Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ ԵՍ ՄՈՌԱՆԱԼ ԵՐԵԽԱՅԻ ԱՉՔԵՐԸ, ԵՐԲ ՄԱՅՐԸ ԳԱԼԻՍ Է, ՆՐԱՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՎ ԱՍՈՒՄ՝ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՐԵԽԱՅԻՍ. ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Հայ հասարակությունը վերջին տարիներին կրել է ծանր փորձություններ՝ Covid-19 համավարակը, պատերազմը և երիտասարդների կորուստը հայ հասարակության վրա թողել են խոր ու տեսանելի հետք։ Այդ ցավը, ըստ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի, միայն վիճակագրություն չէ, այլ մարդկանց դեմքերին, հայացքներին ու տրամադրություններին արտացոլված իրականություն։

«Ես նկատում եմ, որ մարդիկ փոխվել են։ Այդ ամենը չէր կարող չթողնել իր դրոշմը։ Դա բնական է։ Մարդը չի կարող նույնը մնալ, երբ նման կորուստներ է տեսնում»,- նշում է նա։

Կարդացեք նաև

Նելլի Դուրյանի խոսքով՝ հասարակության մեջ ավելացել է լարվածությունը, չարությունը, անհանդուրժողականությունը, սակայն միաժամանակ դեռ պահպանվում է այն մարդկային շերտը, որն իր մեջ կրում է ազգային արժեքների հիմքը։

«Ես երազում եմ այն օրվա մասին, երբ նորից մեր մարդկանց դեմքերին կլինեն անկեղծ ժպիտներ, բարի ու բարյացակամ վերաբերմունք մեկը մյուսի նկատմամբ։ Մանավանդ գյուղական համայնքներում այդ մարդիկ դեռ կան։ Երբ տեսնում ես նրանց, հասկանում ես՝ սա է հայ տեսակը, սա է այն, ինչը պետք է պահպանել ու շատացնել»,- ընդգծում է նա։

Հետահայաց գցելով իր ծառայողական ճանապարհին՝ Նելլի Դուրյանը նշում է, որ ոստիկանությունում կանանց ներկայությունն այսօր անհամեմատ մեծ է, քան իր ծառայության սկզբում։

«Երբ ես մտնում էի համակարգ, կանանց մատների վրա կարող էիր հաշվել։ Մենք շատ քիչ էինք»,- հիշում է նա։

1996 թվականին՝ նշանակվելով Կենտրոնական ոստիկանության բաժնում անչափահասների բաժանմունքի պետ, Նելլի Դուրյանը դարձավ առաջին ու միակ կինն այդ ծառայությունում։ Այդ նշանակումը սկզբում դիմադրության է հանդիպել։

«Իմ առաջին ռեակցիան եղել է՝ ես չեմ ուզում։ Բոլորը տղամարդիկ էին, քրեական հետախուզություն էր։ Ասում էին՝ դու կաշխատես անչափահասների հետ, երեխաները քեզ կընդունեն»,- պատմում է Նելլի Դուրյանը։

Բաժանմունքում աշխատող 10 տղամարդկանցից ոմանք նույնիսկ ժամանակավորապես հրաժարվել են աշխատանքի գալ՝ չընդունելով կին ղեկավարի գաղափարը։ Սակայն կարճ ժամանակում իրավիճակը փոխվել է։

«Ես աշխատում էի բոլորի հետ հավասար։ Մնում էի մինչև ուշ գիշեր, մինչև առավոտ։ Չնայած ունեի 1 տարեկան աղջիկ և 9 տարեկան տղա։ Ես կարողացա ապացուցել, որ մեկն եմ իրենցից»,- ասում է Դուրյանը։

Նելլի Դուրյանը խոստովանում է, որ ոստիկանությունն իր համար պարզապես աշխատանք չի եղել։

«Ես շատ եմ սիրել ոստիկանի աշխատանքը։ Ինձ համար ամեն աստղը թանկ է եղել։ Այն ժամանակ կոչում ստանալու համար պետք էր աշխատել, բացահայտումներ անել, դրսևորվել»,- ընդգծում է նա։

