Պետք է աջակցել քաղաքականապես հասուն ուժերի, իրական քաղաքական պայքարը սկսվում է ոչ թե ընտրություններից առաջ, այլ ընտրություններից հետո. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Հայաստանում 2021-2026․ ընտրությունների միջև ոչ թե ժամանակ, այլ համակարգ և քաղաքական ռեժիմ է փոխվել: Սա կարևորագույն քաղաքագիտական գործոն է, որը չի կարելի հաշվի չառնել:

Խնդիրը ընտրությունների հերթականությունը չէ, այլ այն, որ փոխվել է հենց քաղաքական գործընթացի կառուցվածքը, քաղաքական ռեժիմը, համակարգի գործելու տրամաբանությունը և իշխանության վերարտադրության մեխանիզմը։

Այսօր գլխավոր խնդիրը այլևս միայն այն չէ, թե ինչ համակարգում և քաղաքական ռեժիմում է գործում ընդդիմությունը և եթե ձեզ կթվա, որ ընդդիմության լուրջ խնդիրը մեծ կոնսոլիդացիոն նախընտրական հավաքական ստեղծելու կամ միավորվելու խնդիրն է՝ շտապեմ հիասթափեցնել , քանի որ կա շատ ավելի մեծ ու խորքային խնդիր: Դա այն է, որ ընդդիմությունը գիտակցում է, որ գործում է խորքային ավտորիտար համակարգում, բայց հանրության հետ աշխատանքի, քաղաքական հաղորդակցության և ռազմավարության մեջ շարունակում է գործել այնպիսի կանոններով, որոնք ենթադրում են գործող ժողովրդավարական ինստիտուտների առկայություն կամ նվազագույնը 2021-ի քաղաքական ռեժիմ և իրերի դրություն։ Մինչդեռ 2026-ի դրությամբ այդ ինստիտուտները և այդ ռեժիմը ոչ թե աղավաղված են, այլ գործնականում կատարելապես ձևափոխված են և ավտոկրատացած։

ՔՊ-ի կողմից կառուցված քաղաքական համակարգը ժողովրդավարական համակարգի դեգրադացիա չէ։ Այն այլ համակարգ է ի տարբերություն 2021-ի: Այն ձևականորեն օգտագործում է ժողովրդավարության լեզուն, բայց իրականում գործում է խորը ավտորիտար վերահսկման տրամաբանությամբ։ Այստեղ այլևս ընտրությունները մրցակցության մեխանիզմ չեն, այլ վերահսկման տեխնոլոգիա։ Այստեղ կուսակցությունները որպես քաղաքական սուբյեկտներ չեն ընկալվում այլ գնահատվում են որպես թույլատրելի կամ արգելման ենթակա դերակատարներ։ Այստեղ հանրային մասնակցությունը որոշումների ձևավորման գործիք չէ, այլ քաղաքական և կամայական որոշումների լեգիտիմացման ռեսուրս և գործիք:

Այս պայմաններում ընդդիմության կողմից զուտ ժողովրդավարական ընտրությունների տրամաբանությամբ պատրաստվելը պարզապես քաղաքական սխալ չէ այլ ռազմավարական ինքնախաբեություն է։ Երբ ընդդիմությունը շարունակում է կարծել , որ գործելու է «արդար ընտրությունների», «մրցակցային քարոզարշավի» կամ «հավասար հնարավորությունների» միջավայրում, նա փաստացի ընդունում է այն խաղը, որը գոյություն չունի։ Նա պատրաստվում է մրցման՝ այնպիսի կանոններով, որոնք կիրառելի չեն այն արենայում, ուր ինքն է դուրս գալիս։

Ավելին, այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության, այլև հանրության համար։ Հանրությանը մշտապես ներկայացվում է քաղաքական պատրանք, ըստ որի՝ խնդիրը ճիշտ քարոզչության, ճիշտ դեմքերի կամ ճիշտ օրակարգի մեջ է։ Իրականում խորքային խնդիրը այն է, որ մինչ խաղի սկսվելը արդյունքը արդեն համակարգային կերպով կանխորոշման մեջ է։ Եվ որքան ընդդիմությունը շարունակում է պահպանել այդ պատրանքը, այնքան ավտորիտար համակարգը ստանում է հավելյալ լեգիտիմություն։

ՔՊ-ի ստեղծած ավտորիտար համակարգի հիմնական ուժը հենց սա է և այն ստիպում է ընդդիմությանը գործել իր համակարգի ներսում՝ հին և կրկնվող կանոններով։ Սա դասական ավտորիտար տեխնոլոգիա է՝ չթույլատրել բացահայտ բռնապետություն, բայց պարտադրել կառավարվող քաղաքականություն։ Արդյունքում ընդդիմությունը հայտնվում է մշտական «մարզման» վիճակում՝ պատրաստվելով մի մրցման, որը երբեք չի լինելու այն ձևով, ինչին ինքը պատրաստվել է։

Սա նման է նրան, երբ դու մարզվում ես օլիմպիական կանոններով, բայց քեզ դուրս են բերում մի արենա, որտեղ մրցումը ոչ թե արդյունքի, այլ վերահսկման մասին է։ Քո պատրաստվածությունը, քո կանոնների իմացությունը և քո արդարության զգացումը որևէ դեր չեն խաղում, որովհետև խաղի նպատակը հաղթող որոշելը չէ, այլ՝ պարտվողին կառավարելի պահելը, իսկ հաղթողը որոշված է անկախ քեզանից:

Այս իրավիճակում ընդդիմության հիմնական խնդիրը այլևս ոչ թե «ինչպես հաղթել ընտրություններում» հարցն է, այլ՝ ինչպես չդառնալ ավտորիտար համակարգի գործառնական տարր։ Քանի դեռ ընդդիմությունը չի հրաժարվում ժողովրդավարական ընտրությունների պատրանքի վերարտադրությունից և չի վերաձևակերպում իր պայքարը որպես համակարգային խորը դիմադրություն, ՔՊ-ի ավտորիտար համակարգը շարունակելու է վերարտադրվելու հավանականությունը բարձր պահել՝ առանց իրական քաղաքական վտանգի։

Այսպիսով, խնդիրը այլևս իշխանության ուժը չէ։ Խնդիրը այն է, որ ընդդիմությունը շարունակում է պայքարել այնպիսի խաղում, որը գոյություն չունի, այնպիսի կանոններով, որոնք չեն գործում, և այնպիսի նպատակով, որը համակարգը թույլ չի տալիս իրականացնել։ Եվ հենց այստեղ է ընդդիմության քաղաքական ձախողման խորքային ռիսկը ՔՊ-ի ստեղծած ավտորիտար իրականության մեջ։ Եթե շատ խտացնեմ վերը նշված մտքերը ապա կստացվի հետևյալը որտեղ տրամաբանական հակասություն կա: Երբ ողջ ընդդիմությունը իշխանությանը որակում է ավտորիտար, բռնապետական, սահմանադրություն, օրենք, իրավունք խախտող, դատական համակարգ քանդող, պաշտոնական դիրք ու լիազորություն վերազանցող, ապա չի կարող ընդունել նրան, որպես այնպիսի ընտրություններ կազմակերպող, որտեղ թույլ կտա իրեն հաղթել մրցակցային ընտրություններով: Այսինքն չի կարող ռեժիմը նախընտրականում լինել ավտոկրատ, իսկ ընտրությունների ժամանակ դեմոկրատ: Մինչ այս բոլոր տեղական այլ ոչ հանրապետական ընտրություններում դեմոկրատ խաղալու ոճը իշխանության համար եղել է մանյովր, քանի խոսքը չի գնացել բուն կենտրոնական իշխանության վերարտադրության մասին:

Այս վերլուծությունը տեսական կառուցում չէ։ Այն ունի հստակ, գործնական ապացույց։ Այդ ապացույցը այն եզակի ինստիտուտն է, որի նկատմամբ ՔՊ-ի ավտորիտար համակարգը մինչ օրս չի կարողացել հասնել իր սովորական արդյունքին՝ Հայ Առաքելական Եկեղեցին և Վեհափառը։

Չնայած քաղաքական, մեդիա, իրավական և քարոզչական ճնշման բազմակի փորձերին՝ իշխանությանը չի հաջողվել մեկ գործողությամբ կամ գործողությունների շղթայով կոտրել ՀԱՍԵ ինստիտուցիոնալ դիրքը։ Պատճառն անձերի կամ հռետորաբանության մեջ չէ։ Պատճառն այն է, որ Եկեղեցին չի գործում ՔՊ-ի թելադրած խաղի կանոնների ներսում։

Եկեղեցին ունի սեփական ինստիտուցիոնալ տրամաբանությունը, սեփական ժամանակային հորիզոնը, սեփական արժեքային համակարգը և ամենակարևորը՝ այլ լեգիտիմության աղբյուր, որը չի կառավարվում ընտրություններով, վարչական ռեսուրսով կամ մեդիա ճնշմամբ։

ՔՊ-ի ավտորիտար համակարգը կառուցված է աշխարհիկ քաղաքական վերահսկման վրա։ Եկեղեցին գործում է այդ համակարգից դուրս՝ միաժամանակ ազդելով հանրային ինքնության, բարոյական օրակարգի և հավաքական ընկալումների վրա։ Սա այն դաշտն է, որտեղ վարչակարգի հիմնական գործիքները չեն աշխատում, որովհետև չեն հասնում ինստիտուցիոնալ միջուկին։

Եկեղեցին «հաղթում» է ոչ այն պատճառով, որ պայքարում է իշխանության հետ, այլ որովհետև չի ընդունում պարտադրված խաղը։ Եվ հենց սա է այն դասը, որը քաղաքական ընդդիմությունը պետք է քաղի։

