«ՔՊ-ից իմ որդու շիրիմին որևէ մեկը չպետք է մոտենա. մեզ համար ամեն օրն է խոնարհումի օր». նահատակված տղաների ծնողները՝ հունվարի 27-ի մասին

Օրերս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:

Ըստ այդմ հունվարի 27-ը կսահմանվի Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր ու կլինի ոչ աշխատանքային։

Այս նախաձեռնության հեղինակներն են ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ու «Հայաստան» խմբակցությունից հեռացած Գեղամ Նազարյանը։

Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ նշել էր, որ այդ օրը կհարգեն տարբեր տարիների ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը։

Կարդացեք նաև

Դեռևս ամիսներ առաջ, այս նախաձեռնության հեղինակների սահմանած օրը՝ հունվարի 27-ը, զոհված զինծառայողների ծնողների մոտ զայրույթ էր առաջացրել: Նրանք տարակուսած էին, թե ինչո՞ւ է զոհվածի հայր Գեղամ Նազարյանը Ռուբեն Ռուբինյանի հետ որոշել հիշատակության օր սահմանել ոչ թե սեպտեմբերի 27-ը, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, այլ հունվարի 27-ը, որից մեկ օր անց Բանակի օրն է։

44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի մոր՝ Աստղ Գալեյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ը հիշատակության օր չեն սահմանել, որպեսզի սահուն կերպով մոռացության տան այդ օրը։

«Շատերի մոտ նստվածք կտա հենց հունվարի 27-ը՝ որպես հիշատակության օր, իսկ սեպտեմբերի 27-ը, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, կսկսի մոռացվել։ Խելացի ու գրագետ հատվածը, իհարկե, այս ամենը չի ընդունում, և սեպտեմբերի 27-ին ով մինչ այս գնացել է Եռաբլուր ու հարգանքի տուրք մատուցել տղաների հիշատակին, շարունակելու է հենց այդ օրը հիշատակի տուրք մատուցել»,- 168.am հետ զրույցում ասաց Աստղ Գալեյանը։

Ըստ նրա՝ հունվարի 27-ը չի ընդունում որպես զոհվածների հիշատակի օր, քանի որ այդ օրը որևէ առնչություն չունի հայ ժողովրդի պատմության որևէ դրվագի հետ։

«Կարծում եմ՝ հունվարի 28-ին՝ Բանակի կազմավորման օրը, կարելի էր և՛ խոնարհվել անմահացած զինվորների հիշատակի առաջ, և՛ շնորհավորել ողջերին, իրենց օրը:

Տղաները, որոնք անմահացել են պատերազմի ժամանակ՝ և՛ 44-օրյա, և՛ քառօրյա, և՛ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, և՛ 2023 թվականին, բոլորը մաս են կազմել հայոց բանակի։ Նրանք այսօր էլ շարունակում են այդ բանակի մաս կազմող մարտիկներ մնալ՝ երկնային մարտիկներ։

Հունվարի 27-ին՝ որպես հիշատակի օր, չեմ գնալու Եռաբլուր, փոխարենը՝ գնալու եմ հունվարի 28-ին՝ շնորհավորելու իմ որդուն՝ Բանակի օրվա կապակցությամբ։

Ինձ նման մտածող մարդիկ այդ օրը չեն գնալու: Ամուսինս ամեն օր է Եռաբլուր գնում, մեզ համար ամեն օրն է խոնարհումի օր»,- շեշտեց Աստղ Գալեյանը։

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանը, խոսելով այս թեմայի մասին, նախ ասաց՝ Գեղամ Նազարյանն իր համար դարձել է նույնը, ինչ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանք հատուկ են հունվարի 27-ն ընտրել, որովհետև հաջորդ օրը՝ հունվարի 28-ը, ուրախության օր է։ Սրանք ամեն ինչ անում են, որ մոռանանք այդ օրերը, իհարկե, մեր կողմից չի մոռացվելու, բայց տասնամյակներ կանցնի, ու մարդիկ կմոռանան։ Հունվարի 27-ին պարտադիր գնալու եմ Եռաբլուր, որպեսզի թույլ չտամ՝ այդ տականքներից որևէ մեկը մոտենա որդուս շիրիմին։ Իհարկե, կուզեի՝ մենք շատ լինեինք, որպեսզի չթողնեինք աստիճաններին էլ մոտենային։ ՔՊ-ից իմ որդու շիրիմին որևէ մեկը չպետք է մոտենա»,- 168.am-ին ասաց Վիգեն Ազատյանը։

Ըստ նրա, բոլոր նրանք, ովքեր սատարում են Նիկոլ Փաշինյանին՝ իր համար թուրք է, անկախ այն հանգամանքից, թե ով է  այդ մարդը։

«Նույնիսկ, եթե ողորմածիկ հայրս էլ լիներ, կասեի՝ հերս, կներես, բայց դուք թուրք ես։

Իհարկե, այս ամենից հետո առիթ չի եղել խոսելու Գեղամ Նազարյանի հետ, նա Եռաբլուրում փախավ, բայց դե ի՞նչ խոսեր։ Ասում է՝ երազ եմ տեսել, տղաս ասել է, թե Նիկոլին ների, ես սրանից ավելի մեծ հիմարություն լսած չկամ, 52 տարեկան մարդ եմ։ Ոչինչ, Աստված մեզ ուժ տա՝ մինչև ընտրություններ կամ ընտրություններով վերականգնենք մեր հայ լինելը, այլ ոչ թե մնանք՝ որպես թուրքի ստրուկ։ Բոլորն էլ պատասխան են տալու, տականքներ կան, որ յուրովի են պատասխան տալու, շարքային ապուշները՝ դատարանում»,- ընդգծեց Վիգեն Ազատյանը։

Տեսանյութեր

Լրահոս