ՔԱՆԻ՞ ՏԱՐԻ Է ՁԵԶ ՄՆԱՑԵԼ ԱՊՐԵԼՈՒ, ՁԵՐ ԿՌԻՎԸ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ 2×3-Ի ՎՐԱ ՓՈՍԻ ՀԱՄԱ՞Ր Է. ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր կգնեն Ադրբեջանից ներկրված բենզինը, պետք է հիշեն, որ դրանով ֆինանսավորելու են ՀՀ տարածքն օկուպացնող ադրբեջանական բանակը, այսինքն՝ հանգանակելու են հօգուտ Ադրբեջանի հաջորդ տարվա 5 մլրդ 120 մլն ԱՄՆ դոլար ռազմական բյուջեի։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Ադրբեջանից 22 վագոն նավթամթերքի ներկրման մասին։

«Խաղաղության գնացող երկիրը, եթե իսկապես Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության, ինչո՞ւ է իր պաշտպանական բյուջեն ավելացնում և խոսում նոր տիպի ժամանակակից, հարձակողական զենքերի ձեռքբերման մասին»,- նկատում է Նաիրա Զոհրաբյանը։

Խստորեն դատապարտելով դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած խայտառակ դեպքերը՝ տիրադավ 10 եպիսկոպոսների կազմակերպությամբ խառնամբոխի՝ Մայր Տաճարը երեկոյան ժամերգության ժամանակ գրոհելու ձախողված փորձը, հանրային գործիչը լուրջ մտավախություններ ունի, որ Մայր Աթոռում լարված իրավիճակ կարող է ստեղծվել նաև դեկտեմբերի 28-ին՝ Մայր Տաճարում մատուցվող կիրակնօրյա պատարագի ժամանակ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի մասնակցել այդ պատարագին. «Սա շատ վատ կանխատեսումների հիմք է տալիս, որ դեկտեմբերի 28-ին այս ռեժիմը Մայր Աթոռում պատրաստվում է խայտառակ սադրանքների։

Կարդացեք նաև

Հիմա մենք պիտի հասկանանք՝ ի՞նչ պիտի անենք, ինչպե՞ս պիտի թույլ չտանք, որ դեկտեմբերի 28-ին, ինչպես եղավ 18-ին, ոստիկանների այս և այն կողմերում չկանգնի հայի երկու տեսակ, մի կողմում՝ քաղաքացուն միջնամատ ցույց տվող և տարեց կնոջը սեփական տաբատն իջեցնելով սպառնացող մի առանձնյակ և մի օրանգուտանային պերսոնաժ, որը թառել էր Մայր Աթոռի պատերին, իսկ մյուս կողմում կլինեն քաղաքացիներ, որոնք եկել են Մայր Աթոռին իրենց աջակցությունը հայտնելու։ Այս սևուսպիտակը սրանք բերեցին նաև Եկեղեցի»։

«Ես ոչ թե կարծում եմ, այլ ես վստահ եմ, որ նոր գրոհ է լինելու։ Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ նույնիսկ ամենավտանգավոր, նույնիսկ ամենահիվանդագին «իդեա ֆիքսը», որը նա մտցնում է իր գլուխը, համոզված եմ, որ նա գնալու է մինչև վերջ»,-  հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Ազգային ժողովի նախկին պատգամավորն այս բոլոր խնդիրների առնչությամբ ընդգծում է՝ հականիկոլական ճամբարը պետք է ձևավորի սեփական օրակարգը, որ ընդդիմադիրները չդառնան Նիկոլ Փաշինյանի՝ քացիներով բացած օվերտոնի պատուհաններին հետահայաց արձագանքողներ։

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ՝ քաղաքական ընդդիմությանը պակասում է մահապարտը, պակասում են վճռականությունը, խարիզմատիկ դեմքերը և սեփական օրակարգը։

«Եկեք չմեղադրենք ժողովրդին։ Ինչպես ասում են՝ ժողովուրդը ողնուղեղով զգում է՝ ով է իր հետ անկեղծ, ով է ազնիվ, իսկ ով է ընդամենը պատրաստվում 2026 թվականին մի քանի մանդատ ունենալ խորհրդարանում։ Իմ ասածն այն է, որ մեր հականիկոլական ճամբարն այդ պորտալարը ժողովրդի հետ կտրել է, ժողովուրդը չի զգում իրենց ազնվությունը, չի զգում շատերի վճռականությունը։ Հիմա տեսնում ենք՝ նորաստեղծ ուժեր կան, որ մտածում են՝ ժողովրդի 70 տոկոսն, ըստ հարցումների, որ ասում է՝ ո՛չ Նիկոլ, ո՛չ նախկին նախագահներ, եկեք ինչքան աղբ կա՝ թափենք նախկինների վրա, հնարք է, էլի։ Իրենք, լինելով ամենաթոթոլ, ամենաջերմոցային նախկինը, ամբողջ օրը դրանից են խոսում՝ մտածելով, որ սա լավ «կուտ» է՝ ապատիկ վիճակում գտնվող սեգմենտին իրենց կողմը քաշելու համար»,– կարծում է գործիչը։