Եկեղեցու օրինակը բացառություն չէ։ Այն ապացույց է, որ ավտորիտար համակարգում պարտվում են նրանք, ովքեր համաձայնվում են գործել այդ համակարգի ներսում՝ նրա կանոններով։ Դիմանում են նրանք, ովքեր ձևավորում են սեփական խաղի կանոնները կամ գործում են իշխանության պարտադրած արենայից դուրս։

Եվ քանի դեռ ընդդիմությունը չի հրաժարվել խաղից, որը գոյություն չունի, ՔՊ-ի կառուցած ավտորիտար համակարգը շարունակելու է վերարտադրվելուն միտված քայլերը՝ անկախ ընտրությունների թվից, դեմքերի փոփոխությունից կամ հռետորաբանության սրությունից։

Ինչևէ, նույնիսկ այս իրավիճակում դժվար, բայց լուծումներ կան և դա ամենևին ընտրազանգվածին մեծ չափաբաժնով հույս տալը, բայց հետո դա սպասարկել չկարողանալը չէ: Աջակցման ռեսուրս պետք է տալ այն քաղաքական ուժերին, որոնք չեն սահմանափակվում միայն նախընտրական քարոզչությամբ, այլ ունեն ամբողջական քաղաքական ռազմավարություն՝ ընդգրկելով նախընտրական, բուն ընտրական և հատկապես շեշտում եմ հատկապես հետընտրական փուլերը և ընտրությունների ավարտից հետո քաղաքականապես և ֆիզիկապես չեն անհետանալու: Այս շեշտադրումը ոչ թե տեխնիկական, այլ խորապես քաղաքագիտական և համակարգային նշանակություն ունի։

Ավտոկրատ իշխանության զսպումն ու վերահսկումը հնարավոր չէ իրականացնել մեկ փուլում կամ մեկ գործողությամբ։ Ավտորիտար համակարգերը բնույթով ադապտիվ են․ դրանք կարող են «հանդուրժել» նախընտրական աղմուկը, մանևրել ընտրական օրը, բայց իրենց իրական ուժը դրսևորվում է հենց հետընտրական փուլում, երբ արդյունքների շուրջ ձևավորվում է իշխանության լեգիտիմության ճակատամարտը։ Այդ պատճառով հետընտրական գործընթացներին պատրաստ չլինելը հավասարազոր է իշխանությանը թողնել ազատ և անկանխատեսելի գործողության դաշտում։

Քաղաքական ուժը, որը չունի հստակ հետընտրական սցենարներ՝
– իրավական դիմադրության,
– ինստիտուցիոնալ ճնշման,
– քաղաքացիական վերահսկման,
– հանրային մոբիլիզացիայի,
– միջազգային քաղաքական աշխատանքի մակարդակներում,
իրականում չի հավակնում իշխանության զսպմանը, այլ ընդամենը մասնակցում է ձևական ընտրական արարողությանը կամ ավելի վատ, ոչ թե միտված է բեկմամ այլ միտված է համակարգում տեղ գտնելուն:

Հետընտրական պատրաստվածությունը իշխանության համար ստեղծում է կանխատեսելիության հարկադրանք։ Երբ իշխանությունը հասկանում է, որ յուրաքանչյուր հնարավոր խախտում, մանիպուլյացիա կամ ուժի կիրառման փորձ ունի հաշվարկված քաղաքական, իրավական և հանրային ռիսկ և հետևանք, այն այլևս չի գործում ամենաթողության տրամաբանությամբ։ Զսպումը այստեղ առաջանում է ոչ թե բարոյականության, այլ ռացիոնալ ինքնապաշտպանության հաշվարկից։

Այս իմաստով հետընտրական փուլին պատրաստ լինելը իշխանափոխության մեխանիզմ չէ միայն, դա ավտորիտար համակարգի վերահսկման ինստիտուցիոնալ գործիք է։ Այն սահմանափակում է իշխանության կամայականությունը, բարձրացնում քաղաքական գնի շեմը և կոտրում «ամեն ինչ կարելի է» տրամաբանությունը և առաջանում է ճեղք, խոցելիություն որը լայնացնելն ու բացելը ևս գրագետ քաղաքական աշխատանք է:

Ուստի պետք է աջակցել ոչ թե պարզապես ընդդիմադիր հռետորաբանություն ունեցող, այլ քաղաքականապես հասուն ուժերի, որոնք գիտակցում են, որ իրական քաղաքական պայքարը սկսվում է ոչ թե ընտրություններից առաջ, այլ հենց ընտրություններից հետո։ Քանի դեռ այդ գիտակցումը չկա, ընտրությունները մնում են իշխանության կողմից վերահսկվող ռիտուալ, ոչ թե հանրային կամքի իրական արտահայտություն»։

Տեսանյութեր

Լրահոս