Ալիևի և Փաշինյանի՝ հասարակությունը տոտալ վերահսկողության տակ պահելու քաղաքականությունը. օրենսդրական փաստերի հետքերով

Մոտ տասն օր առաջ գրել ենք, որ «Սահմանադրության և ինքնիշխանության» տարվա համատեքստում Ադրբեջանի նախագահը մտադիր է լայնամասշտաբ համաներման որոշում կայացնել, և, որ համապատասխան նախագիծը ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը: Արդեն մի քանի օր է, ինչ Բաքվի օրենսդիր մարմնի կողմից ընդունված  նախագիծը գործնականում կիրառվում է:

Նշենք, որ համաներումը հատկապես տարածվում  է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակից, տարբեր քրեական գործերով անցնող և պատիժ կրող անձանց վրա:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախում իրականացված «հակաահաբեկչական» օպերացիայի մասնակիցներին: Բացի այս, համաներումն առնչվելու է պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ զոհված, անհայտ կորած անձանց մոտ հարազատներին և այլոց:

Ընդհանուր առմամբ, համաներման տակ կարող է ընկնել ավելի քան 20.000 քաղաքացի, ինչը ենթադրում է և՛ պատժի մեղմացում, և՛ պատժից լիովին ազատում, ընդ որում, ազատազրկումից կազատվի մոտ 5 000 դատապարտյալ:

Կարդացեք նաև

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի անդրադարձում ադրբեջանցի իրավաբան Էմին Աբբասովը  ենթադրել է, որ Ալիևի որոշումը մարդասիրական հռետորաբանությունից զատ՝ ունի նաև պրակտիկ ֆոն կամ տողատակ:

Եվրոպայի խորհրդի 2024 թվականի վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպայում զբաղեցնում է առաջնային տեղերից մեկը 100.000  բնակչության հաշվով կալանավորների թվի առումով: Սա՝ Առաջին:

Երկրորդ, ազատազրկվածների  48 տոկոսը դատապարտվել են թմրանյութի հետ կապված գործերով:

Երրորդ, ըստ 2024 թվականին առնչվող նշված վիճակագրության,  Ադրբեջանում վերջին տարիներին կրկնակի հանցագործության ցուցանիշն  աճել է 28  տոկոսով: Աբբասովի դիտարկմամբ, այս ամենը հուշում է համակարգային խնդիրների մասին քրեակատարողական ոլորտում և ծանրաբեռնվածության նվազման անհրաժեշտության մասին:

Այս համատեքստում, սակայն,  ընդդիմադիր լրատվամիջոցի հետ զրույցում իրավաբան Էմին Աբբասովը և փաստաբան Ֆարիզ Նամազլըն նշել են, որ ցածր է հավանականությունը, որ հայտարարված լայնամասշտաբ համաներումը տարածվի ադրբեջանական քաղբանտարկյալների վրա, ինչպես նաև՝ հայ դատապարտյալների, հատկապես, երբ վերջինների դեպքում առաջադրված մեղադրանքները  թեթև չեն:

Ի դեպ, ըստ էության, առանձին ուսումնասիրության թեմա են 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախում իրականացված «հակաահաբեկչական» օպերացիայի մասնակիցների՝ քրեական գործերով անցնելու և դատապարտվելու հանգամանքները՝ արդյո՞ք բոլորը հիմնավոր են, կամ՝ ի՞նչ մեղադրանքների մասին է խոսքը:

Իսկ մինչ այդ անդրադառնանք մի քանի կարևոր այլ  դրվագի:

Վերջերս Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է երկրի Ներքին զորքերի մասին նոր օրենք, որի համաձայն, օրինակ, Ներքին զորքերի  հրամանատարն այլևս Ներքին գործերի նախարարի տեղակալ չի համարվում:

Ավելին, նոր օրենքով Ադրբեջանի Ներքին զորքերի ընդհանուր գործունեության վերահսկողությունը վերապահվել  է երկրի նախագահին, այսինքն, այն ուղիղ ենթարկվելու է Ալիևին:

Սա, իհարկե,  նախ բացատրվում է նրանով, որ երկրի ղեկավարը հանդիսանում է Զինված ուժերի գերագույն  հրամանատարը, բացի այդ, ռազմական դրության ժամանակ միասնական կառավարման խնդիր կար նախքան այս:

Ադրբեջանցի պատգամավոր Էլման Մամեդովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ իրենց ներքին զորքերն այլ ղեկավարության են ենթարկվել, պաշտպանության  նախարարությունը՝ այլ, ինչը ևս, իր հերթին՝ խնդիրներ է ստեղծել:

