Զելենսկին ԵՄ-ին անդամակցությունը համարում է Ուկրաինայի անվտանգության առանցքային երաշխիք
Ուկրաինայի անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ և իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով, իսկ դրանց առանցքային բաղադրիչներից մեկը երկրի լիիրավ անդամակցությունն է Եվրոպական միությանը. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքները պետք է լինեն համապարփակ, իրավաբանորեն ամրագրված միջազգային մակարդակով։ Հակառակ դեպքում չի կարելի խոսել այն մասին, որ պատերազմն ավարտված է»,– հայտարարել է Ուկրաինայի նախագահը։Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքները չեն կարող սահմանափակվել միայն ռազմական օգնությամբ։
«Խոսքը երկարաժամկետ համակարգի ստեղծման մասին է, որը կկանխի Ռուսաստանի ագրեսիան և անհնար կդարձնի լայնամասշտաբ ներխուժման կրկնությունը»,– նշել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ այդ համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկն Ուկրաինայի լիիրավ անդամակցությունն է Եվրամիությանը։
«Հենց ԵՄ-ն է, որ երկարաժամկետ հեռանկարում կարող է ապահովել արտաքին սպառնալիքներից հուսալի քաղաքական, տնտեսական և իրավական պաշտպանություն»,– ասել է նա։
