Հայաստանի Հանրապետությունից՝ Հիբրիդային hանրապետություն

«Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանը մեզանից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»,- Հայաստանում բուռն քննարկման առարկա դարձած ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի այս հայտարարությունն իրականում ոչ միայն ՀՀ ինքնիշխանության ու պետականության, այլ նաև եվրոպական արժեքների ոչնչացման մասին է։

Պետությունների ներքին կյանքին չմիջամտելու սկզբունքն ամրագրված է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար փաստաթղթերում։ ԵՄ-ն Հայաստանին «արտաքին օգտակար աջակցություն» է տրամադրում՝ «արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու» համար։ Կարգախոսը նույնքան ազդեցիկ է հնչում՝ «Ընդդեմ հիբիրդային պատերազմի»։

Իրողությունը, որ հենց այս քայլով ոտնահարվում են միջազգային իրավունքի, եվրոպական քաղաքակրթական ու քաղաքական համակարգի, ժողովրդավարության կենսական սկզբունքները, որևէ մեկին կարծես չի հուզում։ Քանի որ հիմա ոչ թե արժեքների, սկզբունքների ու օրենքների, այլ մեկնաբանության ժամանակներ են։

Միջազգային քաղաքականությունը գործում է սոցիալական ցանցերի հանգույն կարևորը ոչ թե փաստն է, օբյեկտիվ իրականությունը, այլ դրանց մեկնաբանությունը։ Քոմենթային այս աշխարհաքաղաքականության հեղինակներին չի հուզում, որ հանուն կեղտոտ քաղաքական նպատակների զոհաբերվում են հարյուրամյա գաղափարներ ու արժեքներ։ Ճիշտ այնպես, ինչպես ՀՀ իշխանությունը թքած ունի իր իսկ կողմից բռնաբարվող՝ ոչ միայն ժողովրդավարական, այլ նաև ազգային արժեքների, 1700-ամյա մեր հավատքի՝ Հայ Առաքելական եկեղեցու վրա։

Կարդացեք նաև

Ինչպես օգնողների՝ ԵՄ-ի ղեկավարության, այնպես էլ օգնություն ստացողների՝ ՀՀ այս իշխանության համար կարևորը տվյալ պահի կեղտոտ քաղաքական շահն է։

Տարբերությունն այն է, որ ԵՄ ղեկավարությունը հետապնդում է աշխարհաքաղաքական շահեր, իսկ Հայաստանի ՔՊ-ական ղեկավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ՝ ներքաղաքական շահեր։ Ո՛չ օգնողները որևէ աղերս ունեն իրական եվրոպական արժեքների հետ, ո՛չ էլ օգնություն ստացողները։

ԵՄ-ի չինովնիկական դասն աջակցում է ՀՀ իշխանական դասին 2026թ. ընտրություններում վերարտադրվելու գործում՝ նույն չինովնիկական դասի համար աշխարհաքաղաքական ծառայություններ մատուցելու պայմանով։ 

Եվրոչինովնիկներն ազնիվ են այնքան, որ անգամ ԵՄ-ին անդամակցության հույս չեն վաճառում՝ բավարարվելով «ռազմավարական գործընկերության» դատարկ ձևակերպումներով։ Արդյունքում ոչ թե Հայաստանն է ավելի մոտենալու Եվրամիությանը ու առավել ևս՝ մտնելու Եվրամիություն, այլ ճիշտ հակառակը՝ ԵՄ-ն է մտնելու Հայաստան՝ սատրապացված իշխանության միջոցով ազդելով որոշումների կայացման վրա։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանը լեզվաշարժության միջոցով փորձում էր արդարացնել ՀԱՊԿ-ի հետ վարվող քաղաքականությունը՝ ասելով, թե ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից։ Հիմա տեղի է ունենում ճիշտ նույնը՝ հակառակ ուղղությամբ․ ոչ թե Հայաստանն է մտնում ԵՄ, այլ ԵՄ-ն՝ Հայաստան։ Եվ ոչ թե Հայաստան է մտնում, այլ Հայաստանի իշխանական ու պետական կառավարման համակարգ։

«Հիբրիդային  պատերազմի» կեղծ անվան տակ իրականացվող այս ծրագրի հաջողության դեպքում, Հայաստանը վերածվելու է հիբրիդային պետության, որում որոշումները կայացվելու են մի կողմից՝ եվրոչինովնիկության, մյուս կողմից՝ հանուն իշխանության պահպանման բոլոր հնարավոր կենտրոններին, այդ թվում՝ թշնամական, ծառայելու պատրաստ հայկական չինովնիկության հիբրիդի տեսքով։

Բացառված չէ, որ հաջողելու դեպքում, բոլոր հայկական խորհրդանիշները փոխող իշխանությունը, «չորրորդ հանրապետության» հռչակման առթիվ փոխեն նաև պետության անվանումը՝ Հայաստանի Հանրապետության փոխարեն ձևակերպելով Հիբրիդային Հանրապետություն։ Միակ մխիթարանքը կլինի այն, որ այսօրվա Հայաստանից անփոփոխ կմնա գոնե հապավումը՝ ՀՀ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս