
ՔՊ-ում կան մարդիկ, որոնց համաձայնությունը իմպիչմենտի գործընթացին հնարավոր է ստանալ. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենք տեր են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ իրենց հայտարարությանը և ակնկալում են, որ իրենց գործընկերներն էլ տեր կլինեն իրենց հատվածին, այսինքն՝ եթե չլինի արքեպիսկոպոս Աջապահյանի համաձայնությունը, իրենք նույն համերաշխությամբ և համախմբվածությամբ կմիանան «Պատիվ ունեմ»-ի մեկնարկած գործընթացին:
Նա շեշտեց, որ «Պատիվ ունեմ»-ի հայտարարությունը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությանը համաձայնություն տալու վերաբերյալ, և Արա Զոհրաբյանի հրապարակած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արձագանքն իր թեկնածության առաջադրման գաղափարին ժամանակագրորեն համընկել են և ինքն այդ ժամանակ զբաղված էր հայտարարության տեքստի սրբագրմամբ և հրապարակմամբ. «Ժամացույց, հույս ունեմ, բոլորը ունեն»:
Հարցին՝ Հովիկ Աղազարյանն ասում է՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ հանրային լայն կոնսոլիդացիա կարող է լինել, Դավիթ Համբարձումյանի դեպքում այդ կոնսոլիդացիան հնարավո՞ր է, նա պատասխանեց. «Իհարկե հնարավոր է: Եթե մենք վստահ չլինեինք, այս գործընթացը չէինք մեկնարկի՝ մեկ, երկրորդ՝ այն փաստը, որ չկա որևէ ընդդիմադիր գործիչ, ով ոչ դրական արտահայտվի Դավիթ Համբարձումյանի մասին, նույնպես ցուցիչ է, երրորդ՝ ևս մեկ անգամ մեջբերեմ մեր հայտարարությունը՝ մենք պատրաստ ենք ապահովել այդ միասնությունը և միշտ հանդես ենք եկել այդ դիրքերից, բայց ակնկալում ենք նույնը մեր գործընկերներից»:
Լրագրողը հետաքրքրվեց՝ Դավիթ Համբարձումյանն ասել էր, որ ՔՊ-ում ոչ բոլորն են սրիկաներ, կան մարդիկ, որոնց հետ կարելի է համագործակցել, դա «Պատիվ ունեմ»-ի ամբողջակա՞ն դիրքորոշումն է:
Ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանն ասաց.
«Իհարկե, կան մարդիկ, որոնց համաձայնությունն իմպիչմենտի գործընթացին հնարավոր է ստանալ, ապահովել 54 ձայն և ՀՀ-ում իրականացնել իշխանափոխություն: Դուք կարծում եք՝ հիմա ես այդ անուն-ազգանունները կասեմ և այդ գործընթացը կդարձնեմ անհնա՞ր: Աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով… Ցավոք, այնպես է ստացվել, որ այս պահի դրությամբ ամենաբարդ և ժամանակատար ուղղությունը «Հայաստան» խմբակցության ստորագրությունները ստանալն է: Բայց աշխատանքներ տարվում են բոլոր ուղղություններով՝ թե՛ ՔՊ-ականների ստորագրությունների, թե՛ անկախների ստորագրությունների, թե՛ փողոցային պայքարի, թե՛ տեղեկատվական, թե՛ բոլոր այն ուղղություններում, որոնք անհրաժեշտ են իմպիչմենտում հաջողության հասնելու համար: Հույս ունեմ, որ մեր գործընկերները նույնը կանեն»:
Հայկ Մամիջանյանը հավելեց, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Վեհափառ հայրապետը մշտական կապի մեջ են:
Մանրամասները՝ տեսանյութում