«Եթե սա նիկոլերենից թարգմանենք, կստացվի՝ «ես լրիվ «ok» եմ միջանցքի հարցում». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլն ասօր Ստամբուլում հայտարարել է, թե «խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե կա ջրի ճամփան, ապա մենք բոլորս կարող ենք միասին խմել այդ ջուրը, որևէ խոչընդոտ չկա»։ Այս հայտարարությունը, մեղմ ասած, խիստ լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական ազդակ է։

Այս բառերով նա փաստացի հայտնում է, որ Հայաստանի տարածքը խոչընդոտ չի լինելու Թուրքիայից դեպի Կենտրոնական Ասիա ձգվող պանթյուրքական նախագծի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» համար։ Ավելին, եթե սա նիկոլերենից թարգմանենք, կստացվի՝ «ես լրիվ «ok» եմ միջանցքի հարցում»։

Այստեղ «խաչմերուկը» ներկայացվում է որպես բաց ուղի, իսկ «ջրի ճանապարհը»՝ որպես բարեկամության անարգել հոսք։ Սակայն իրականում սա քաղաքական մանիպուլյատիվ լեզու է, որի տակ թաքնված է ինքնիշխանության հանդեպ զիջողական դիրքորոշում։ Հայաստանը, ըստ այս թեզի, հրաժարվում է սեփական տարածքի նկատմամբ վերահսկողությունից ՝ փոխարենը առաջարկելով իրեն որպես անցումային տարածք թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրերի համար։

Այս ձևակերպումը ոչ միայն վերացնում է հայկական կարմիր գծերը, այլ նաև ուղիղ կերպով լեգիտիմացնում է այն օրակարգը, որի նպատակը Հայաստանի փաստացի կազմաքանդում ու ամլացումն է։ Նման կերպ Նիկոլի «Խաղաղության խաչմերուկը» վերածվում է Թուրանի միջանցքի ենթակառուցվածքային հավելման, իսկ «ջուր խմելը»՝ պատմական հիշողության և ինքնիշխանության մոռացության»։

Տեսանյութեր

Լրահոս