Տարիների ընթացքում նա ղեկավարել է մի ամբողջ ստորաբաժանում՝ ավելի քան 300 ծառայողով։ Նրա օրինակը դարձել է ոգեշնչման աղբյուր բազմաթիվ աղջիկների համար, ովքեր ընտրել են ոստիկանության ճանապարհը։

«Մի անգամ ոստիկանության ակադեմիայի պետն ինձ ասաց՝ Նելլի, քո պատճառով հիմա տղաներն ավելի քիչ են, քան կանայք»,- ժպտալով հիշում է նա։

25 տարի քրեական հետախուզությունում աշխատած Դուրյանը հատկապես ծանր է համարում անչափահասների հետ աշխատանքը։

«Ասում էին՝ սառն ես, չէ՞, ընդունում։ Չէ՛, ես չեմ կարող սառը լինել։ Ամեն երեխա առանձին պատմություն է, առանձին ճակատագիր»,- նշում է նա։

Նելլի Դուրյանի խոսքով՝ ոստիկանություն ներկայացվող երեխաների մեծ մասի խնդիրները գալիս են դժվար սոցիալական պայմաններից, ծանր ընտանեկան իրավիճակներից։

«Դու ո՞նց կարող ես մոռանալ երեխայի աչքերը, երբ մայրը գալիս է, երեխային թողնում է աշխատասենյակում ու ասում՝ ես չեմ ուզում երեխայիս։ Դա չի մոռացվում»,- ասում է նա։

Դուրյանի համոզմամբ՝ հատկապես կանայք՝ որպես մայրեր, ավելի խորն են ընկալում երեխաների խնդիրները և պետք է աշխատեն երեխայակենտրոն մոտեցմամբ։

Խոսելով դեռահասների շրջանում թմրամիջոցների շրջանառության մասին՝ Նելլի Դուրյանը կարևորում է ժամանակին և ճիշտ կանխարգելումը։ Նրա կարծիքով՝ հիմնական շեշտադրումը պետք է դրվի դպրոցների վրա։

«Եթե այսօր աշխատեի, կշարունակեի անել այն, ինչ անում էի՝ պարզապես ավելի ժամանակին համընթաց։ Մարտահրավերները փոխվել են, տեխնոլոգիաները շատացել են»,- նշում է նա։

Դպրոցական տեսուչի ինստիտուտը, որը ներդրվել է 2010 թվականին, Դուրյանը համարում է իր աշխատանքի կարևորագույն ձեռքբերումներից մեկը։

«Սկզբում ծնողները դժգոհ էին, հետո սկսեցին շնորհակալություն հայտնել։ Ոստիկանը դպրոցում պետք է լինի խորհրդատու, ոչ թե պատժիչ օղակ»,- ընդգծում է նա։

Նրա խոսքով՝ երեխաների հետ աշխատելիս ամենակարևորը վստահությունն է։ Մասնագետների ներգրավմամբ բաց ու անկեղծ զրույցները երեխաների հետ օգնում են ժամանակին նկատել վտանգները և կանխել ծանր հետևանքները։

Նելլի Դուրյանն իր կյանքի ամենակարևոր հենարանը համարում է ընտանիքը։ 16 տարեկանում սկսված առաջին սերը դարձել է կյանքի ուղեկից։

«Ինքը գիտեր, որ ոստիկանությունն իմն է։ Ինքը միշտ ինձ սատարել է, միշտ կողքիս է եղել»,- պատմում է նա՝ ընդգծելով, որ ընտանիքի աջակցությունը եղել է իր ուժի կարևոր աղբյուրը։

Ամուսնու կյանքից հեռանալու փաստի հետ չի համակերպվում ու հուզվում է․ «Ինքը միշտ ինձ հետ է, մի՛շտ։ Ես ինձ մենակ չեմ զգում։ Ես ապրում եմ մի տան մեջ, որտեղ ինքը կա, որտեղ ամեն անկյունում իր մատը կպել է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս