Ռազմական շինարարություն Թուրքիայում. ՆԱՏՕ-ի հովանու ներքո գտնվող կորպուսը Բոսֆորում և ավիացիայի հետ կապված խնդիրները
Մարտի վերջին Թուրքիայի ռազմական գերատեսչությունը հայտնել էր Թուրքիայում բազմազգ կորպուս ստեղծելու ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին, ինչը վկայում է Անկարայի ցանկության մասին՝ ամրապնդելու «տարածաշրջանում զսպման» ուժը։ Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ MNC-TUR բազմազգ կորպուսի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են 2023 թվականից՝ ՆԱՏՕ-ի հարավային տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, և, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու Անկարայի որոշման մասին հաղորդվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին 2024 թվականին:
Անկարան հարավային Ադանա նահանգում տեղակայված 6-րդ կորպուսի հրամանատարությանը հանձնարարել է ապահովել նոր շտաբի աշխատանքը: Ակնկալվում է՝ կորպուսը կձևավորվի առաջիկա տարիներին թուրք գեներալի հրամանատարությամբ, իսկ անհրաժեշտ ազգային կադրային կազմն արդեն ձևավորվել է:
«Շտաբ-բնակարանը բազմազգ կառույցի վերափոխելու աշխատանքները շարունակվում են ՆԱՏՕ-ի մարմինների հետ համակարգմամբ, համաձայնեցման գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ ՆԱՏՕ-ի ընթացակարգերը դեռ չեն անցել»,- հայտնել են նախարարությունում: Նման քայլը կապված չէ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետ, քանի որ որոշումն ընդունվել է մինչև իրավիճակի սրումը:
Ալյանսի ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնել է, որ բազմազգ կորպուսի ստեղծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Պաշտպանության նախարարության հայտարարությունից հետո գերատեսչության ներկայացուցիչն ասել է. «կարևոր է նշել, որ հաստատման գործընթացը շարունակվում է, և ՆԱՏՕ-ի ընթացակարգերը դեռ ավարտված չեն»: Բազմազգ կորպուսը, ըստ էության, հրամանատարության և վերահսկողության կառույց է, որը ղեկավարելու է դաշնակից ուժերը հակամարտության դեպքում: ՆԱՏՕ-ի հարավային տարածաշրջանային պաշտպանության ծրագիրն ընդգրկում է այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Միջերկրական ծովը, Հարավային Կովկասը, Սև ծովը և Հյուսիսային Աֆրիկան:
Ադանայում բազմազգ կորպուս ստեղծելու Թուրքիայի որոշումը, որտեղ ամերիկյան և իսպանական զորքեր են տեղակայված Ինջիրլիք ավիաբազայում, տարակուսանք է առաջացրել: Անկարան արդեն իսկ հյուրընկալում է ՆԱՏՕ-ի ցամաքային հրամանատարությունն Իզմիրում և արագ տեղակայման կորպուսը Ստամբուլում, ինչպես նաև Ալյանսի երկրորդ ամենամեծ ռազմական զորակազմը։
Որոշ փորձագետներ զարմանում են, թե արդյո՞ք Անկարային իսկապես անհրաժեշտ է ևս մեկ կորպուս: ՆԱՏՕ-ի կառույցներում տարբեր պաշտոններ զբաղեցրած պաշտոնաթող բրիգադային գեներալ Հուսեյն Ֆազլան կարծում է, որ MNC-TUR-ը, հավանաբար, կլրացնի ՆԱՏՕ-ի տարածաշրջանային պաշտպանական ծրագրերի բացը:
Ֆազլայի խոսքով՝ 2023 թվականի պլանների համաձայն, Լեհաստանի բազմազգ կորպուսին՝ MNC-NE-ին, հանձնարարվել է պաշտպանել Ալյանսի հյուսիսային թևը, մինչդեռ Ռումինիայի մեկ այլ կորպուսին՝ MNC-SE-ին, որը սկսել է գործել 2023 թվականին, հանձնարարվել է ծածկել Ալյանսի արևելյան թևը և Սև ծովը:
«Ադանայում տեղակայված բազմազգ կորպուսի շնորհիվ Ալյանսը կունենա մշտական կորպուս, որը լիազորված կլինի պաշտպանել Թուրքիան Ռուսաստանից, ինչպես նաև Միջերկրական ծովից եկող սպառնալիքներից»,- նշում է Ֆազլան՝ հավելելով, որ թեև Ստամբուլում արագ տեղակայման կորպուսն արժեքավոր ստորաբաժանում է, նրա հիմնական խնդիրն է մի քանի օրվա ընթացքում արագ մարտի մեջ մտնել հակառակորդի հետ, այլ ոչ թե ապահովել Թուրքիայի շրջակա տարածքի մշտական պաշտպանությունը: «MNC-TUR-ի շնորհիվ Թուրքիայի զինված ուժերը կստանան դաշնակիցների աջակցությունը, որոնք կտրամադրեն իրենց զինվորականներին, ինչպես նաև կառանձնացնեն սեփական ստորաբաժանումները հակամարտությանը մասնակցելու համար»,- ասել է նա:
Լեհաստանի OSW վերլուծական կենտրոնի Թուրքիայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի բաժնի ղեկավար Կարոլ Վասիլևսկին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մոդուլային մոտեցում է որդեգրել. «Այս որոշումը կարծես համապատասխանում է ՆԱՏՕ-ի քաղաքականությանը 360 աստիճանով, ինչը հատկապես կարևոր է Թուրքիայի շահերի համար»:
Ըստ Ֆազլիի, MNC-TUR-ի ստեղծումը հստակ ազդանշան կլինի տարածաշրջանի երկրների համար այն մասին, որ ՆԱՏՕ-ն լրջորեն է տրամադրված պաշտպանել Թուրքիային, ինչպես նաև ցույց կտա իր հզորությունը զորավարժությունների և մանրամասն պաշտպանական պլանավորման միջոցով:
