Սոթքի հանքավայրը վերահսկելու հնարավորություն են տալու Ադրբեջանին. Արմեն Մանվելյան

Ադրբեջանի նպատակը երկարաժամկետ հեռանկարում Հայաստան պետության ոչնչացումն է, Հայաստանում իշխող քաղաքական ռեժիմն էլ պատրաստակամ է սպասարկելու Ադրբեջանի քաղաքականությունը, հետևաբար՝ Բաքվի այդ օրակարգը կանխելու միայն մեկ ձև կա՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ռեժիմի հեռացումն իշխանությունից։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, Էներգետիկ և միջազգային հարցերի փորձագետ Արմեն Մանվելյանը՝ խոսելով Ադրբեջանի քաղաքականության և Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը թույլ չտալու առաջնահերթ անհրաժեշտության մասին։

Միջազգայնագետի խոսքով՝ Ադրբեջանի հեռահար նպատակը Հայաստանի առնչությամբ շատ պարզ է ու հստակ, և այն թույլ չտալու թիվ 1 նախապայմանը Փաշինյանի իշխանության հեռացումն է, իսկ երկրորդ կարևոր նախապայմանը՝ ներքին համերաշխության ձևավորումը։

«Ադրբեջանի քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում մեկն է՝ Հայաստան պետության ոչնչացումը, և Հայաստան պետության ոչնչացումն իրենց պետք է, որպեսզի այն սպառնալիքները, որոնք, իրենց պատկերացմամբ, գալիս են Հայաստանից, այլևս չլինեն։ Հիշենք ևս մի բան՝ ոմն Փաշազադե Բաքվից հայտարարում էր, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի համար, որից անմիջապես հետո սկսում է հարձակումները Հայաստանի վրա, և այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի գործող իշխանությունները, կարծես, դռանը կապած շներ լինեն, որոնց բաց են թողել՝ հարձակվելու Եկեղեցու վրա»,- մեկնաբանում է Արմեն Մանվելյանը։

Կարդացեք նաև

Փորձագետի բնորոշմամբ՝ սա մի ամոթալի իրավիճակ է, երբ նույնիսկ Հայաստանի ներքին օրակարգն է Բաքվից թելադրվում, և Ադրբեջանը մեկ պահանջում է հարձակում Հայ Առաքելական եկեղեցու վրա, մեկ էլ՝ ուղիների տրամադրում, որը ձևակերպվեց ՀՀ տարածքում «Թրամփի ուղու» (TRIPP) ծրագրի իրականացման մասին Թրամփ-Ալիև-Փաշինյան համաձայնությամբ։

Արմեն Մանվելյանի խոսքով՝ TRIPP-ը՝ որպես «պատերազմի ուղի», սպառնալիք է Հայաստանի համար. «Տեսանելի ապագայում Ադրբեջանի նպատակը հետևյալն է՝ Հայաստանը կտրել արտաքին ուղիներից և վերածել անկլավի, որին իրենք ցանկանում են հասնել հետևյալ կերպ։

Նախ՝ Տավուշում իրենք ցանկանում են, այսպես կոչված՝ «անկլավների» նկատմամբ վերահսկողություն հաստատել, ապա դեպի այդ «անկլավները» գնացող ճանապարհներ կառուցել։ Իսկ եթե «անկլավները» վերահսկեն, մենք զրկվում ենք դեպի Վրաստան գնալու կարճ ուղուց։ Եթե հարավում ադրբեջանցիները Տիգրանաշենն են վերցնում, ապա մենք կտրվում ենք դեպի հարավ գնալու հիմնական ճանապարհից և ավելի երկար ճանապարհով ենք գնում։

Եթե, Աստված մի՛ արասցե, TRIPP-ն էլ է կառուցվում, մենք ընդհանրապես կտրվում ենք Իրանի հետ ցամաքային ճանապարհից, և Հայաստանը վերածվում է ամբողջական մի փոքր անկլավի, որի նկատմամբ իրենք աստիճանաբար, առանց պատերազմի և առանց մեկ կրակոցի՝ գալու են և վերահսկողություն հաստատեն։ Սա է իրենց հստակ ծրագիրը, և այս ծրագիրն է, որ այսօրվա քաղաքական ռեժիմն իրականացնում է»։

Անդրադառնալով այն տեղեկությանը, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից նավթ և նավթամթերք ներկրելու հնարավորությունը, էներգետիկ հարցերի փորձագետն ընդգծեց, որ լայն առումով Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հայաստանն այս երկու թշնամական երկրներից էներգետիկ կախվածության մեջ դնելն է, որը, չգիտես ինչու, Եվրոպան կոչում է «նոր հայկական էներգետիկ անկախության համակարգ» և նույնիսկ պատրաստ է մինչև 500 մլն դոլար ներդնել։

Արմեն Մանվելյանն ուշադրություն հրավիրեց այս հարցի հետ կապված մեկ այլ պայմանավորվածության վրա, ըստ որի՝ հայկական կողմը Սոթքի ոսկու հանքավայրը վերահսկելու հնարավորություն է տալու ադրբեջանական կողմին. «Այնտեղ կա ևս մի կետ, որի մասին քիչ են խոսում, բայց սա այն է, որ հայկական կողմը համաձայնել է Ադրբեջանին հնարավորություն տալ գալու և վերահսկելու Սոթքի հանքավայրը, այսինքն՝ համատեղ հանձնաժողով է ստեղծվում Սոթքի հանքավայրի վերահսկման նպատակով, ինչը նույնպես իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում, քանի որ առանց այդ էլ Սոթքի հանքավայրի մի մասն անցել է ադրբեջանցիներին, Սոթքի վերամշակման գործարանն այլևս չի աշխատում։ Այժմ հայկական կողմը համաձայնել է թույլ տալ Ադրբեջանին գալ և հանձնաժողովի միջոցով, իբր թե հայերի հետ միասին, վերահսկողություն կամ վերստուգում կազմակերպել»։

Արմեն Մանվելյանը համոզված է, որ ընտրություններով հնարավոր է փոխել իշխանությունը։ «ՀայաՔվե»-ի ներկայացուցիչը քիչ հավանական է համարում ընդդիմության միասնության կոնսոլիդացիան, սակայն տեսնում է ընդդիմադիր մի քանի խոշոր կոալիցիաների ձևավորման հնարավորություն։

Հիշեցնենք, որ ինչպես հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 28-ին ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս