստիպված կլինեն քայլեր ձեռնարկել, որպեսզի վերադարձնեն մեր գերիներին»,- հավելեց Արտակ Բեգլարյանը։

Հարցին՝ Բաքվում պահվող հայ գերիների, պատանդների հարցը փաստացի քաղաքական հարց է, ռազմական դատարանի որոշումից հետո, իրավական ճանապարհով հնարավո՞ր է  հասնել դրական արդյունքի, Արտակ Բեգլարյանը պատասխանեց՝ իրավական գործընթացը քաղաքականին աջակցող քայլ է։

«Այս պահին պետք է օգտագործել բոլոր հնարավոր գործիքակազմերը, բայց գլխավորը պետք է լինի քաղաքական ճնշման գեներացնելը։ Եթե ՀՀ իշխանությունը չցանկանա, չբանակցի, միջնորդներին չխնդրի, ապա գերիները չեն վերադարձվելու։ Ալիևը գերիներին տալու է կոնկրետ գնի դիմաց՝ էական չէ, այդ գինը վճարելու է ՀՀ-ն, թե՞ միջնորդները։ Բայց գինն այնքան պետք է բարձրացնեն ու հակառակ կողմից էլ ճնշումն Ալիևի վրա այնքան պետք է մեծացնեն, որ Ալիևն այդ ճնշումը թոթափելու և լավ առևտուր անելու համար գերիներին վերադարձնի»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Բաքվում գերության մեջ են՝ Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը,  ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

Տեսանյութեր

Լրահոս