
Հայաստանը կորցնողն է, և սրանով ոչ միայն փակում են Արցախի էջը, այլև խորքում լեգիտիմացնում էթնիկ զտումները․ Արմեն Մանվելյան

Հայաստանն ու Ադրբեջանը նախօրեին միաժամանակ hանրայնացրին խաղաղության համաձայնագրի 17 կետանոց փաստաթուղթը: Այն անցած շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին երկու երկրների արտգործնախարարները։
Նիկոլ Փաշինյանը փաստաթղթի հրապարակումից հետո Ֆեյսբուքում ավետեց․ «Այս Համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»։
«Հստակ է, որ Հայաստանն ամենամեծ կորցնողն է․ ամեն կնքված պայմանագրից հետո մեր կորուստներն էլ ավելի են մեծանում»,- 168․am-ի հետ զրույցում Վաշինգտոնում մեկնարկած գործընթացներին ու նախաստորագրված փաստաթղթին այսպես արձագանքեց միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Ըստ նրա՝ այս փաստաթղթից իրականում շահում են բոլոր կողմերը՝ բացի Հայաստանից։
«Ադրբեջանը շահում է, քանի որ հաստատում է իր տարածքային ամբողջականությունը, և փակվում է, ըստ իրենց պատկերացման, Արցախի հարցը։ Այսինքն՝ սա կորուստ է մեզ համար և շատ դրական՝ Ադրբեջանի համար։
Փաստացի, խոցելի է դառնում Հայաստանի Հարավը, և ավելին՝ փաստաթուղթը նաև որոշակիորեն փորձում է մեր ներքին գործերին միջամտել, որովհետև ցանկացած ռասիստական կամ այդպես ընկալվող հայտարարություն առաջ է բերելու քրեական հետևանքներ, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է, որ եթե ապագայում Ադրբեջանը հայտարարենք որպես թշնամի պետություն, կամ խոսենք Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների, սպանությունների իրականության մասին, ապա սա հնարավորություն կտա Ադրբեջանին խառնվել մեր ներքին գործերին և պահանջել, որպեսզի քրեական գործեր և ձերբակալություններ մեկնարկեն։
Այդ փաստաթուղթը, կարծեք, ավելի կարևոր է, քան ներպետական ցանկացած օրենք․ փորձ է արվում հարվածել Հայաստանի անկախության հռչակագրին, որով Հայաստանը հստակ կերպով նախանշել է, որ Արցախը, Ցեղասպանության ճանաչումն իր կարևորագույն ուղղություններից է»,- փաստաթղթի դրույթների տողատակերը պարզաբանեց փորձագետը։
Արմեն Մանվելյանը լուրջ չի համարում խաղաղության մասին խոստումները։
«Մենք վերջին 3 տարում խաղաղության մասին նմանատիպ գոնե 2 փաստաթուղթ արդեն տեսել ենք, որոնք ադրբեջանական կողմը խախտել է։ Հիշենք Պուտինի միջնորդությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որն ամբողջովին Ադրբեջանը ոչնչացրեց։ Հիշենք Մակրոնի միջնորդությամբ ստորագրված պրահյան հայտնի փաստաթուղթը, որը նույնպես Ադրբեջանը խախտեց, և հիմա Թրամփի միջնորդությամբ ինչ-որ փաստաթուղթ է մեջտեղ բերվել»,- պարզաբանեց նա։
Ըստ նրա՝ թեև այս փաստաթուղթը բխում է ադրբեջանական կողմի շահերից, սակայն իր ուզածն ամրապնդելուց հետո Ադրբեջանն ամեն ինչ անելու է այս փաստաթուղթը ևս չեղարկելու համար։
«Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը խաղաղությունը չէ․ նպատակը Հայաստանի ոչնչացումն է։ Վերջինը պարզ երևում է նաև այն դրվագում, երբ Թրամփի հետ կնքված հայտնի փաստաթղթից հետո Ալիևը հայտարարում է, թե հայերը հիմա պետք է իրենց Սահմանադրությունը փոխեն, որպեսզի կարողանան վերջնական խաղաղության պայմանագիր ստանալ»,- հավելեց նա։
Դիտարկմանը, թե, ամեն դեպքում, հնչում են, այդ թվում՝ միջազգային տեսակետներ, որ Հայաստանին թեև ոչ մեծ, սակայն հնարավորություններ են տրվում դուրս գալ կիսաշրջափակումից, առևտուր անել, մոտենալ Եվրոպային, Արմեն Մանվելյանն արձագանքեց․ «Իրենք 2020 թ.-ից հետո պնդում են, և բոլոր այդ փաստաթղթերը խայտառակ, որ ստորագրվել են, ամեն տեղ դա է գրված, թե Հայաստանը կապվելու է աշխարհի հետ, իսկ Հայաստանն ինչպես շրջափակման մեջ եղել է, այնպես էլ մնում է»։
Արմեն Մանվելյանը ցավով արձանագրեց՝ նույնիսկ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու համար արդեն իսկ պետք է պարզ լիներ, որ այդ խոստումները սուտ են ու միայն մոլորեցնելու նպատակ ունեն։
Անդրադառնալով արցախահայության հարցին, ու փաստաթղթով Արցախի էջը փակելը լեգիտիմացնելուն՝ միջազգային փորձագետը շեշտեց․ «Այս փաստաթղթերը ոչ միայն լեգիտիմացում են, այլ նաև արդարացնում են Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը։ Սա արդեն միջազգային հանցագործություն է։ Հիշենեք՝ Ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն, էթնիկ զտումները հավասարեցված են Ցեղասպանությանը, ու ոչ ոք իրավունք չունի որևէ փաստաթղթում էթնիկ զտումներն արդարացնել, իսկ այս փաստաթղթերը խորքում դրա արդարացումն են։
Ու ասել, թե այս պայմանավորվածություններով ստեղծվել են բարենպաստ պայմաններ, ստացվում է՝ ամեն անգամ հայերի էթնիկ զտումից հետո հայերի համար բարենպաստ պայմաննե՞ր են ստեղծվում»։
Փորձագետը համոզված է՝ այս օրակարգերը կանխել հնարավոր է իշխանափոխությամբ, և, այո, նա համոզված է, կարելի է դեմ գնալ Թրամփի առաջարկին, որն իրականում հռչակագիր է և պարտադիր ուժ չունի։
«Մենք արդեն պիտի սովորած լինենք, որ ով էլ ուզում է լինի միջնորդը, եթե մենք մեր շահերը չենք պաշտպանում, ոչ ոք մեր շահերը չի պաշտպանելու»,- ամփոփեց Արմեն Մանվելյանը։