ՎԵՐՋԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈՒՆԻՍԻՆ. ԿԱՄ-ԿԱՄ 

Մինչև 2020թ. Հայաստանն էական տարածաշրջանային ու որոշակի աշխարհաքաղաքական կշիռ ուներ մի քանի առանցքային գործոնների շնորհիվ՝ Արցախ, Սյունիքով անցնող ռազմավարական ճանապարհներ, քաղաքակրթական, մշակութային ինքնություն՝ հիմնված քրիստոնեության ու զգալի չափով Հայ Առաքելական եկեղեցու վրա, և ցանցային նշանակություն ունեցող Սփյուռք ամբողջ աշխարհում: Այս և չթվարկված մի քանի բաղադրիչներ իրականում ձևավորում էին ոչ միայն ու ոչ այնքան՝ նոմինալ պետությունը, որքան, ավելի լայն իմաստով՝ հայկական գործոնը:

Ընդամենը հինգ տարվա ընթացքում վերը նշված գործոններից մնացել է միայն Հայ Առաքելական եկեղեցին: Արցախը կորսված/հանձնված է, Սյունիքը՝ «ինքնիշխանության» բարձր կարգախոսներով, վարձակալության է հանձնվում, հայկական ինքնությունը ենթարկվում է ամենակոպիտ հարվածների, Սփյուռքը՝ որպես ինստիտուցիոնալ կառույց, հայկական շահերն առաջ մղող կենսունակ համակարգ, այլևս գոյություն չունի:

Ակնհայտ այս թվարկումն անհրաժեշտ է՝ հասկանալու համար Հայաստանի իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ վարվող պատերազմի խորքային պատճառները, որոնք փորձում են լղոզել «կուսակրոնության», «բարեվարքության» և այլ էժան հիմնավորումներով: Ֆունկցիոնալ առումով, Եկեղեցին մնացել է այն վերջին կառույցը, որն ամեն օր ավելի բարակող թելով  այսօրվա ճղճիմ իրականությունը դեռևս կապում է երբեմնի հայկական գործոնի հետ: Առանց եկեղեցու այդ գործոնի վերականգնման՝ արդեն իսկ զուտ տեսական մնացած հնարավորությունն էլ կզրոյանա: ՀԱԵ-ի դեմ պայքարն, այսպիսով, իրականում որևէ կապ չունի անձերի հետ, դա 2020-ի ողբերգական պատերազմով սկսված հայկական գործոնի վերացման վերջին արարն է, որում հաջողելու դեպքում գործող իշխանությունը կքրեականացնի հայկական գործոնի մասին հիշողությունն անգամ:

Եվ ամենևին պատահական չէ, որ եկեղեցու դեմ արշավն ընթանում է հենց հիմա, քանի որ, ըստ ամենայնի, խնդիր է դրված՝ մինչև այս տարվա ընտրություններն ավարտին հասցնել հայկական գործոնի վերջնական կազմաքանդման նախագիծը:

Կարդացեք նաև

Այս համապատկերում Հայ Առաքելական եկեղեցին՝ անվանապես չմասնակցելով ընտրություններին, դառնում է առաջիկա ընտրական գործընթացի ամենաառանցքային դերակատարը, իսկ եկեղեցու պաշտպանությունը՝ նախընտրական օրակարգի ամենաառաջնային հարցը: Դա նշանակում է, որ հունիսին կայանալիք ընտրությունը չի լինելու տարբեր գաղափարների ու նախընտրական ծրագրերի, խոստումների մրցակցություն: Այդ ընտրությունը լինելու է տեսակի ընտրությունը, հայկական տեսակի պահպանման ու վերացման միջև ընտրություն: Եկեղեցին, որ այս դեպքում սահմանագիծն է, ջրբաժանը, իր անելիքն անում է ու վստահաբար անելու է նաև առաջիկա ամիսներին:

Անելիքի մնացած մասն արդեն քաղաքական ուժերինն է, որն այս դեպքում ավելի շատ չանելիք է, քան անելիք: Քաղաքական ուժերը չպետք է անեն այն, ինչ ընդունված է անել սովորական ռեժիմի ընտրություններում՝ նախընտրական մանր դաշինքներ ու ճղճիմ հաշվարկներ, մանդատների ցուցակների շուրջ առևտուր ու ապագա պաշտոնների բաշխումներ:

2026-ի ընտրությունը դրանց մասին չէ: Քաղաքական ուժերն ունեն մեկ անելիք՝ եկեղեցու պաշտպանությունը, որը նույնական է հայկականության, հայկական գործոնի պաշտպանությանը, իսկ դրա համար ոչ սոցիալ-տնտեսական ծրագրեր են անհրաժեշտ, ոչ էլ նախընտրական գզվռտոցներ:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս