ԱՐԴԵՆ ԳԻՏԵՆՔ՝ ՈՎ Է ԿԳԲ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵԿԵՂԵՑՈՒՄ. ՓՈՂՈՑՈՎ ԵԿԵԼ ԵՆ, ՓՈՂՈՑՈՎ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԶԱՎԹԵԼ ՆԱԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Հայաստանում իշխանական ողջ համակարգը ճորտատիրական վիճակում է. մարդկանց մի խումբ, տիրապետելով գործադիր իշխանության լծակներին, զավթել է նաև դատական ու օրենսդիր իշխանությունը, ինչպես նաև՝ ուժային կառույցները, և այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան (2004-2006), «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ խոսելով Հայաստանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի, այդ թվում՝ քաղբանտարկյալների և հոգևորականների հալածանքների մասին։

«Հայաստանում ամբողջ իշխանությունը հիմա ճորտատիրական վիճակում է։ Համաձա՞յն եք ինձ հետ, որ ճորտատիրությունը պարտավորություններ են, որոնք պարտադրվում են մեկ անձի կողմից։ Այդ անձը թիմ է, դրսից է կառավարվում, թե ինչ է՝ որևէ նշանակություն չունի։ Մենք առերևույթ տեսնում ենք, որ Հայաստանում զավթել են՝ «Քաղաքացիական պայմանագիրը», մեկ անձ կամ նեղ շրջանակ, թե՛ դատական իշխանությունը, և թե՛ օրենսդիր իշխանությունը։ Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում, այս մեկ նկարագրի մեջ են։
Ճորտատիրական համակարգը կատարում է ցանկացած պահանջ, որը հնչում է, տվյալ դեպքում՝ ՔՊ-ի, այսպես կոչված՝ առաջնորդի կողմից, որովհետև այն, ինչ նա անում է, չկա Սահմանադրության մեջ։ Այս իրավիճակում մարդու իրավունքների մասին խոսել հնարավոր չէ։ Մարդու իրավունքները չեն կարող իրացվել ճորտատիրական համակարգում»,– մեկնաբանեց Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանը երբևէ չի տեսել ու չի լսել, որ ներկա խորհրդարանը՝ օրենսդիր մարմինը, հանդես գա նախաձեռնությամբ և իրականացնի գործադիր իշխանությունը վերահսկելու իր լիազորությունները, փոխարենը՝ տեսնում և արձանագրում է այն փաստը, որ գործադիր իշխանությունը, այն է՝ իրեն «քաղաքական ուժ» համարող «Քաղաքացիական պայմանագիրը», որին Լարիսա Ալավերդյանը համարում է հատուկ հավաքագրված թիմ, նպատակ է հետապնդում ամբողջովին քայքայել ՀՀ պետականությունը և անվտանգության համակարգը։

«Պետք է ասեմ, որ Արցախի հանձնումը, բացի հանցագործություն լինելու բուն փաստը և շատ-շատերի համար ողբերգություն լինելը, նաև այնպիսի հարված էր Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգին, որի հավասարը մենք չենք ունեցել։ Հիմա մենք այսօր ունենք ամբողջ իշխանությունը զավթած՝ մեկ անձի կամ խմբի կողմից, տեղի է ունեցել իշխանության զավթում, այնինչ մեր Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ իշխանության ճյուղերը պետք է լինեն տարանջատված, և իշխանության զավթումը կամ յուրացումը քրեորեն հետապնդվող արարք է»,– ընդգծում է Լարիսա Ալավերդյանը։
Հայաստանի առաջին օմբուդսմենն այս պատկերի մեջ է դիտում նաև Փաշինյանի հակաեկեղեցական ու հակասահմանադրական խայտառակ արշավն ու հոգևորականների հետապնդումները՝ ընդգծելով, որ հենց այնպես չէ Փաշինյանին որակում որպես «առաջնորդի», քանի որ նա պահում է ոչ թե որպես վարչակազմի ղեկավար, ինչպես սահմանված է Սահմանադրությամբ, այլ հենց «առաջնորդ, որի խոսքը պետք է անմիջապես կատարվի»։ Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց Փաշինյանի հայտնի խոսքերը. «Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է՝ չանի՞»։
«Թիրախավորելով Հայ Առաքելական եկեղեցին, որն ամբողջ հայությանը միավորող միակ հաստատությունն է, դրանով նա ուզում է քայքայել ոչ միայն ՀՀ պետականությունը, այլև հայերի այդ միասնությունն ամբողջ աշխարհով մեկ։ Եվ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին ես պիտի միայն դատապարտելով խոսեմ այս իշխանության կողմից ՀՀ-ում իրականացվող՝ մարդու իրավունքների զանգվածային, ամենօրյա ոտնահարումների մասին։
Դա դատապարտելի է, ընդ որում՝ նաև ամոթալի, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, չունի նախադեպ աշխարհով մեկ։ Եթե ուզում ենք համեմատել, պետք է անցնենք նախկին դարերին։ Իրավապաշտպանների մոտ չի ստացվում պաշտպանել մարդկանց իրավունքները, քանի որ նրանք աշխատում են այն մեթոդներով, որոնք ներհատուկ են ժողովրդավարական պետություններին։ Չի ստացվում, որովհետև այս ձեռագիրը ներհատում է ճորտատիրական համակարգին»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանը մեկնաբանեց նաև «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբների՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումից հետո Թվիթերում հրապարակված այն գրառումը, որում միջազգային իրավապաշտպանը փաստում էր, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, խոստովանել է, որ ինքն է հանձնարարել նախկին խորհրդային «ԿԳԲ»-ի ուղիղ իրավահաջորդը հանդիսացող Ազգային անվտանգության ծառայությանը՝ ԱԱԾ-ին, գրաքննել եկեղեցիներում մատուցվող պատարագները։
Խոսելով այս թեմայի շուրջ՝ Լարիսա Ալավերդյանը նաև այն համոզմունքը հայտնեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ խռովություն բարձրացրած, եպիսկոպոսաց հայտնի հայտարարությունը ստորագրած և նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած այն 8-10 եպիսկոպոսները նույն «ԿԳԲ»-ի գործակալներն են, և շնորհիվ Նիկոլ Փաշինյանի՝ վերջապես տեղի է ունեցել լյուստրացիա։
«Իշխանությունը, ի վերջո, զավթվել է, ներեցեք արտահայտությանս համար, փողոցի միջոցով։ Հիմա նույն փողոցային ձևերով ուզում են զավթել Հայ Առաքելական եկեղեցին։ Այժմ անդրադառնամ «ԿԳԲ»-ին։ Վերջապես լյուստրացիա տեղի ունեցավ։ «ԿԳԲ»-ն ի՞նչ է անում. նա պահանջում է, ենթարկեցնում է իշխանությանը՝ լինի հոգևորական, թե այլ անձ։ Հիմա մենք արդեն գիտենք անուն-ազգանունով այն հոգևորականներին՝ սկսած սրբազաններից՝ Կճոյան ազգանունով, մենք գիտենք՝ ովքեր են «ԿԳԲ»-ի ներկայացուցիչները։ Դուք ընդգծեցիք, որ այսօրվա ԱԱԾ-ն, այս թե այն աստիճանով, ի վերջո, իրավահաջորդն է խորհրդային «ԿԳԲ»-ի։
Այսինքն, շնորհիվ քաղաքացի Փաշինյան Նիկոլի՝ մենք այսօր գիտենք՝ ով է եղել ու մնում է ԱԱԾ ներկայացուցիչը Եկեղեցում։ Ինձ դա չի զարմացնում։ Ես հստակ ապացուցում եմ դա, որովհետև չի կարող հավատացյալ մարդը և հոգևորականը ենթարկվել աշխարհիկ իշխանավորին։
Աշխարհիկ իշխանավորին պարտադիր ենթարկվում է նա, ով աշխարհիկ իշխանության կողմից ներմուծվել է այդ հաստատություն, այն է՝ Հայ Առաքելական եկեղեցի։ Ինչո՞ւ եք զարմանում։ Կարելի է՝ ամեն տեղ լինեն, Հայ Եկեղեցում չի կարո՞ղ ԱԱԾ-ն ներմուծել իր ներկայացուցիչներին։ Իհարկե կարող է։ Այսօր մենք ապրում ենք լյուստրացիայի օրեր, երբ արդեն գիտենք՝ ովքեր են նրանք։ Նրանք ինքնաբացահայտվել են, գնալով վարչապետի նստավայր՝ նրանք դրանով ուղղակի ինքնախոստովանության ցուցմունք են տվել, որ՝ «մենք ենք ԿԳԲ-ի ներկայացուցիչը»»,- մեկնաբանեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհում նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1950 թվականից Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև՝ ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
