Սամվել Կարապետյան-Հայ Առաքելական եկեղեցի միասնությունը շատ վտանգավոր է իշխանության համար․ քաղտեխնոլոգ

Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 18։00-ին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթ է նախատեսված՝ մինչև նրա կալանավայր՝ Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարան, որտեղ, ի դեպ, այս պահին կալանքի տակ են պահվում նաև Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորականները՝ Բագրատ և Միքայել սրբազանները։

«Սամվել Կարապետյանի գործոնը, ըստ էության, այժմ դիտարկվում է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին համատեղ, որովհետև եթե դիտարկում ենք պատճառը՝ ելույթը, որի համար նրան ձերբակալեցին ու կալանավորեցին, ապա անզեն աչքով էլ երևում է, որ նույնիսկ հայտարարության բովանդակությունը քաղաքական չէր, այլ ՀԱ եկեղեցու նվիրյալ հետևորդի, եկեղեցու բարերարի անհանգստություն էր»,- 168am-ի հետ զրույցում վերջին իրողություններին ու դրանց համատեքստին անդրադառնալով՝ նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ շեշտելով, որ Սամվել Կարապետյանի կարճ հարցազրույցում որևէ ձևակերպում չի համապատասխանում «կոչ» եզրույթին, ինչը պնդում են իշխանությունները։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը հենց Մայր Աթոռի բակում հունիսի 17-ին անդրադարձել էր ՀԱԵ նկատմամբ իշխանությունների վարքագծին՝ արձանագրելով․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։

Կարդացեք նաև

ՀԱԵ շուրջ կատարվողին զուգահեռ՝ նաև Սամվել Կարապետյանի գործոնը չեզոքացնելու իշխանությունների վարքագծին անդրադառնալով՝ Վիգեն Հակոբյանը նկատեց՝ ՀՀ գործող իշխանություններին վախեցրել է Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու միասնությունը։

Ըստ նրա՝ Սամվել Կարապետյանի ինստիտուցիոնալ ներկայությունը՝ գործարար, բարեգործ, հանրային գործիչ ու մեծ հեղինակություն ունեցող անձ, որը մեծ կապեր ունի և ոչ միայն՝ ՌԴ ազդեցիկ շրջանակների հետ, իշխանությունների կողմից ընկալվում է որպես ցանցային ներկայացվածություն։ Վերջինը, ըստ վերլուծաբանի, նաև ու նախևառաջ հատուկ է մեր եկեղեցուն։

«Եկեղեցին համաշխարհային նշանակության ցանցային կառույց է և ամենամեծ հեղինակություն ունեցող ինստիտուտն է։ Ընդ որում, ինչքան իշխանությունը հարձակվում է, այնքան եկեղեցու հեղինակությունը մեծանում է․ մարդկանց հոսքի ավելացումը եկեղեցական վերջին տոներին՝ դա է ապացուցում։

Սամվել Կարապետյան-ՀԱԵ միասնությունը շատ վտանգավոր է իշխանության համար, քանի որ դա անվիճելի միասնություն է պրոիշխանական շրջանակից դուրս մեծ հատվածի համար։ Այսինքն՝ նույնիսկ ներընդդիմադիր շրջանակները, որոնք շատ հարցերում սուր տարաձայնություններ ունեն, այս հարցում միակարծիք են ու համատեղ գործելու հանձնառությամբ,- նշեց նա՝ հավելելով,- Եթե այդ երկուսը միանում են՝ իրենց ռեսուրսներով ու հեղինակությամբ, այդ միությունը վերածվում է մի մերանի, որի շուրջ կարող է ձևավորվել դիմադրության հսկայական օջախ։ Սա կարող է լինել այն կենտրոնը, որի շուրջ կարող են միավորվել բոլորը»։

Այսինքն՝ վերլուծաբանի համոզմամբ, վերջին իրողությունները ոչ թե թրիգեր են դառնալու, այլ թրիգերներին արձագանքելու հարթակ։

«Այսօրվա Հայաստանում թրիգերները շատ են ու ամեն օր են։ Ու սա ոչ թե թրիգեր, այլ լավ հարթակ է դառնալու, որ կարող է միավորել չմիավորվողը, արթնացնել ապատիկ զոնան և կազմակերպել այն կոնսոլիդացիան, որը կարձագանքի ցանկացած թրիգերի»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։

Հունիսի 2-ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։

Հունիսի 9-ին Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ կրկնելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի։

Նա «հավատավոր հետևորդներին» կոչ արեց համախմբվել վեհարանն ազատելու և նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Իսկ հունիսի 10-ին Փաշինյանը հայտարարեց, որ Գարեգին Բ-ին վեհարանից հեռացնելու համար համակարգող խումբ է պետք ստեղծել։

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ օդանավակայանում «Վեհափառ, վեհափառ» վանկարկումներով դիմավորեցին Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձող Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրան ու Հայ Առաքելական եկեղեցուն։

Տեսանյութեր

Լրահոս