Բանակից հետո Փաշինյանը հիմա էլ որոշել է ԱԱԾ-ն դարձնել ավելի շատ ինտելեկտուալ կառույց, քան ուժային
Հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:
Այնտեղ Փաշինյանը հայտարարել է, թե որպես ՀՀ վարչապետ ԱԱԾ-ի նկատմամբ՝ որպես պետական ինստիտուտի, վերապահում չի ունեցել այս տարիներին:
«Չի եղել մի իրավիճակ, որտեղ ես մտածեմ, որ ծառայությունը որպես պետական մարմին՝ պետք է գործեր էսպես, բայց չի գործել էդպես, այլ գործել է բոլորովին այլ կերպ»,- շեշտել է նա՝ հավելելով, թե սա չի նշանակում, որ ծառայության գործունեությունը եղել է անթերի:
Սակայն հիշում ենք, թե ինչպես էր 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ պնդել.
«ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ:
Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնել այդ գնահատականի հետ»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրել է կա՛մ իրենց գործը լավ չանելու մեջ, կա՛մ իրենից պատերազմ սկսելու հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ: Արդյո՞ք սա թերացում է, եթե, իհարկե, ընդունենք, որ Փաշինյանը ճիշտ է ասել: Ավելին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո մինչ այս պահը ԱԱԾ 5 տնօրեն է փոխվել, եթե հաշվի ենք առնում նաև պատերազմի օրերին ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին: Այսինքն, ԱԱԾ գործող տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը 6-րդն է:
168.am-ը մանրամասն գրել էր՝ ով, երբ և ինչի համար է պաշտոնանկ արվել՝ ըստ դրանց նախորդած որոշակի իրադարձությունների, հնարավոր է՝ որոշներն իրենք չեն ցանկացել շարունակել ԱԱԾ տնօրենի կարգավիճակում պաշտոնավարումը, օրինակ, Արթուր Վանեցյանը, Միքայել Համբարձումյանը և նույնիսկ Արմեն Աբազյանը:
Մենք գրել ենք նաև, որ 44-օրյա պատերազմի օրերին առնվազն ԱԱԾ 4 բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել աշխատանքից՝ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը:
Նշենք, որ Միքայել Համբարձումյանը 2020 թվականի նոյեմբերի 8-ին էր ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել ԱԱԾ տնօրենի տեղակալի և ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: Ի դեպ, հարցազրույցներից մեկում նա ակնարկել էր, որ պատերազմի օրերին դեռ հոկտեմբերի վերջին է ցանկացել դադարել լինել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:
Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ որպես ՀՀ վարչապետ՝ վերապահում չի ունեցել Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ՝ որպես պետական ինստիտուտի, կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանափոխությունից սկսած՝ ԱԱԾ տնօրենների պաշտոնանկությունները եղել են Նիկոլ Փաշինյան անձի կամայական որոշումները, և կամ դրանց արդյունքում են որոշ դեպքերում եղել հրաժարականներ:
Ի դեպ, երեկ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում մի այսպիսի խոստովանություն է արել.
«2018 թվականին ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ձեզ հայտնի գործընթացների արդյունքում, և պետական համակարգի համար, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության, եղել եմ բացարձակապես նոր մարդ։ Այսինքն, նոր մարդ չեմ եղել, բայց նոր կարգավիճակի մարդ եմ եղել»:
Թե կոնկրետ ի՞նչ նկատի ուներ ոչ որպես ՀՀ վարչապետ ԱԱԾ-ի համար նոր մարդ չլինել ասելով, կարող ենք տարբեր ենթադրություններ անել: Բայց թողնենք ժամանակի բացահայտմանը:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ուղիղ իրեն ենթարկվող Ազգային անվտանգության ծառայության վերափոխման իր տեսլականը:
«Մենք ավանդաբար ԱԱԾ-ն ընկալում ենք՝ որպես առաջնային ուժային կառույցներից մեկը, դա այդպես է, պետք է այդպես լինի: Բայց, իմ կարծիքով, գործնականում ուժային պիտի լինի ամենավերջին հերթին: Այսինքն, ուժի գործադրման պահը պետք է հասնի, երբ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը կա: Ընդհակառակը՝ ծառայության գործունեության ամբողջ իմաստն ու նպատակը պետք է լինի այն, որ այդ ուժը ցույց տալու պահը չհասունանա: Հետևաբար, ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն գնալով ավելի ու ավելի շատ լինի ինտելեկտուալ-վերլուծական մարմին է»,- մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, որ թեև ծառայության ուժային կարողությունները զարգանալու են, բայց ուժի կիրառման անհրաժեշտությունից պետք է խուսափել, այլ պետք է կանխատեսել, կանխարգելել, հատկապես, երբ, ըստ նրա, այսօր «սպառնալիքների բնույթն է փոխվում, օրինակ, ինտերնետում այնպիսի սպառնալիքներ են ստեղծվում, որոնք դժվար հաղթահարելի անվտանգային խնդիրներ են առաջ բերում», ակտուալ է նաև հիբրիդային պատերազմի թեման:
Ավելին, Փաշինյանի խոսքով, շեշտը պետք է դրվի սահմանադրական կարգի ապահովման, ահաբեկչությունների կանխարգելման վրա, որպեսզի չլինի անկառավարելի վիճակ: Ըստ Փաշինյանի՝ մինչև այս պահն այս հարցում ԱԱԾ-ն հաջողել է:
Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ է ասվում՝ ԱԱԾ գործունեությունը պետք է համապատասխանի այսօրվա անվտանգային մարտահրավերներին, և չպետք է լինեն շատ հանրայնացված, և որ ուժի պետք է դիմել, երբ այլ տարբերակ չկա: Սակայն խնդիրն այն է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո ԱԱԾ-ն փակ կառույցից վերածվել է չարդարացված բաց կառույցի, որին տրվել են նրա լիազորություններից դուրս հանձնարարականներ:
Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը որոշել է Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացնել արտաքին հետախուզական ծառայությունը, փոխարենը՝ ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Երրորդ, ԱԱԾ-ի ենթակայությամբ գործում է սահմանապահ զորքեր, որը սահմանազատման գործընթացի արդյունքում կանգնել է բանակի պաշտպանության տակ եղած սահմանային հատվածներում, իսկ գործընթացը դեռ առջևում է: Հիմա կարո՞ղ ենք Փաշինյանի վերը նշված ձևակերպումները համարել չկրակելու հրաման սահմանապահ զորքերին, կամ՝ հրամանի թարմացում:
Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Կիրանցում նա հայտարարել էր.
«Այս հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը սկսել են ծառայությունը, բայց նախ սահմանազատումից հետո դուրս են եկել խրամատներից, այսինքն, իրար համար տեսանելի են: Հետո մի իքս պահից եղել է պայմանավորվածություն, և հանել են զրահաբաճկոններն ու սաղավարտները: Երրորդ փուլով պայմանավորվել են, որ ավտոմատները պետք է լինեն առանց պահունակի»:
Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվածության մակարդակը տարբերվում է ՀՀ սահմանապահ զորքերի զինվածության մակարդակից:
Միաժամանակ, ԱԱԾ-ն առավել ինտելեկտուալ-վերլուծական մարմին դարձնելու Փաշինյանի տեսլականը հիշեցնում է ՀՀ զինված ուժերի հետ կապված մի հայտարարություն:
2019 թվականին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը Փաշինյանը նմանատիպ ձևակերպում էր թույլ տվել՝ նշելով.
«Ես կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ Զինված Ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Երբ ասում ենք, որ ՀՀ Զինված Ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով, նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալներից մեկը: Եվ սա է խնդիրը, որ մենք այսօր առաջադրում ենք և իրար հետ պետք է լուծենք»:
Իրականում այստեղ էլ առաջին հայացքից վատ բան չկա, բայց երբ հիշում ենք 44-օրյա պատերազմը, հետպատերազմյան շրջանը, ՀՀ զինված ուժերի դեմ փաշինյանական էքսպերիմենտները, սկսում ենք դեժավյու ապրել, թեպետ ԱԱԾ-ն իր հեղինակությունը՝ որպես պետական ինստիտուտ, վաղուց է կորցրել: Այսինքն, շատ կարևոր է՝ ով է խոսում ԱԱԾ-ի և ՀՀ զինված ուժերի ինտելեկտուալ բաղադրիչի և դրա զարգացման մասին:
Ի դեպ, ԱԱԾ-ի հետ կապված ևս մեկ լրացում: Մասնավորապես, 44-օրյա պատերազմից առաջ Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվել էր ՀՀ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը՝ ճանապարհային քարտեզը, որտեղ խոսվում էր ԱԱԾ-ի ապառազմականացման մասին:
«Սահմանել՝ ԱԱԾ ո՞ր մարմինը և ո՞ր ստորաբաժանումն է պատասխանատու իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ապառազմականացնել ԱԱԾ-ն՝ այստեղ զինվորական ծառայությունը փոխարինելով հատուկ քաղաքացիական ծառայությամբ: Օրենսդրության մեջ հստակ սահմանել տեղեկատվության, այդ թվում՝ անձնական տվյալների, պետական և ծառայողական գաղտնիքի, անվտանգությանը վերաբերող տեղեկատվության պահպանման, հասանելիության, և դրա սահմանափակման չափանիշները, հիմքերը և ընթացակարգերը՝ Ցվանե սկզբունքների (Tshwane Principles, 2013) և միջազգային լավագույն պրակտիկայի հիման վրա»,- նշված էր Սորոսի հիմնադրամի մշակած ճանապարհային քարտեզում:
Իսկ հունվարի 8-ին Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայություն այցի ժամանակ չի անտեսել նաև բանակին իջեցված հրամանները:
«Տարբեր խմբերի ուղեկցում ենք և ցույց ենք տալիս մեր ձեռք բերած սպառազինությունը, ռազմական տեխնիկան։ Եվ այնտեղ մենք ասում ենք` այս ամբողջ սպառազինությունը և տեխնիկան ձեռք ենք բերում դա չկիրառելու հույսով և նպատակով»,- հայտարարել է նա:
Այստեղ էլ հիշում ենք 2019 թվականի դեկտեմբերի 31-ի Փաշինյանի պնդումը՝ «գերժամանակակից այս զենքերը մեզ անհրաժեշտ են խաղաղության և ոչ պատերազմի համար»:
Հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, թե ինչով ավարտվեց՝ հայտնի է բոլորին: Իսկ Ադրբեջանը ոչնչացրեց և որպես ավար վերցրեց 5 միլիարդ դոլարի հայկական զենք-զինամթերք: Այսինքն, պատերազմում հաղթելու համար միայն սպառազինությունը քիչ է, այլ գործոններ են պետք: Իսկ պատերազմ ոչ ոք չի ուզում, այն էլ՝ գործող իշխանության օրոք, դա իսկական մահապարտություն կլինի:
