
Ես միշտ վախեցել եմ այս կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հնչող այն մտավախություններին, թե Նիկոլ Փաշինյանը կարող է նախկին նախագահներին արտահանձնել Բաքվին:
«Ես առիթ եմ ունեցել մի քանի տարի առաջ այդ հարցին պատասխանել. Ինձ վերաբերող հարցով բացարձակապես որևէ մտավախություն չունեմ: Ես միշտ վախեցել եմ և հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից, որ դեռևս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին: Բայց եթե մի քիչ էլ խորանանք դատողությունների մեջ, ապա, եթե հայ ժողովուրդը կհանդուրժի, որ երկրի կառավարիչը խախտելով Սահմանադրությունը, ՀՀ քաղաքացիներից, անկախ նրանից՝ ես եմ, Պողոսյանն է, Պետրոսն է, կհանձնի այլ երկրի, միայն ու միայն այն պատճառով, որ այդ քաղաքացին կատարել է ՀՀ օրենքները, Սահմանադրության պահանջները, որը գնահատվել է հակառակ երկրի կողմից՝ որպես հանցագործություն, այդ դեպքում էլ ի՞նչ կարող եմ ասել»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ պողպատե մանդատի վերաբերյալ Փաշինյանի հրապարակումն արդյո՞ք ակնարկ չէ այն մասին, որ ընտրություններից առաջ բանտերն ընդդիմադիրներով կրկին կլցվեն, նա պատասխանեց. «Իսկ հիմա լցված չէ՞: ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, և եթե այսպես շարունակվի, թիվը, բնականաբար, ավելանալու է: Քանի՞ անգամ վախենանք: Իհարկե, մտավախություն կա, բայց առավոտից երեկո վախով ապրելը ո՞րն է: Ինչ անենք, էդ է»:
Իսկ հարցին, թե եթե իմպիչմենտի միջոցով հնարավոր չլինի հասնել իշխանափոխության, 2026-ին ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է ընտրություններին, նա պատասխանեց. «Տեսնենք, ժամանակը կգա՝ որոշումը կկայացնենք»:
Լրագրողը նաև հետաքրքրվեց՝ քաղաքական ուժը, որը չի մասնակցում ընտրություններին, ի՞նչ նպատակ ունի:
«Քաղաքական ուժը, որը չի մասնակցում ընտրություններին, նպատակ ունի, որպեսզի էս երկիրը լինի նորմալ երկիր, անվտանգ երկիր, բարգավաճող երկիր, և հեչ պարտադիր չէ, որ խորհրդարանական մանդատներ ունենաս, էլի»,- պատասխանեց նա:
Դիտարկմանը, թե դա կարող է յուրաքանչյուր քաղաքացու նպատակը լինել, բայց ենթադրվում է, որ քաղաքական հայտ ներկայացնող քաղաքական ուժը պետք է իշխանության ձգտի, նա արձագանքեց. «Ես հասկանում եմ, բայց այսօր վաղ է մեզ իշխանության ձգտելը: Դուք ուրիշներին մեղադրում եք իշխանության ձգտելու մեջ, մեզ էլ մեղադրում եք իշխանության չձգտելո՞ւ մեջ: Ձեզ հասկանալը դժվար է»:
Ըստ նրա՝ Փաշինյանի կողմից խաղաղության պայմանագիր կոչվածը ձեռքբերում ներկայացնելը կեղծ է. «Կեղծ ձեռքբերում է դա»:
Հարցին՝ Ձեր իշխանության ժամանակ հնարավոր չէ՞ր այն պայմաններով, որով ՔՊ-ն է հասել խաղաղության պայմանագրի կնքմանը, հասնել, նա պատասխանեց. «Սրանից 20 անգամ ավելի լավ պայմաններով կարելի էր անել, բայց դա մեր ժողովրդի այն ժամանակվա պահանջմունքին չէր համապատասխանում»:
Մանրամասները՝ տեսանյութում