Ինչ վերաբերում է արտաքին գործոններին և Փաշինյանի օրոք հայ-ռուսական հարաբերությունների հակասականությանը, երբ մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչները բացահայտորեն հայտարարում են, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, Եվրամիությունն էլ խոստանում է աջակցել ընտրություններում Ռուսաստանի «արտաքին միջամտության» դեմ պայքարում, բայց մյուս կողմից՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը փոխհարաբերությունների այլ պատկեր ենք տեսնում, Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրեն ամենևին չի զարմացնում այն, որ «ԿԳԲ-ի գործակալների» դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ չի հարցնում՝ ինչո՞ւ եք հիբրիդային պատերազմ վարում մեր դեմ, իրեն զարմացնում է Ռուսաստանի՝ իրեն հայտնի կենդանու տեղ դնելը։

«Եկեք չչափազանցնենք Ռուաստանի դերակատարությունը, թե Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանում իշխանությունը փոխվի։ Այո, ապրիորի կարող է՝ Կիրիենկոն, իր գրասենյակում նստած, ուզում է դա։ Բայց ես վստահեցնում եմ ձեզ՝ որևէ առարկայական քայլ Ռուսաստանը չի անելու այս իշխանության դեմ։ Սանկտ Պետերբուրգում ես չտեսա Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ, որ Նիկոլ Փաշինյանն ասեր.

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, էս ինչ վատ բան ես անում՝ իմ դեմ հիբրիդային պատերազմ ես վարում»։ Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչի սիրալիր, Նիկոլից հալվող հայացքի մեջ չտեսա հարց. «Նիկո՛լ Վովաևիչ, էս ի՞նչ եք ասում, արդյոք Ռուսաստանը՝ Ձեր ռազմավարական գործընկերը, Ձեր դեմ հիբրիդային պատերազմ է վարում»։ Ինչ վերաբերում է ԵՄ 15 միլիոնին՝ պարզ է, որ կրկնվելու է Մոլդովայի և Վրաստանի սցենարը։ Հիշենք, որ վրացական ընդդիմությանը 43 մլն դոլար էր հատկացվել, բայց ես պնդում եմ, որ Նիկոլին տրվելու է շատ ավելին, քան տրվել է Մոլդովային, որովհետև ԵՄ-ի և Արևմուտքի համար Նիկոլին իշխանության պահելն ուղղակի գերխնդիր է։ Հավատացնում եմ ձեզ՝ այն, ինչ տեղի ունեցավ Մոլդովայում, նույնն արվելու է նաև Հայաստանում»։

Ըստ նրա՝ ցավոք, այսօր ունենք ոչ թե էլիտա, այլ անտի-էլիտա, մինչդեռ ժողովրդին առաջնորդող ուժեր են պետք.

«Ժողովուրդն ինքն իրեն չի կազմակերպվելու, ինքն իրեն փողոց դուրս չի գալու։ 2018-ին էլ ոչ մի դագաղ ինքն իրեն փողոցում չէր հայտնվել։ Այսօր մենք պետք է ընդունենք, որ հականիկոլական ճամբարը չունի աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի աջակցություն, և մենք մեր հույսը մե՛ր վրա պիտի դնենք։ Երբ հույսը մեր վրա դնենք, հավատացնում եմ ձեզ՝ այդ ժամանակ բոլոր կենտրոնները, իրար հերթ չտալով, գալու են և իրենց սատարումը հայտնեն»։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն առ այս պահը կարողացել է իր «հետույքը» հավասարապես տեղավորել աշխարհաքաղաքական երկու աթոռներին, և եթե աշխարհաքաղաքական այդ կենտրոնների համար «օքեյ» է, իր հետույքի համար «օքեյ» է ու «օքեյ» է.

«Ես ձեզ հավատացնում եմ՝ ընտրական փուլում մենք այնպիսի փշրվող օվերտոնի պատուհաններ ենք տեսնելու, որ խորհուրդ եմ տալիս ձեր նյարդային համակարգը կոփել։ Իմը կոփված է, ես իրենից ամեն ինչ սպասում եմ, բայց հանրության մի մեծ հատվածի համար դա լինելու է տիեզերական շոկ»։

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակին արված լուսանկարի մասին.

«Ես այնքան վատ եմ զգում։ 97-ամյա, վաստակ ունեցող մարդ՝ Հովհաննես Չեքիջյանը, պառկել էր Ժաննա Անդրեասյանի ձեռքի վրա և լմլմացնելով համբուրում էր այդ ձեռքը։ Աստված Ձեզ երկար տարիների կյանք տա, բայց քանի՞ տարի է Ձեզ մնացել ապրելու, որ Ձեր ամբողջ վաստակը հավասարեցնում եք զրոյի։ Ես չեմ ուզում հավատալ, որ էս մարդկանց կռիվը պանթեոնում 2×3-ի վրա փոսի համար է։ Եթե դրա համար է Ձեր կռիվը, ապա ես կարող էի խոստանալ Ձեզ, Արտավազդ Փելեշյանին, Տիգրան Մանսուրյանին և մյուսներին, որ ամեն ինչ կանեի այդ փոսն ապահովելու համար։ Գոնե Ձեզ պահեք արժանապատիվ։ Շնորհավոր Ձեր ծնունդը»։

Նաիրա Զոհրաբյանի կանխատեսմամբ՝ 2026 թվականը վճռորոշ տարի է լինելու։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարությունից հայտնեցին, որ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը: Նշվում էր, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ Հայաստանին է մատակարարվում 22 վագոն բենզին։

Ինչպես հայտնի է դարձել՝ ադրբեջանական բենզինը վաճառվելու է Խաչատուր Սուքիասյանի «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ran Oil» բենզալցակայաններում։ Ադրբեջանական բենզինը ներկրող մյուս մասնավոր ընկերությունը ոմն Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա Ուորլդ» ՍՊԸ-ն է։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս