Ադրբեջանում հետախուզում են Սամվել Կարապետյանին, Դուք նրան կալանավորում եք Հայաստանում. պատահականությո՞ւն է. հարց՝ Փաշինյանին

Այսօրվա ասուլիսին լրագրողը ժամանակագրորեն ներկայացրեց, թե ինչպես են Ադրբեջանից հնչող պահանջներին կամ հայտարարություններին հաջորդում Հայաստանի իշխանությունների կողմից նույնաբովանդակ հայտարարություններ և գործողություններ:

«Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեն հայտարարում է, որ Հայ Առաքելական եկեղեցին վտանգ է ողջ տարածաշրջանի համար, ինչից ընդամենը մեկ-երկու օր հետո, չունենալով կարծես թե ոչ մի պատճառ, մեկնաբանելով Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքը՝ Դուք շատ պատահաբար հայհոյախառն արտահայտություններով հարձակվում եք Հայ Առաքելական եկեղեցու հովվապետի և առանձին հոգևորականների վրա, բոլորիս հավաստիացնելով, թե իբր Ձեզ հետաքրքրում է կուսակրոնության հարցը:

Ադրբեջանը պահանջում է, որ ՀՀ-ն փոխի Սահմանադրությունը, դուք սկսում եք Սահմանադրության փոփոխության գործընթաց և կրկին հավաստիացնում, որ դա ՀՀ ներքին հարցն է և ոչ մի առնչություն չունի Բաքվի պահանջի հետ:

Ադրբեջանը հետախուզում է հայտարարում Սամվել Կարապետյանի նկատմամբ, Դուք էլի պատահաբար Հայաստանում կալանավորում եք Սամվել Կարապետյանին:

Կարդացեք նաև

Ադրբեջանը գերեվարում է Ռուբեն Վարդանյանին, Դուք զուտ պատահաբար հայտարարում եք, թե դեռ պետք է հասկանանք, թե ով էր Ռուբեն Վարդանյանին ուղարկել Արցախ»,- ասաց լրագրողը՝ հետաքրքրվելով՝ սրանք բոլորն իրոք պատահականություննե՞ր են:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը ՀՀ-ում բազմաթիվ մարդկանց հետախուզում է, եթե Ձեր ասած տրամաբանությունը լիներ, այդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ: Ասում են՝ հետախուզում են էսինչին-էնինչին, մենակ իրա՞նց են հետախուզում, էնքա՜ն մարդու է հետախուզում, բա այդ մարդիկ ինչո՞ւ են ազատության մեջ, եթե Ձեր ասած տրամաբանությունը ոչ պատահականությունների ճիշտ է: Ընդհանրապես, մի անգամ էլի առիթ ունեցել եմ դրա մասին ասելու. Մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ մենք սովորել ենք կամ մեզ սովորեցրել են՝ աշխարհը կամ նույնիսկ ինքներս մեզ մենք ընկալում ենք կա՛մ Ադրբեջանի աչքերով, կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Եվրոպայի, կա՛մ ԱՄՆ-ի… Ընդհանրապես, ժամանակն է, որ մենք մեր սեփական հայացքն ունենանք, որովհետև, ընդհանրապես մտքի աշխատանքը կասեցնելու շատ լավ ձև է, որ երբ ինչ-որ մի բան ասում ես, ինչ էլ ասես՝ կգտնվի երբևէ այդպիսի կամ դրա նման, կամ այդ ուղղությամբ, կամ դրա հետ կապված ինչ-որ մի բան ասած կամ ադրբեջանցի, կամ թուրք, կամ ռուս, կամ եվրոպացի, կամ ամերիկացի, որովհետև ի վերջո, մենք առանձին մոլորակի վրա չենք, չէ՞, ապրում: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք նույն մոլորակի վրա»:

Փաշինյանը նշեց, որ ինքը ՀՀ վարչապետն է, առնչվում է ՀՀ պետական շահերի, ՀՀ պետության հարատևության օրակարգի հետ, սպասարկում է այդ օրակարգը. «Ի՞նչն է փոխվել, որ ես անձամբ դադարել եմ մեր իրականությունը և աշխարհը ընկալել ուրիշ շահերի աչքերով, ես Հայաստանն ընկալում եմ ՀՀ պետական շահերի տեսանկյունից: Ես չեմ բացառում, որ Հիտլերն ասած լինի, որ ծխելը վատ բան է, բայց դա մեզ չի արգելել սրճարաններում արգելել ծխելը: Եթե Ձեր հետևությունն այն է, որ մենք ֆաշիստ ենք, է ադրբեջանցիներն էլ են ասում, որ մենք ֆաշիստ ենք, հետևաբար՝ ի՞նչ է դա նշանակում…»:

Նկատենք, որ Ադրբեջանը ոչ թե Փաշինյանին է ֆաշիստ անվանում, այլ ՀՀ նախկին նախագահներին, ավելին՝ Փաշինյանին Ալիևը հանձնարարել է Հայաստանում արմատախիլ անել «ֆաշիզմը», այլապես ինքը դա կանի:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս