«Նիկոլ Փաշինյանի մեջ վախն է խոսում. ակնարկում է մոլդովական տարբերակի մասին». Վիգեն Հակոբյան
Երեկ խորհրդարանում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում կրկին անդրադարձել էր նախկին իշխանությանը, Արցախին ու առհասարակ ընդդիմությանը։
«Հայաստանում ընդդիմությունը, ըստ երևույթին, ազդեցության գործակալ է օտարերկրյա պետությունների համար։ Հայաստանը կոնկրետ մի երկրի գրպանում է հայտնվել մի գործիքով՝ Ղարաբաղի հարցով։
Մենք պիտի որոշում կայացնենք՝ մենք հանդուրժո՞ւմ ենք մեր սրբության սրբոցում ուրիշ երկրների ազդեցության գործակալների ցանց։ Իմ պատասխանն է՝ ոչ, որովհետև հակառակ դեպքում ինչի է այսպես հիստերիա, որովհետև վերջին շանսն է մեր պետությունը հետ տանել, տեղավորել այն գրպանում, որից մենք դուրս ենք եկել»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2-րդ և 3-րդ նախագահների ուժերը չպետք է լինեն խորհրդարանում՝ «պահը հասունացել է»։
Ի՞նչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի այս ելույթը երկրի բարձր ամբիոնից, նոր հրահանգ իրավապահների՞ն, նա ի՞նչ վստահություն ունի, որ նախկին իշխանությունների ուժերը չպետք է լինեն գալիք խորհրդարանում։
Քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բանի վերաբերյալ խոսում է, դա դեռ չի նշանակում, որ հենց այդպես է լինելու. Նա ավելի շուտ իր վախերն է արտահայտում։
«Սովորաբար խոսքը միշտ վերաբերում է այն երևույթներին կամ հավաքական ուժերին, որոնք իրենցից ինչ-որ բան են ներկայացնում կամ վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Տարօրինակ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսեր այնպիսի քաղաքական ուժերի մասին, որոնց իշխանության գալու շանսերը մոտ են զրոյի։ Իրականում Նիկոլ Փաշինյանի մեջ վախն է խոսում՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների շուրջ։ Նա շատ լավ հասկանում է, որ այդ ընտրությունները բավականին պրոբլեմատիկ են լինելու։ Սա ցույց են տալիս տարբեր սոցհարցումներ, այդ թվում՝ վերջին 3 տարիների ՏԻՄ ընտրությունների արդյունքները, այնպես որ, սա պրոբլեմատիկ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վիգեն Հակոբյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ելույթն ընդհանուր առմամբ նաև ցուցում էր իրավապահներին, բայց այստեղ ոչ թե ակնարկում է անհատների նկատմամբ բռնաճնշումների իրականացումը, այլ մոլդովական տարբերակի մասին։ Մոլդովայում էլ նույն պատճառաբանությամբ որոշ կուսակցությունների, օրինակ՝ «գործակալների, ազդեցության գործակալների» և այլն, ընտրություններից մի քանի օր առաջ չէին գրանցում։
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ սրա մասին էր ակնարկում։ Եթե նա ասում է, որ չի ցանկանում, որ նախկին նախագահների ուժերը լինեն խորհրդարանում, լավ հասկանում է, որ միակ ռեալ ճանապարհը, որը կարող է իր սպասած արդյունքները տալ, այն է, եթե գնում է մոլդովական տարբերակով և ուղղակիորեն արգելում է որոշ կուսակցությունների գործունեությունը կամ ընտրություններին մասնակցելը»,- նկատեց քաղտեխնոլոգը։
Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին այսկերպ գործելու «թևեր է տալիս» եվրոպական բյուրակրատիան։ Եվ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանից սկսած, մինչև Անվտանգության խորհրդի քարտուղար, ԱԺ փոխնախագահներ՝ հանդիպում են Եվրամիության դեսպանների հետ։
«Եվրամիության դեսպանները «օբշի» ճամպրուկով մի պաշտոնյայի մոտից տեղափոխվում են մեկ այլ պաշտոնյայի մոտ հանդիպման, նրա մոտից էլ՝ մեկ այլ մարդու մոտ։ Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ փորձում են Եվրամիության հետ պայմանավորվել, որ եթե, օրինակ, անում են բռնաճնշումներ՝ «մոլդովական» սցենարը, ապա Եվրամիությունը պետք է դրա վրա աչք փակի։ Մեզ մոտ ժողովրդավարության պաշտպաններն Արևմուտքի եվրոպական մասն է, ժողովրդավարության ստանդարտների մասին Ռուսաստանը կամ արաբական երկրները չեն խոսում։ Այսինքն՝ իշխանությունը փորձում է երաշխավորել իր գործողությունները, որպեսզի դրա շուրջ որևէ աղմուկ չբարձրանա։
Ինչի՞ դիմաց են դա անում, սա հասկանալի է՝ եթե Հայաստանը դառնում է պրոբլեմատիկ երկիր Ռուսաստանի, Իրանի համար։ Սրա դիմաց իրենք ամեն ինչի առաջ աչք կփակեն»,- նշեց մեր զրուցակիցը։
Վիգեն Հակոբյանը նաև շեշտեց՝ եթե ՀՀ իշխանության երաշխավորը լիներ սեփական ամուր դիրքերը ներքաղաքական դաշտում կամ հասարակական դաշտում, ապա իրենց քաղաքական հետապնդումները դրսից երաշխավորելու կարիք չէին ունենա։
«Ներսում իրենք անվստահ են, փորձում են հնարավորինս իրենց մրցակիցներին վնասազերծել և փորձում են ժողովրդավարության շղարշի երաշխիքները ստանալ նրանցից, ովքեր սովորաբար որոշում են՝ ընտրությունները ժողովրդավա՞ր են, թե՞ ոչ»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը։

