Ալիևը «վերադարձել» է հանցանքի վայր և ենթակայան է բացել. Ի՞նչ ունեինք 44-օրյայից առաջ և ի՞նչ ունեցանք դրա արդյունքում

Դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահն օկուպացված Ստեփանակերտում 110/35/10կՎ ենթակայան է բացել։

Եվ քանի որ Արցախն ամբողջությամբ օկուպացնելուց հետո տարբեր առիթներով Ալիևը փորձում է ապացուցել, թե հայկական կողմն ինչ «նյութական վնասներ է հասցրել իրենց», հարկ ենք համարում վերը նշված առիթի համատեքստում մի քանի հիշեցում անել:

2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանը հրթիռային հարվածներ էր հասցրել Ստեփանակերտին, ինչի հետևանքով թիրախի տակ էր ոչ միայն բնակելի շենք, այլև՝ «Արցախէներգո»-ի մասնաշենքը, որտեղ նաև Ստեփանակերտը սնուցող ենթակայանն էր:

Կարդացեք նաև

Ի դեպ, Human Rights Watch-ն այս ամենը մանրամասն արձանագրել էր:

Հավելենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտը հրթիռային հարձակման է ենթարկել ռուսական «Սմերչ», բելառուսական «Պոլոնեզ», թուրքական «Քասիրգա» և նմանատիպ այլ հեռահար միջոցների կիրառմամբ:

168.am-ը նաև «Գյանջայի դեպքերին» առնչվող Հայաստանի դեմ Բաքվի իրավաքաղաքական արշավի համատեքստում անդրադարձել է հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում կատարված իրադարձություններին: Մենք հայտնել ենք, որ նշված օրերին Ստեփանակերտում են եղել Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, հոկտեմբերի 2-ին «Հայկական ժամանակը» տեղեկացրել էր, որ Հակոբյանն այցելել է Շուշիի ապաստարաններ և զրուցել բնակիչների հետ, իսկ հոկտեմբերի 3-ին նա արդեն Ստեփանակերտում էր:

Նույն ժամանակահատվածում լուրեր շրջանառվեցին, որ Ստեփանակերտ քաղաքը տարհանվում է: 2020 թվականի հոկտեմբերի 2-ին այդ ժամանակ ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը պաշտոնապես հերքել էր այդ լուրերը, հոկտեմբերի 3-ին նույնը ստիպված էր անել նաև Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

Հոկտեմբերի 4-ին Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Գյանջա քաղաքում տեղակայված ադրբեջանական ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հարվածների մասին էր խոսել, քանի որ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Արցախ էր այցելել նաև Նիկոլ Փաշինյանը: 

Վերադառնանք «Արցախէներգոյին» և հավելենք, որ 44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թվականի հուլիսին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Ընկերության պատասխանատուներն այդ ժամանակ նշել էին, որ ենթակայանը շահագործման է հանձնվելու հաջորդ տարվա՝ 2021 թվականի երկրորդ կեսին, որը հնարավորություն կտա 110 կՎ և 35 կՎ օդային գծերն ամբողջությամբ դուրս բերել մայրաքաղաքի բնակելի տարածքներից:

«Արցախէներգո» ՓԲԸ-ն նախատեսում էր 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ, որից ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամը ծախսվելու էր Ստեփանակերտի նոր ենթակայանի կառուցման և վերազինման համար:

Բայց 2022-2023 թվականներին ընկերությանը դժվար օրեր էին սպասվում, իսկ հետո տեղի ունեցավ Արցախի հայաթափումը:

Նշենք, որ նաև Արցախից էր Հայաստան էլեկտրաէներգիա հասնում: Ըստ տարբեր տեղեկությունների, 2016-2020 թվականներին Արցախից Հայաստան առաքված էլեկտրաէներգիայի ծավալն աճել էր ավելի քան 4․5 անգամ՝ 48․1 մլն Կվտ/ժամից դառնալով 223 մլն կՎտ/ժամ։ Բայց 44-օրյա պատերազմի ելքը, բնականաբար, իր բացասական հետևանքն ունեցավ նաև Հայաստանի էներգետիկ համակարգի վրա:

Միայն 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի 36 հէկ-երից 30-ն անցել էր Ադրբեջանին: Հիմա այլևս չկա Արցախ, իսկ Ադրբեջանի նախագահը, ըստ էության, դեկտեմբերի 23-ին գնացել է հանցանքի վայր, որը 44-օրյա պատերազմի օրերին հրթիռային հարձակման է ենթարկել: Եվ ոչինչ, որ Բաքուն Հայաստանին մեղադրում էր էներգետիկ ռեսուրսների «անօրինական» օգտագործման համար և անգամ Հայաստանի դեմ հայց էր ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան՝ մեղադրելով «էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները խախտելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս