Այդ վախկոտներն անգամ լրագրողի հարցից են փախչում․ Վեհափառը պետք է դուրս շպրտի նրանց Եկեղեցուց․ Տեր Սերոբ
Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե։ Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է ամեն կերպ թույլ չտալու Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Տեր Սերոբ քահանա Ազարյանը (ԱՄՆ) նախ՝ հիշեցրեք, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ 2025 թվականի դեկտեմբերին այդ ժողովը տեղի չունենա․ «Ակնհայտ էր, որ ամեն ինչ անելու են սրբազանների վերաբերյալ գործեր սարքելու և նրանց կալանավորելու համար։ Այդ էր պատճառը, որ եպիսկոպոսաց ժողովը հետաձգվեց։ Հետո ուրիշ պատճառ հորինեցին, ասելով, թե եպիսկոպոսաց ժողովը միայն Հայաստանում պետք է տեղի ունենա։ Որևէ կանոնական, օրինական, եկեղեցաբանական օրենք չկա, որն ասում է, որ եպիսկոպոսաց ժողովը պետք է անպայման տեղի ունենա Հայաստանում։ Դա որտե՞ղ է գրված․․․ Որևէ աշխարհիկ իշխանություն իրավունք չունի մեզ ասելու, թե եկեղեցական ժողովը որտեղ պետք է անցկացվի։ Սրբազանների դեմ այս շինծու գործն ուղղակի հակասահմանադրական, հակամարդկային, հակաեկեղեցական գործունեություն է, հալածանք է Եկեղեցու դեմ»։
Ըստ նրա՝ տիրադավ եպիսկոպոսների նպատակն այն է, որ նրանց մրցակից եպիսկոպոսների հանդեպ շինծու գործեր լինեն և նրանք կալանավորվեն․ «Այս տիրադավներից որևէ մեկը դատապարտե՞լ է 4 սրբազանների կալանավորումը։ Թող մեկն ինձ ասի՝ ի՞նչ է արել Մկրտիչ Սրբազանը։ Միքայել Սրբազանը որևէ բան չի արել։ Սա նշանակում է, որ սրանք ոչ միայն տիրադավներ են, այլև հակասահմանադրական գործիչներ են, ինչպես նաև՝ եկեղեցու շահերի դեմ աշխատողներ, այս եկեղեցին կործանել փորձողներ»։

Նա շեշտեց՝ Աստված պատժելու է այն մարդկանց, ովքեր նմանատիպ գործունեություն են ծավալում․ «Այն մարդը, որը Եկեղեցին պառակտում է, նույն մարդն է, որն իր ձեռքերով խաչում է Քրիստոսին դարձյալ։ Եթե Քրիստոսին խաչել եք ուզում, խնդրեմ՝ միացեք տիրադավաց խմբին, պառակտեք եկեղեցին և կդառնաք Քրիստոս խաչողներ»։
Քահանայի խոսքով՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանն անեծք է մեր ազգի գլխին, նրա գոյությունը պատճառ եղավ, որ Եկեղեցու մեջ մաքրության գործընթաց սկսվի․ «Այս ամենն, անշուշտ, տեղի է ունենալու, երբ եպիսկոպոսաց ժողովն իր խոսքն ասի»։
Ըստ նրա՝ եպիսկոպոսը պետք է լինի քաջ, ճշմարտության համար իր արյունը պատրաստ լինի տալ, ոչ թե փոքր կոմպրոմատից վախենա․
«Անգամ լրագրողի հարցից են վախենում, փախչում։ Եթե այսքան վախկոտ եք, դուք արժանի չեք եպիսկոպոս լինել։ Այստեղ մեր թեմի առաջնորդն էլ է փախչում մարդկանց հարցերից (նկատի ունի, այսպես կոչված, տիրադավներից Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին), մի եկեղեցուց մյուսն է փախչում, որովհետև չի ուզում մարդկանց երեսը տեսնել։
Այս տեսակի մարդիկ պետք է հեռացվեն․ Վեհափառն այս մարդկանց պետք է դուրս շպրտի Եկեղեցու անդաստանից։ Ավելի լավ է 10 հավատարիմ քահանա ունենաս, քան 40, որոնց կեսից ավելին ծախված կարող է լինել։ Երբ թուրքը հրահանգում է քո ղեկավարին, քո ղեկավարը՝ քեզ, ու դու կատարում ես այդ հրամանը, դու ո՞ւմ հրամանն ես կատարում, բնականաբար, այդ թուրքի։ Մեր հայրենիքը գրավված է թուրքի կողմից, և թուրքը Փաշինյանի բերանով «խաղաղություն» է բերում մեզ։ Խաղաղություն չկա, գոյություն չունի։ Հետևաբար, այս մարդիկ պետք է հեռացվեն։ Դա Վեհափառ Հայրապետի, եպիսկոպոսաց ժողովի որոշելիքն է, բայց տեսնում ենք, որ մարդկանց ուզածը դա է»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