«Թշնամին օգտվել է կոորդինացիայի բացակայությունից և կարողացել «գրավել մեր տարածքները» (չակերտները.- Մ.Պ.): Իսկ հիմա արդեն ուժային բոլոր կառույցների ուղիղ ենթարկումը նախագահին միասնական կառավարման հնարավորություն է ստեղծում, ինչը կանխելու է  նման անկարգ իրավիճակը»,- շեշտել է պատգամավորը:

Այսինքն, ըստ այս տրամաբանության, Բաքվի իշխանությունները, վերը նշված փոփոխություններով, փորձում են ուժեղացնել երկրի պաշտպանունակությունը՝ կենտրոնացված կառավարման հաշվին: Հնարավոր է:

Բայց այստեղ չենք կարող չտեսնել նաև քաղաքական նպատակներ և շահեր, հատկապես, երբ վերջերս ընդունված օրենքով  Ադրբեջանի Ներքին զորքերին վերապահվել  է  ոստիկանության լիազորություններ: Պատկերացրեցինք, չէ՞, լրագրողներին և քաղաքական ընդդիմախոսներին հետապնդող և բանտերը լցրած  Ալիևին ուղիղ ենթարկվող Ներքին զորքեր, որն այսուհետ ունենալու է նաև բուն ոստիկանական լիազորություններ, համապատասխան զինվածություն, հարձակման ժամանակ կարող է առանց զգուշացման հրաձգային զենք կիրառել և այլն:

Այս համատեքստում անցնենք մեկ այլ դրվագի: Մոտ մեկ ամիս առաջ Ալիևը հրաման է ստորագրել երկրի Ազգային անվտանգության ծառայությունում կենտրոնացված տեղեկատվական և թվային վերլուծական համակարգ ստեղծելու մասին (MİRAS), ինչը ենթադրում է, օրինակ, երկրի ազգային անվտանգության համար կարևոր տեղեկատվության հավաքագրում, էլեկտրոնային տվյալների փոխանակում և այլն: Ըստ էության, MİRAS համակարգն ադրբեջանական  հասարակությանը թիրախում պահելու, տոտալ վերահսկելու  նպատակ է նաև հետապնդում, քանի որ, ըստ մասնագետների, այն իրենից ներկայացնում է  հետախուզության, հսկողության, վարքագծային  վերլուծության կենտրոնացված մեխանիզմ: Այսինքն, սա կարող է ծառայել և՛ բարի նպատակների, և՛ հասարակության և ընդդիմախոսների տոտալ վերահսկողության:

Սրան գումարում ենք նաև  ASAN (ASAN AI HUB) արհեստական բանականության պլատֆորմի ստեղծումը, որն էլ իր հերթին՝ ենթադրում է պետական կառույցների, մասնավոր սեկտորի և անհատ օգտատերերին մեկ թվային հարթակում միավորելու խնդիր:

Եթե անցնենք հայաստանյան իրականություն, ապա այսօր ունենք Նիկոլ Փաշինյանին ուղիղ ենթարկվող  Ազգային անվտանգության ծառայություն, որից վերջերս որոշվել է առանձնացնել արտաքին հետախուզական ծառայությունը, փոխարենը՝ ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ Ունենք նաև Նիկոլ Փաշինյանի հրամանները կատարող Ոստիկանություն և նորաստեղծ Ազգային գվարդիա, որի թվաքանակը սահմանում է վարչապետը՝ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հիմնավորած առաջարկությամբ:

Գվարդիան, օրինակ, լիազորված  է իրականացնելու «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված ոստիկանության պարտականությունները և այլն: Արդյո՞ք համընկնումները պատահական են, երբ և՛ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանն իշխանություն պահելու խնդիր ունեն և ընդդիմախոսներին լռեցնելու:

Այնպես որ, Ալիևը լայնամասշտաբ համաներմամբ, ըստ էության, նույնպես ներքաղաքական խնդիր է լուծում, քանի որ պատերազմի մասնակիցների շրջանում դժգոհությունները շատ են, մյուս կողմից՝ այն չի տարածվում քաղբանտարկյալների վրա, ինչպես նշում են ադրբեջանական աղբյուրները: Իհարկե, Փաշինյանն իշխանափոխությունից հետո չի գնացել համընդհանուր համաներման, բայց ո՞վ է կասկածում, որ պատկերը, թերևս, նույնն էր լինելու:

Տեսանյութեր

Լրահոս