Սիրիան դատապարտել է Իսրայելի հարվածները Հոմսի և Լաթաքիայի նահանգներին
Սիրիայի Արաբական Հանրապետությունը խստորեն դատապարտել է իսրայելական ուժերի կողմից Հոմսի և Լաթաքիայի նահանգների մի քանի վայրերի վրա իրականացված ավիահարվածները՝ նշելով, որ դրանք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ այս հարձակումները Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության ակնհայտ խախտում են, ինչպես նաև ուղղակի սպառնալիք նրա անվտանգությանը և տարածաշրջանային կայունությանը և Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի դեմ իրականացվող ագրեսիաների մաս են կազմում։
Արտաքին գործերի նախարարությունը շեշտել է Սիրիայի կողմից իր ինքնիշխանությունը խաթարելու կամ ազգային անվտանգությունը վնասելու ցանկացած փորձի կտրականապես մերժումը։
Գերատեսչությունը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ստանձնել իր իրավական և բարոյական պատասխանատվությունը և հստակ ու վճռական դիրքորոշում ընդունել՝ դադարեցնելու այս կրկնվող հարձակումները և ապահովելու հարգանքը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Իսրայելական ինքնաթիռները սեպտեմբերի 8-ի երեկոյան ավիահարվածներ են հասցրել Հոմսի և Լաթաքիայի նահանգներում գտնվող ռազմական օբյեկտների։
Syria TV-ի փոխանցմամբ՝ Հոմսի Աուրաս շրջանում միաժամանակ լսվել է երեք պայթյունի ձայն։
Իսրայելական ռազմական օդանավերը նաև հարված են հասցրել Լաթաքիայի Սակուբին շրջանում գտնվող ռազմական բազայի շրջակայքին: Վնասների չափի վերաբերյալ մանրամասներ դեռևս հայտնի չեն։



