«Հիմա սրանք մեր տղաներին տարան սպանդի ու չեն վարանի նոր սպանդ անելուց, նույն բանն է, ուղղակի մի քիչ ավելի ժամանակակից։ Նույն ժողովրդին կերակրում են «խաղաղության» քաղցր խոսքերով։ Նիկոլ Փաշինյանը դա էլ շատ լավ գիտի, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը չի հավատում այդ խաղաղությանը, որովհետև երբ ինքը մի բան է ասում, ժողովուրդը դրա հակառակն է հասկանում։ Այս մարդը ելնում է ատելությունից, նրա գլխավոր գերագույն հույզն ատելությունն է»,- հավելեց Կարինե Նալչաջյանը։
«Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կտանի՞ բախումների, թե՞ ոչ, բայց ինչի էլ տանի, ես Վեհարանի մոտ եմ լինելու՝ պաշտպանելու եմ եկեղեցուն ու նրա առաջնորդին։ Աստված չանի՝ քաղաքացիական պատերազմ լինի, առանց այն էլ մեկ բուռ մարդ ենք մնացել։ Գուցե ինչ-որ հրմշտոցներ լինեն, բայց կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան չի վայրենացել, որ հարձակվի եկեղեցին պաշտպանող իր հայրենակիցների վրա, անկախ այն հանգամանքից, թե այդ բախումներն ով է առաջնորդելու»,- շեշտեց հրապարակախոսը։
Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը, ով տևական ժամանակ բացահայտ պայքարում է նաև աղանդների դեմ, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, կարծիք էր հայտնել, որ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է րոպե առաջ մաքրել ազգադավ, նախնյաց հիշատակը անարգած, մկրտության ուխտը դրժած և Սուրբ Դրոշմի կնիքը թլպատության նշանով փոխած կեղծ «հավատացյալներից»: