«Իշխանությունների այս մեկանգամյա «ակցիաները» շատ թանկ են նստելու մեզ վրա. Իր վերարտադրության հարցն է լուծում». Արմեն Մանվելյան
«Սա որոշակի փիառ ակցիա է՝ կազմակերպված Հայաստանի այսօրվա ռեժիմի և Ալիևի միջև»,- Ադրբեջանից Հայաստան հնարավոր վառելիքի արտահանման վերաբերյալ հայտարարությանը 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Էներգետիկ և միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ, կիրականացվի անվճար միանվագ ադրբեջանական վառելիքի փոխադրում Հայաստան։
Նշվում է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին, թե «սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարմանը»:
Նախարարության տվյալներով՝ այս տարվա դեկտեմբերի 5-ին Թբիլիսին գործընկեր երկրներից հարցում է ստացել՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման կազմակերպման վերաբերյալ՝ Վրաստանի տարածքով։
Արմեն Մանվելյանի բնորոշմամբ, այս ամենը նման է ցորենի պատմությանը, երբ մի քանի օր շարունակ Հայաստանի իշխանությունները խոսեցին այն մասին, որ ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան, հետո պարզվեց, որ Հայաստան ներկրված ցորենն իրականում կոմբիկեր է։
«Նման մեկանգամյա ակցիաներ այս իշխանությունների օրոք դեռ շատ ենք տեսնելու։ Հայաստանը նավթամթերք չի կարող ընդունել, որովհետև չունենք նավթամշակման գործարան։
Ավելին՝ Ադրբեջանը չունի համապատասխան քանակի նավթ կամ նավթամթերք՝ դիզվառելիք, որպեսզի արտահանի։ Նավթի արտահանման պաշարներն այդ երկրում տարեցտարի պակասում են, իսկ Ադրբեջանն ունի պարտավորություններ և երկարատև պայմաններ նույն Թուրքիայի, Իտալիայի, Իսրայելի հետ։ Նրանց հիմնական մատակարարն Ադրբեջանն է։
Թեպետ չեմ բացառում, որ մի 2 վագոն դիզվառելիք կբերեն Հայաստան, հետո աղմուկ- աղաղակով կասեն՝ տեսեք, մենք գնում ենք խաղաղության։ Սրանք ակցիաներ են, որի նպատակն է հայ հանրությանը բթացնել, թաքցնելով իրականությունը, որտեղ Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղության, Հայաստանին որևէ բանով օգնելու, հակառակը՝ նպատակ ունի մեր երկրին ավելի խորքային կախվածության մեջ գցելու»,- հավելեց մեր զրուցակիցը։
Փորձագետը շեշտեց՝ հայ ժողովուրդն այս ամենի համար արդեն իսկ թանկ գին է վճարել ու վճարելու իր տարածքներով, իսկ ՀՀ օրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի վերարտադրվի։
Վերարտադրվելու դեպքում էլ ողբերգությունների շարքը շարունակվելու է՝ անցնելու են «անկլավների» հարցին՝ Տիգրանակերտը կհանձնեն, Տավուշից ինչ-որ հատվածներ, «միջանցք» և այլն։
«Խոսվում է նույնիսկ Կարսի պայմանագրի վերանայման մասին ու դրա հիման վրա նոր տարածքների պահանջների առաջքաշումն Ադրբեջանի կողմից։ Այդ թվում՝ կպահանջեն 300 հազար ադրբեջանցու մուտքը և կեցությունը Հայաստանում։ Շատ պահանջներ են դնելու, այդ ամենը շատ թանկ է նստելու մեզ վրա՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել անկլավի՝ փակել հյուսիսից, հարավից»,- նշեց Արմեն Մանվելանը։
Նա հիշեցրեց՝ ԵՄ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստվում են էլեկտրաէներգիայի զարգացման համար գումար տրամադրել, չգիտի, թե այս ամենը որքանով է լուրջ, բայց ակնհայտ է, որ նպատակ ունեն Հայաստանին էներգետիկ առումով կախման մեջ պահել։
«Ուզում են ատոմակայանը փակենք, դրանից հրաժարվենք ու Թուրքիայից էլեկտրաէներգիա ներկրենք։ Սա մի ամբողջ գործընթաց է՝ Հայաստանը մեկուսացնելու, այնուհետև վերջնական խեղդելու համար։
Իհարկե, այս ամենը միայն վատթարացնելու են հայ-թուրքական հարաբերությունները։ Կարող է հանկարծ հացահատիկը ստիպված կլինենք մի քանի անգամ ավելի թանկ գնով գնել, և բերենք Հայաստան արդեն Թուրքիայով կամ Ադրբեջանով։ Սա վատ տնտեսական հետևանքներ է ունենալու մեր երկրի համար։ Մեր իշխանությունն այս քայլին գնում է գիտակցաբար, հասկանում է դրա հետևանքները, ուզում են Հայաստանը պարզապես դարձնել «թուրանական» աշխարհին սպասարկող «միջանցք»։ Իշխանությունն այսպես իր համար միայն վերարտադրվելու հարց է լուծում»,- ընդգծեց Արմեն Մանվելյանը։
