Իր հրեշավոր տգիտությամբ, լկտիությամբ, ստախոսությամբ Նիկոլը ջարդուխուրդ արեց Հայաստանը և Արցախը․ Լևոն Զուրաբյան
Այն, ինչը Նիկոլ Փաշինյանը հրապարակեց հանրային ճնշման ներքո, իրականում ռումբ է։ Իհարկե, մենք ունեինք կասկածներ, կռահումներ այդ փաստաթղթերի մասին, որովհետև, ի վերջո, դիվանագիտության և պատերազմի փորձ ունենք։
Միգուցե Փաշինյանին թվաց, թե դա հեշտ մարսելու մի բան է, հատկապես այն պայմաններում, երբ ինքը բավականին լուրջ ջանքեր է գործադրել՝ ընդդիմախոսներին լռեցնելու, եթերները փակելու և ստեղծելու մի մթնոլորտ, որում միայն ուղեղների լվացում է ընթանում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Երբ դու Մինսկի խմբի համանախագահներին ասում ես՝ թող բացատրեն, թե ինչ են ենթադրում մադրիդյան սկզբունքները, նշանակում է՝ դու չես հասկացել, թե քեզ ինչ դիվանագիտական գործընթաց է առաջարկվել։
Իրենից սպասում էին կոնկրետ պատասխան՝ ինքն ի՞նչ է ընդունել կամ չի ընդունել։ Ասում էր՝ պիտի դիվանագիտական միկրոհեղափոխություններ անենք, Ալիևն էլ ծիծաղում էր՝ հասկանալով, որ մի տգետի հետ գործ ունի, որը փորձում է բոլորին խաբել։ Փաշինյանի իրական դիրքորոշումը եղել է հետևյալը՝ թքած ունեմ ձեր բոլոր բանակցությունների վրա, ես պիտի սկսեմ իմ կետից»,- ասաց քաղաքական գործիչը։
«Իր տհասությունից ելնելով՝ նա որոշել էր, թե քանի որ ինքը մեծ ժողովրդավարական հեղափոխություն է արել Հայաստանում, ուրեմն արդեն մեծ առավելություն է ստացել Ադրբեջանի նկատմամբ, Ալիևը խեղճացած է։ Նա արեց ամենավատ բանը՝ չտվեց պատասխան, այսինքն՝ թքեց բոլորի ճակատին, ասաց՝ գնացեք, Հայաստանից ժողովրդավարություն սովորեք։ Այդ առաջարկից նա պիտի միանգամից կառչեր, եթե ընդունակ լիներ գոնե մի քիչ հասկանալու իրողությունները։ Դա ամենալավ փաստաթղթերից մեկն էր, որը երբևիցե դրվել է բանակցային սեղանին»,- նշեց Զուրաբյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս ռումբը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, պայթեցել է իրենց ստերի շենքը․ «Արցախն Ադրբեջանին «վերադարձնելու» մասին 2019 թվի փաստաթղթում որևէ բան կա՞, չկա՛։ Իմանալով, որ Ադրբեջանը բանակցություններին Արցախի մասնակցությանը համաձայնություն չի տա, նա միջնորդների առաջ այդ հարցը բարձրացրել է և ուղղակի տորպեդահարել գործընթացը։
Նիկոլի հրեշավոր մերժումն է մեզ տարել դեպի կործանարար պատերազմ, որտեղ մենք ոչ մի շանս չունեինք։ Իր բոլոր գործողություններով նա գնում էր սադրանքի։ 2020-ի հունվարին Կապանի ասուլիսում ասում էր՝ թող Արցախի նախագահի թեկնածուները պատասխանեն, թե ինչպես են պատկերացնում Արցախի ապագան։ Իր հրեշավոր տգիտությամբ, լկտիությամբ ջարդուխուրդ արեց Հայաստանը և Արցախը»:

«Մեզ ղեկավարում է ահավոր ստախոս, անբարոյական, ապաշնորհ, տգետ մի անձնավորություն։ Ամեն փուլում նա եղած վիճակն ավելի է վատացրել։ Հիմա՝ ընտրություններից առաջ, մեր ժողովուրդը պիտի հասկանա մի բան՝ այն, որ ինքը միշտ ավելի վատ արդյունքի է տարել ու շարունակում է տանել։
Մենք կարո՞ղ ենք հավատալ նման մարդու քաղաքականությանը կամ հավաստացումներին, թե իբր ինքը խաղաղություն է բերել։ Ոչ մի երաշխիք կամ ապացույց չունենք, որ այս անգամ նույն բանը դարձյալ չի լինելու»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
