ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հերքում է Փաշինյանի ընտանեկան կայքում հայտնված տեղեկությունը

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com կայքը՝ հղում անելով ֆրանսիական մամուլին, գրել էր, որ Փաշինյանի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով։

Քիչ առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է այդ տեղեկությունը՝ հայտնելով. «Ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ վարչապետ Փաշինյանի` Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով, չի համապատասխանում իրականությանը։

Նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, որոնք որևէ խմբագրման չեն ենթարկվում, և հետևաբար աղբյուրը չի կարող համարվել վստահելի։ Մասնավորապես հիշատակված նյութը հրապարակվել է «S. Lampion» անհայտ հեղինակի անունով, այնուհետև այն անմիջապես տարածվել X-ի ադրբեջանական էջերում։ Նշվածից ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ»,- ասել է Ծառուկյանը:

Ուշագրավ է, որ Հայաստանում այդ «կեղծ տեկեկության» տարածողը հենց Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքն է և հետաքրքիր է, թե ինչու են հենց նրանք տարածում «ադրբեջանական հերթական ապատեղեկատվական արշավի» շրջանակներում հայտնված կեղծ լուրերը՝ հղում անելով ֆրանսիական մամուլին։

Ի դեպ, armtimes.com կայքը այն վերնագրել էր այսպես. «Փարիզը Երևանին կփոխանցի արբանյակային տվյալներ. ինչ տեղեկություններ կպարունակեն դրանք»։

Տեսանյութեր

Լրահոս