Սահմանադրությունը մենյու չէ. չեն կարող լինել սիրելի և ոչ սիրելի դրույթներ. Դավիթ Հարությունյան

«Պետություն-եկեղեցի այսօրվա հարաբերություններում հանրային իշխանություններից պետք է պաշտպանել հենց պետությունը»,- այս մասին այսօր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀԿ նախագահի տեղակալ, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ եկեղեցու հետ կապված թեման, որպես կանոն, արծարծվում է ազգային ինքնության ու հոգևոր կյանքի տեսանկյունից, բայց հայտարարությունը միտումնավոր անդրադառնում է այս հարցին միմիայն Սահմանադրության տեսանկյունից:

Հարությունյանի խոսքով, իրականում այսօր քննարկվող հայտարարությունը մեկ բանի՝ իրավական պետության սահմանների մասին է: Ըստ նրա, այդ սահմանների կարևոր հատվածից է պետություն-եկեղեցի սահմանազատումը, որի շրջանակի մեջ են մտնում չմիջամտելու սկզբունքը, խղճի և կրոնի ազատության երաշխիքները, կրոնական համայնքների ինքնավարությունը, սա՛ է Սահմանադրության գծած սահմանը:

«Չեն կարող լինել սիրելի և ոչ սիրելի սահմանադրական դրույթներ, Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ: Հենց ինքը բառն է հուշում էությունը՝ Սահմանադրություն՝ սահմանը դրվել է Սահմանադրությամբ: Իսկ սահմանը՝ լինի դա պետության սահման կամ իրավունքի սահման, կամ պահում են, կամ տրորում: Ով էլ որ լինի՝ քրիստոնյա թե մահմեդական, բուդդիստ թե հեթանոս, ագնոստիկ թե աթեիստ, յուրաքանչյուրն իրավունք չունի ոտնահարել Սահմանադրությունը: Այս հայտարարության հիմնական թեզը հետևյալն է՝ Սահմանադրությունը սահմանազատել է պետության և եկեղեցու լիազորությունները, այդ սահմաններից դուրս որևէ գործողություն արգելված է՝ անկախ նրանից՝ ով է պետության ղեկին, եկեղեցու ղեկին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Կարդացեք նաև

Նա փորձեց փաստերով բացատրել, թե ինչ է կատարվում իրականում ներկայումս:

«Սկսենք փաստերից: Վերջին տարում մեր իրավապահները ցույց են տալիս յուրահատուկ եռանդ եկեղեցական օրացույցին հետևելու հարցում: Ցավալի է, որ Քննչական կոմիտեն կիրակնօրյա պատարագին տենդագին սպասում է միայն մեկ պատճառով, հենց Սուրբ պատարագի ժամերին քննիչների մոտ քննչական բաժնում քահանաների հետ զրուցելու անհետաձգելի ցանկություն է առաջանում:

Իսկ մեր դատարանները որոշել են, որ եթե եկեղեցին մեկին կարգալույծ է արել, դա դեռ վերջը չէ, մարդը կարող է գնալ դատարան ու հետ բերել իր քահանայական շնորհը: Մի պահ պատկերացրեք զավեշտալի իրավիճակը՝ դատավորը մուրճը խփում է սեղանին և հայտարարում. «Հանուն ՀՀ-ի քեզ վերադարձնում եմ սուրբ հոգու շնորհը, գնա պատարագդ կատարիր»:

Եթե պետությունը քննիչի ու դատավորի միջոցով եկեղեցու ներսում բարեփոխումներ է իրականացնում, միջամտում պատարագի անցկացման կարգին, դա նշանակում է, որ մենք ոչ թե ժողովրդավարություն ենք կառուցում, այլ սկսում ենք մի նոր պետական կրոն, կրոն, որտեղ վարչապետը կրոնապետն է, իսկ քննիչներն ու դատախազները՝ առաքյալներ:

Մնում է ընդամենը մեկ տեխնիկական դետալ լուծել, որպեսզի այս կրոնապետությունն ավարտվի, պետք է քրեական դատավարության օրենսգիրքն անվանել Սրբազան մատյան և վերջ:

2025-2026թթ. շինծու մեղադրանքներով կալանավորվել է հայ եկեղեցու 5 սպասավոր՝ երեք արքեպիսկոպոս, մեկ եպիսկոպոս և մեկ քահանա: Եկեղեցուն աջակցելու համար ազատությունից զրկվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանը, 2026 թվականի հունվարի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 6 եպիսկոպոսներ ստացան մեղադրյալի կարգավիճակ և արգելվեց նրանց ելքը ՀՀ-ից:

Փետրվարի 14-ին հարուցվեց քրգործ Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ: Նրանք բոլորը զրկվեցին Ավստրիայում ծրագրված Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հնարավորությունից: Մարտի 20-ին քննիչը թույլ չտվեց Ամենայն Հայոց կաթողիկոսին մեկնել Վրաստան՝ մասնակցելու Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:

Հավանաբար վախենում էին, որ Կաթողիկոսը Վրաստանում քաղաքական ապաստան խնդրի և այլևս Հայաստան չվերադառնա: Եվ վերջապես այս շաբաթվա դեպքը՝ մարտի 29-ին Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում ձերբակալվեցին երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյանները, երկուսն էլ փայլուն առաջադիմությամբ սովորող, պարկեշտ և հավատացյալ երիտասարդներ, որոնք ամեն շաբաթ գնում են եկեղեցի:

Դավիթին մեղադրում են, թե փորձել է հարվածել վարչապետին, թեև տեսանյութը, բացի քննիչից ու վարչապետից, կարծում եմ՝ բոլորն են տեսել: Միքայելին էլ մեղադրում են, թե իբր օգնել է Դավիթին հարվածել վարչապետին: Նրանց բնակարանում խուզարկություն են կատարել, փնտրում էին որևէ կապ որևէ կուսակցության հետ, չգտան, փոխարենը՝ գտան աղոթագրքեր:

Արդյունքում՝ երկամսյա կալանավորում եկեղեցում աղոթագիրքը ձեռքին բռնած մի դպրոցականի համար: Սա ոչ միայն քրեական հալածանք է այն երիտասարդների նկատմամբ, ովքեր համարձակվեցին պատշաճ հարգանք չցուցաբերել սրբավայր ելումուտ անող վարչապետի շքախմբի նկատմամբ, սա արդեն ողջ հասարակության քննչական ահաբեկում է: Այն, ինչ ասացի, փաստեր են, ոչ թե մեկնաբանություններ»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց պետություն-եկեղեցի այսօրվա հարաբերություններում հանրային իշխանություններից պետք է պաշտպանել հենց պետությունը: «Այդ պաշտպանությունը սկսվում է այստեղից՝ այս դահլիճից»,- ասաց Հարությունյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930