ԵՄ անդամակցությունը՝ «անիրական» նպատակ․ ինչո՞ւ է Փաշինյանը փոխել ԵՄ անդամակցության վերաբերյալ իր շեշտադրումները
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ իշխանությունների համար նպատակ չէ, իսկ ԵՄ անդամակցությունը նպատակ է։ Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանը լքելու ԵԱՏՄ-ն և դիմելու ԵՄ անդամակցության համար ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման ֆոնին։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է՝ հասկանում են, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միաժամանակյա անդամակցություն հնարավոր չէ, և հասկանում են, որ կա մի կետ, երբ պետք է որոշում կայացնել։ Սակայն այսօր, նրա որակմամբ, այդ կետը չէ, որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։
«Եթե այսօր չկա այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի՞ համար կայացնենք։ Երբ կգա այն պահը, որ եկել-հասել ենք այդ կետին և պետք է որոշում կայացնենք, այդ ժամանակ կկայացնենք։
Հիմա հարց է առաջանում. Ինչո՞ւ ենք մենք ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու օրենք ընդունել։ Դա առաջին հերթին մեզ համար լրացուցիչ խթան է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները շարունակենք, լրացուցիչ խթան ունենանք բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու։ Ի՞նչ է նշանակում՝ լինել ԵՄ անդամ պետություն։ Դա նշանակում է բոլոր ոլորտներում համապատասխանել ԵՄ չափանիշներին։ Քանի դեռ մենք օբյեկտիվորեն այդ չափանիշներին չնք համապատասխանում, մենք չենք կարող ԵՄ անդամ դառնալ։
Հետևաբար, այդ ճանապարհին առաջին խնդիրը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր ունենալն է։ Երբ կլինենք այդ կետում, մենք կդիմենք ԵՄ-ին անդամագրվելու հարցով»,- ասաց Փաշինյանը։ Նա նաև ասաց, որ այդ ժամանակ երկու տարբերակ կա. կամ կընդունեն, կամ չեն ընդունի ԵՄ։ «Ընդ որում, կարող է լինել այնպես, որ ԵՄ-ն չի ուզում այլևս ընդլայնվել։ Մեր պլանի էությունն այն է, որ երբ այդ կետին հասնենք, անկախ նրանից՝ մեզ կընդունե՞ն ԵՄ, թե՞ չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։
Որովհետև եթե այդ պայմաններում մենք դառնանք ԵՄ անդամ, շատ լավ, եթե չենք դառնա, էլի շահած դուրս կգանք, որովհետև կունենանք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն»,- ասել է Փաշինյանը։
Ի դեպ, Փաշինյանն այս մասին խոսել էր նաև Բեռլինում Գերմանիայի կանցլեր Մերցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում։
Այս թեմայով Փաշինյանի վերջին անդրադարձներում կարծես մեծ լավատեսություն չկա ՀՀ-ի ԵՄ ինտեգրացիայի հեռանկարի հարցում։ Փաշինյանն, ով ամիսներ առաջ եվրոպական հարթակներում հայտարարում էր, թե ԵՄ-ի հետ պատրաստ է այնքան սերտ հարաբերությունների, որքան ԵՄ-ն է պատրաստ, այժմ հայտարարում է, թե գուցե ԵՄ ինտեգրացիան դադարի, և ՀՀ-ն այս քաղաքականության հետևանքով չդառնա ԵՄ անդամ։ Սակայն սա ընդհանուր առմամբ ՀՀ արտաքին քաղաքական որևէ գծի վրա չի անդրադառնում։
Չնայած օրեր առաջ ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրեցին «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, դա որակեցին՝ որպես նշանակալի ու նոր մակարդակ երկկողմ հարաբերություններում, ՀՀ իշխանությունների այս թեմայով ուղերձներում նկատվում է էական տատանում՝ կապված Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների ռազմավարական ուղղության հետ։ Փաշինյանն ավելի ու ավելի հաճախ է սկսում արձանագրել, որ միգուցե Հայաստանը չդառնա ԵՄ անդամ։ Չի բացառվում, որ եվրոպական ղեկավարներն իրենք են ՀՀ իշխանություններին հասկացրել՝ իրականում ինչի կարող է հավակնել պաշտոնական Երևանը։
Միևնույն ժամանակ այս հայտարարություններից նկատելի է, որ Հայաստանի ապագան ԵԱՏՄ-ում կախված է ԵՄ քաղաքական որոշումներից, և եթե նույնիսկ ԵՄ անդամակցության հեռանկարը տապալվի, ԵԱՏՄ-ում Հայաստանի նկատմամբ անվստահությունն ամենայն հավանականությամբ կպահպանվի։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ մեկ բան հաստատ է՝ ԵՄ-ն չի ցանկանում ընդլայնվել նույնիսկ դեպի Ուկրաինա, որտեղ ահռելի գումարներ է ներդնում Ուկրաինայի պարտությունը թույլ չտալու համար։ Այնինչ, նրա որակմամբ, այս ամբողջ իրավիճակն Ուկրաինայում ու դրա շուրջ սկսվել է Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրացիայի թեմայից, սակայն այդ ինտեգրացիան ի վերջո չի կայանում։

«Ուստի պետք է իրական նպատակներ դնել, և ԵՄ անդամակցությունն այդպիսին չէ, հաշվի առնելով թե եվրոպական մայրցամաքում տեղի ունեցող իրադարձությունները, թե Արևելյան գործընկերության երկրներում տեղի ունեցած իրադարձությունները վերջին տասնամյակներին։ Բացի այդ, աշխարհաքաղաքական այս զարգացումների և այդ ֆոնին՝ աշխարհի ֆրագմենտացիայի փուլում միությունները ևս միտված են լինելու փոփոխությունների, հայտնի չէ, թե ինչ ապագա է սպասվում ԵՄ-ին, Ռուսաստանում արդեն հայտարարվել է եվրասիական անվտանգային նոր ճարտարապետության մասին։
Փոփոխություններ լինելու են, սակայն ամեն բան կախված է, բնականաբար, գլխավոր գործարքից Ռուսաստանի ու Արևմուտքի միջև։ Ե՞րբ այն տեղի կունենա՝ շո՞ւտ, թե՞ ուշ, ի՞նչ իրադարձություններ կլինեն այդ ընթացքում, այս հարցերը չափազանց կարևոր են։ Ուստի դեռ հարց է, թե ապագայում ԵՄ- ն ինչպես կշարունակի իր գործունեությունը, նույնը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին։ Ուստի այս իրավիճակում շատ երկրներ, որոնք չեն ցանկանում այս ամենի հետևանքով հայտնվել աշխարհաքաղաքական ավելի թույլ ճամբարում, գոնե պետք է պահպանեն բազմավեկտորություն»,- ասաց Կոնստանտին Սիմոնովը։
Նրա խոսքով, Երևանի դեպքում ավելին է հակվածությունը դեպի Արևմուտք։
«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանը ռազմավարական գործընկերություն է փորձում հաստատել արևմտյան երկրների հետ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, գուցե կան այլ երկրներ ևս, ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրվեց, սակայն միտումը հստակ է, ինչպես նաև հստակ է այն, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ն չի լքում իրական այլընտրանքի բացակայության պատճառով»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Նրա որակմամբ, հայտարարության շեշտերի փոփոխությունը չի ենթադրում ընդհանուր կողմնորոշման փոփոխություն, սակայն այստեղ հարցն այն է, որ այդ քաղաքականությունը չունի վերջնակետ, ԵՄ-ն իրական այլընտրանք չի կարողանում առաջարկել ։ «Սակայն անում է ամեն բան, իհարկե, ՀՀ-ում արևմտյան ազդեցության անշրջելիության համար՝ ԵՄ-ն ծրագրեր է իրականացնում, գումարներ ներդնում, և այլն, և այլն»,- նկատեց Կոնստանտին Սիմոնովը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, նրա խոսքով, Ռուսաստանը բնականոն է վերաբերվում Երևանի այս ընտրությանը և համագործակցում է պրակտիկ մի շարք ոլորտներում։
«Ընկալումն այն է, որ պատերազմից հետո է ՌԴ-ն սկսելու վարել իր նոր արտաքին քաղաքականությունը՝ ելնելով գլոբալ զարգացումների արդյունքներից»,- ասաց նա։
