«Թուրքիայի իշխանությունը, հատուկ ծառայություններն իրենց ձեռքի տակ եղած ողջ լծակներով աջակցելու են ՀՀ իշխանությանը». թուրքագետ

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ  հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքի իրականացումը կտեսնեն  այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Կենտրոնական միջանցքի համար»։

Մեկնաբանելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները՝ նա ասել է.

«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի»։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այս հայտարարությունից չի զարմացել, քանի որ տեսնում է՝ Հայաստանի ու Թուրքիայի օրվա իշխանությունները բավականին «սերտ» հարաբերությունների մեջ են։

Կարդացեք նաև

«Երկու երկրների հարաբերությունները սերտացան 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո։ Մինչ այդ այդպես չէր, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ընդդիմությունը դրսևորել է հակաթուրքական վարքագիծ, այս պարագայում բնական է, որ Թուրքիայի իշխանութունը պետք է պաշտպանի ՀՀ իշխանությանը։ Կարելի է ասել՝ այսպես էլ պետք է լիներ, թուրքական իշխանությունը, հատուկ ծառայություններն իրենց ձեռքի տակ եղած ողջ լծակներով աջակցելու են ՀՀ իշխանությանը, սա առանց Ֆիդանի հայտարարության էլ արդեն իսկ ակնհայտ էր»,- 168.am հետ զրույցում ասաց Մուշեղ Խուդավերդյանը։

Հարցին՝ այս աջակցությունն ի՞նչ տեսքով է լինելու, արդյո՞ք հանրության համար այն տեսանելի կլինի, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Թուրքիան աշխատում է արևմտյան տարբեր կառույցների հետ, հետևաբար՝ աջակցությունը կլինի տարբեր միջոցներով, այդ թվում՝ ֆինանսական, վարչական ռեսուրսներ հատկացնելով։

«Սա ակնհայտ փաստ է, քանի որ Թուրքիան ուզում է արագ կերպով լուծել Հայաստանի հետ հարաբերությունների հարցը։ Թուրքիայում մտածում են, որ եթե Հայաստանում չլինի այս իշխանությունը, այլ, օրինակ, ընդդիմությունը գա իշխանության, ապա Թուրքիայի հետ եղած հարցերը հեշտությամբ չեն լուծվի։

Թուրքիայի հետ եղած խնդիրները ՀՀ-ում տարբեր իշխանությունների ժամանակ քննարկվել են։ Բայց եթե ՀՀ-ում այս իշխանությունը վերընտրվի, կարծում եմ՝ կփոխվի մեր Սահմանադրությունը, կբացվեն սահմանները, բայց թե ինչ պայմաններով, այս պահին դժվար է ասել։ Թուրքական կողմը մշտապես նշում է, որ այս գործընթացներն ավելի հեշտ կարելի է անել ներկայիս իշխանությունների, քան ընդդիմության հետ»,- ընդգծեց Մուշեղ Խուդավերդյանը։

Նշենք, որ երեկ էլ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում, արձագանքելով Թուրքիայի ԱԳ ղեկավարի հայտարարությանը, Ֆիդանին շնորհակալություն էր հայտնել։

«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտգործնախարարին և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են ՀՀ հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, TRIPP-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,- ասել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս