«Հունիսից Բաքվում պահվող անձանց տեսակցություն չի եղել, Բաքվում մեր գրասենյակի փակմամբ պայմանավորված՝ բնականոն աշխատանք տեղի չի ունենում». Զառա Ամատունի

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում պահվող հայ պատանդներին, գերիներին վերջին անգամ այցելել են հունիսին։

168.amի հարցին, թե ե՞րբ է նախատեսված հաջորդ այցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին պատասխանեց, որ սովորաբար կոմիտեն խոսում է կատարված աշխատանքի մասին, իսկ պլանավորված գործողությունների մասին՝ ոչ։

«Հունիսից այս կողմ Բաքվում պահվող անձանց որևէ տեսակցություն չի եղել, հաշվի առնելով Բաքվում շուտով մեր գրասենյակի փակման հանգամանքը։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր բնականոն աշխատանքը տեղի չի ունենում»,- նշեց Զառա Ամատունին։

Կարդացեք նաև

Թե ինչպե՞ս պետք է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կազմակերպի իր գործունեությունը և ինչպե՞ս պետք է այցելի Բաքվում պահվող անձանց՝ հարցին Զառա Ամատունին պատասխանեց՝ այս պահին բոլոր հանգամանքները չի կարող մեկնաբանել, ժամանակի ընթացքում ավելի հստակ ու ստույգ տեղեկություններ կհրապարակեն։

«Իշխանությունների հետ մեր երկխոսությունը շարունակվում է, հաշվի առնելով շուտով Ադրբեջանից մեր ֆիզիկական բացակայությունը։ Բնականաբար, հարցերը, որոնք վերաբերում են պաշտպանություն ունեցող անձանց, մեր ուշադրության կենտրոնում են։ Սակայն որևէ բան այս պահին մենք հաղորդել չենք կարող»,- նշեց Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։

Այս պահին Բաքվում գերության մեջ են նաև Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը,  ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանց բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։ Այս պահին ընթանում է շինծու դատական գործընթացը։

Տեսանյութեր

Լրահոս