Տարածաշրջանի որոշ փորձագետներ կարծում են՝ Անկարան մրցակցելու է Իսրայելի հետ տարածաշրջանում գերիշխանության համար, հատկապես հաշվի առնելով, որ իսրայելցի մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, վերջերս Թուրքիային անվանել են «հաջորդ Իրան» և հաջորդ սպառնալիք, որի դեմ պետք է պայքարել:
«Ընդհանուր առմամբ, այդ կորպուսը կապահովի Ալյանսի պատրաստվածությունը ցանկացած հնարավոր սցենարի համար, իսկ բազմազգ զորավարժություններն այլ երկրներին ցույց կտան՝ ինչպես ընդունող կողմի, այնպես էլ՝ դաշնակից ուժերի հնարավորությունները»,- ասել է Ֆազլան:
Նրա խոսքով՝ 6-րդ կորպուսն արդեն ունի դաշնակից զորքերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իսպանիայի զինված ուժերի հետ փոխգործակցության համապատասխան փորձ: Բացի այդ, նրա խոսքով, արդեն ստեղծվել է ենթակառուցվածք՝ բնակարան, բժշկական և կրթական հաստատություններ զինծառայողների ընտանիքների համար, որը, հավանաբար, կհետաքրքրի ՆԱՏՕ-ի հրամանատարությանը և սպաներին. Եվ դա օգուտ կբերի բոլորին»:
Ընդ որում՝ թուրքական բանակում, հատկապես՝ ավիացիայում, ակնհայտորեն լուրջ կառուցվածքային խնդիրներ են հասունացել։ Վերջին հինգ ամիսների ընթացքում թուրք զինծառայողների մասնակցությամբ մահվան ելքով ավիացիոն պատահարների շարքը հարցեր է առաջացրել թռիչքների անվտանգության վերահսկողության, թափանցիկության և հետաքննության հրապարակված արդյունքների բացակայության վերաբերյալ: Արտակարգ իրավիճակներ են տեղի ունեցել Վրաստանում, Անկարայում, Քաթարից ոչ հեռու գտնվող Պարսից ծոցում և Թուրքիայի արևմուտքում:
Միջադեպերի թվում են ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվել է 20 թուրք զինվոր, Անկարայից ոչ հեռու ինքնաթիռի կործանումը, որում գտնվում էր Լիբիայի զինված ուժերի շտաբի պետը, Բալըքեսիրում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչի կորուստը, Քաթարում ռազմական ուղղաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ զինծառայողներ և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության աշխատակիցներ:
2025 թվականի նոյեմբերի 11-ին Վրաստանում ռազմաօդային ուժերի «Հերկուլես» C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի աղետը վերջին տասնամյակների ընթացքում մեկ ավիավթարի հետևանքով թուրքական ռազմական անձնակազմի ամենամեծ կորուստներից մեկն էր։ Անցել է ավելի քան չորս ամիս, սակայն ողբերգության պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս չկա։ Իսկ արդեն ավելի քան մեկ ամիս անց՝ 2025 թվականի դեկտեմբերի 23-ին, ինքնաթիռը, որում գտնվում էր Լիբիայի ռազմական պատվիրակությունը, կործանվել է թռիչքից անմիջապես հետո՝ Անկարայից ոչ հեռու։ Զոհվել է 8 մարդ, այդ թվում՝ Լիբիայի զինված ուժերի շտաբի պետը։
Չնայած բազմաթիվ գուշակություններին, ոչ մի պաշտոնական հետաքննություն հրապարակայնորեն չի մեկնաբանել այդ պնդումները: Երրորդ վթարը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 25-ին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել Արևմտյան Բալըքեսիր նահանգի մոտակայքում (օդաչուն մահացել է)։ Հետաքննությունը սկսվել է, սակայն վթարի պատճառների պաշտոնական վարկած չկա նաև այստեղ։
Ի վերջո, 2026 թվականի մարտի 21-ին Քաթարի ուղղաթիռն ուսումնական թռիչքի ժամանակ ընկավ Պարսից ծոց։ Ինքնաթիռում գտնվող բոլոր յոթ մարդիկ զոհվել են, այդ թվում՝ Թուրքիայի երեք քաղաքացիներ, այդ թվում՝ մեկ զինծառայող և երկու ինժեներ ASELSAN ընկերությունից ։
Բոլոր միջադեպերը տեղի են ունեցել այն ժամանակահատվածում, երբ Թուրքիայի ռազմական ավիացիայի համակարգը բախվել է կառուցվածքային խնդիրների՝ կապված ավիապարկի ծերացման և անձնակազմի պակասի հետ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների որոշ տեսակներ, որոնք ընդունվել են մի քանի տասնամյակ առաջ, շահագործվում են մի քանի տասնամյակ, պարբերաբար արդիականացվում են:
Բացի այդ, 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի ռազմաօդային ուժերում օդաչուների և տեխնիկների պակաս է առաջացել: Հարյուրավոր օդաչուներ հեռացվել կամ ձերբակալվել են, և, ըստ երևույթին, ոչ միշտ՝ օրինաչափ: Թուրքական իշխանությունները խոստովանել են կադրերի պակասը՝ քայլեր ձեռնարկելով նոր օդաչուներ հավաքագրելու և նախկին զինվորականներին ծառայության վերադարձնելու ուղղությամբ:
Ալեքսանդր Գրիգորև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




