
Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Հեղուկ գազի գինը շարունակում է բարձրանալ: Առայժմ միակ «բացատրությունը» մամուլում տեղ գտած այն հրապարակումներն էին, որ Վրաստանը խնդիրներ է ստեղծում Հայաստան գազ ներկրող բեռնատարների համար, ժամանակ են կորցնում, ստիպված են կաշառք տալ եւ հետեւաբար գինը թանկանում է:
Մի քանի օր առաջ էկոնոմիկայի նախարարը մի գրառում էր արել, թե տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է քննի հեղուկ գազի գնագոյացման հարցը:
Չգիտեմ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը քննո՞ւմ է, թե՞ ոչ: Թեեւ, որ քննի՞ ինչ: Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ինչպես եղել է ըստ էության ձեւական կառույց՝ գործադիրի կցորդ, այդպես էլ կա, ինչպես, ի դեպ, բոլոր, այսպես կոչված, «անկախ» ինստիտուտները: Ավելին, այդ ինստիտուտների գերակշռող մասի առումով անգամ ձեւական անկախությունը չեն էլ փորձում ապահովել:
Բայց, տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարի գրառումը ուշադրության էր արժանի այլ իմաստով:
Նա կարծես թե ակնարկում էր, որ հեղուկ գազի շուկայում տեղի է ունենում մանիպուլյատիվ մի բան, իսկ Վրաստանում տարանցման խնդիրը մամուլում բարձրաձայնվում է կամ մանիպուլյացիան ծածկելու համար, կամ էլ Վրաստանում ինքնին տարբեր կապերով առաջացնում են արհեստական խնդիրներ՝ առիթ ստեղծելով գնային մանիպուլյացիաների համար:
Այս առնչությամբ, ի դեպ, հաջորդիվ կներկայացնեմ մի տեղեկատվություն, որը ամենեւին բացառիկ չէ, իհարկե, եղել է հայկական մամուլում, սակայն այսօր առկա իրողությունների ֆոնին կարող է դիտվել շատ հետաքրքիր»։