Ընդդիմությունը պետք է ունակ լինի համագործակցել և պատրաստ լինի հետընտրական զարգացումներին․ Հրանտ Միքայելյան
2026 թվականին, արտաքին քաղաքական լրջագույն տեղաշարժերից զատ, ներքաղաքական կյանքում էլ է դինամիկա լինելու, քանի որ քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական պատրաստության մեջ են։
Տարեսկզբին ուժի ցուցադրության առաջին փորձն արդեն իսկ արվեց․ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու բարենորոգչական ծրագրի անվան տակ փորձեց շոշափել տրամադրությունները, սակայն անգամ վարչական ռեսուրսի ներկայությամբ՝ այն չանցավ անշլագով։
Ի՞նչ է անում ընդդիմությունը և ի՞նչ պետք է անի՝ ընտրական պրոցեսում չձախողելու, ապա նաև՝ հաջողելու համար․ 168․am-ը հետաքրքրվեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանից։
«Հաշվի առնելով 2021 թվականի ու դրան հաջորդած տարիների փորձը, պետք է նկատի ունենալ մի քանի հիմնական բաղադրիչներ, որոնք պայմանավորելու են հաջողությունը,- ի պատասխան՝ նշեց Հրանտ Միքայելյանը և թվարկեց,- Առաջինը՝ շատ կարևոր է առաջնորդությունը, առաջնորդի անձը և մարդկանց առաջնորդելու կարողությունը, երկրորդը՝ համագործակցությունը․ ընդդիմությունը պետք է ունակ լինի համագործակցել։ Մենք հիմա լսում ենք, որ հիմնականում ընդդիմությունն իրար թերագնահատելով է զբաղվում, իսկ այդպես ոչ միայն իրար են խանգարում, այլև ընդհանուր գործին։
Երրորդ հանգամանքը՝ պետք է քաղաքական, ռազմավարական, արտաքին քաղաքական, պատերազմի ու խաղաղության մասին հարցերին պատշաճ պատասխան տրվի և իշխանության թեզերին ու առաջարկներին այլընտրանք առաջարկվի՝ ծրագրային առումով։
Չորրորդը՝ պետք է շատ ակտիվ և նախաձեռնողական լինել նաև ընտրարշավի ժամանակ, պետք է գիտակցել, որ ընտրարշավն ուղղակի թղթով գրված ինչ-որ միջոցառումը չէ, այլ կանոնակարգված պատերազմ, և եթե պայքարի տրամաբանություն չլինի, այլ ուղղակի լինի ընտրողներից մի քանի ձայն ստանալու պրոցես, հաղթել չի ստացվի։
Եվ վերջում, պետք է պատրաստ լինել հետընտրական զարգացումներին»։
Վերջին դիտարկման համատեքստում քաղաքագետը երկու ենթադրելի սցենարով օրինակ բերեց՝ նախ նկատելով, որ իշխանությունը չի հաշտվելու իր պարտության հետ, իսկ ապա՝ եթե իշխանությանը հաջողվի այս անգամ էլ հաղթել տարբեր մեթոդներով, ապա ընդդիմությունը պետք է ունակ լինի պաշտպանել իր ձայները։
«Բայց եթե ընդդիմությունը, օրինակ, հայտարարելու է մի բան և անելու է այլ բան՝ հակառակ իր սկզբունքներին, ապա դա իր համար շատ վատ է անդրադառնալու։ Հիշենք «Հայաստան» դաշինքի օրինակը, որը 2021 թվականին հայտարարել էր՝ անպայման «կրելու է» ընտրություններին, բայց հետո դարձավ սովորական խորհրդարանական ընդդիմություն։
Իհարկե, դա հիասթափեցրեց այդ ուժի ընտրողներին, և նրանց վարկանիշն այդ ընտրություններից հետո իջել է և չի վերադարձել նախկին ցուցանիշին։
Այս օրինակը վերաբերելի է ցանկացած ընդդիմադիր ուժի, ու հենց այս պատճառով էլ, կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի տարբեր զարգացումների և պատրաստ լինի նաև ներընդդիմադիր համագործակցության»,- հավելեց նա։
Այս համատեքստում անդրադառնալով իշխանությունների՝ եկեղեցու դեմ արշավին, Հրանտ Միքայելյանը նկատեց, որ Փաշինյանն այդ հարցում դեռևս զգուշավոր է գործում և զգուշավոր է կիրառում իր վարչական ռեսուրսը ու դեռևս անարդյունավետ։
Զգուշավորության պատճառների մասին քաղաքագետը մանրամասնեց․ «Փաշինյանն ուզում է եկեղեցին քանդել ու տեղում իբրև ստորադաս եկեղեցի սարքել, և եթե ինքն ուղղակի քանդեր՝ ինչպես Սովետն էր անում, ապա այդ դեպքում միայն բռնի մեթոդները կաշխատեին, բայց քանի որ նա նաև ուզում է նոր եկեղեցի սարքել, ապա ինչ-ինչ աջակցություններ պետք է լինեն, մարդիկ պետք է վերջիվերջո այդ եկեղեցի գնան, և դրա համար նա ամեն ձևով ուզում է քարոզչությամբ հարցը լուծել։
Սակայն այս դեպքում էլ մենք տեսնում ենք, որ դա չի աշխատում․ ինչքան հետապնդումներն ուժեղանում են եկեղեցու նկատմամբ, եկեղեցին դրանով ուժեղանում է բարոյապես։ Ու այս պատճառով Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրսի աստիճանը մեծացնում է՝ փորձելով տեսնել, թե ի՞նչ հարաբերակցությամբ կկարողանա իրավիճակ փոխել»։
