«Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտել է ադրբեջանցի լրագրողների դատավճիռները. Associated Press

Ադրբեջանական դատարանը ուրբաթ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին և ևս վեց այլ անձի մեղավոր է ճանաչել բազմաթիվ մեղադրանքներով՝ նրանց դատապարտելով 7.5-9 տարվա ազատազրկման, հաղորդում է Associated Press-ը։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի և ադրբեջանական անկախ հետաքննչական Abzas Media լրատվական գործակալության վեց լրագրողի դատավճիռը նշանավորում է երկրի լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումների վերջին սրացումը։ Բոլոր յոթ լրագրողն էլ հերքել են մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական դրդապատճառներով և իրենց լրագրությանը վերաբերող։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրանց ազատ արձակելու կոչ են արել։

Հեռարձակող ընկերությունը հայտնել է, որ տնտեսագետ Մեհրալիզադեն, որն աշխատում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության համար, դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։ Ինը տարվա ազատազրկման են դատապարտվել նաև «Աբզաս մեդիա»-ի տնօրեն Ուլվի Հասանլին, գլխավոր խմբագիր Սևինջ Աբբասովան (Վագիֆգիզի) և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին։

Լրագրողներ Նարգիզ Աբսալամովան և Էլնարա Գասիմովան դատապարտվել են ութ տարվա ազատազրկման, իսկ փոխտնօրեն Մահամմադ Կեկելովը՝ 7,5 տարվա, հաղորդում է Abzas Media-ն։

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը դատապարտել է դատավճիռները՝ դրանք անվանելով «զայրացուցիչ» և «կոռուպցիան ու անարդարությունը բացահայտող ձայները լռեցնելուն ուղղված կեղծ մեղադրանքների վրա հիմնված զուտ քաղաքական դատավարության արդյունք»։

«Ադրբեջանի իշխանությունները կարող են բանտարկել լրագրողներին, բայց ոչ՝ ճշմարտությունը»,- ուրբաթ հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության խմբագրական տնօրեն Անն Բոկանդեն։ «RSF-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակելու Abzas Media-ի բոլոր մեղադրյալներին և միջազգային խաղացողներին հորդորում ուժեղացնել ճնշումը Բաքվի վրա»։

«Ազատություն» ռադիոկայանի գլխավոր տնօրեն Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ Մեհրալիզադան «կամայականորեն ձերբակալվել է» և հորդորել է ազատ արձակել նրան։

«Ֆարիդն արդեն շատ բան է կորցրել։ Մեկ տարուց ավելի անարդարացիորեն կալանավորված լինելով՝ նա բաց է թողել իր երեխայի ծնունդը և հիմա սպասում է անորսալի արդարադատության։ Այս մարդուն զրկելն իր տարրական իրավունքներից անարդարացիորեն դաժան է։ Այս խաբեությունը շարունակելու փոխարեն, ժամանակն է՝ Ֆարիդը վերամիավորի ընտանիքի հետ»,- ասվում է Կապուսի հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս