«Փաշինյանը Թուրքիա է գնում՝ «թուղթ» խնդրելու. հիմա ցույց է տալիս «կինոյի թրեյլերը», որը պատրաստ է հետագայում գործել Հայաստանի նկատմամբ». Տաթևիկ Հայրապետյան

Վաղը՝ հունիսի 20-ին, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Ռեջեփ Էրդողանի հետ։

Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը երեկ հայտարարել էր, որ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին կընդունի Ստամբուլում։

Նիկոլ Փաշինյանից մեկ օր առաջ՝ այսօր, Թուրքիա կմեկնի Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Էրդողանը և Ալիևը Քահրամանմարաշում, որտեղ 2023 թվականի փետրվարին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ, կմասնակցեն քաղաքացիներին բնակելի թաղամասի հանձնման արարողությանը։

Երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց հանդիպման օրակարգը՝ նշելով, որ օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։

Կարդացեք նաև

«Հանրության համար նախատեսվում է այցի օրակարգի մասին համատեղ հայտարարություն` ըստ փոխադարձ պայմանավորվածությունների, դրա կետերը նախապես հրապարակել չի նախատեսվում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե այցի մեջ է, այլ այն բովանդակության, որը մատուցվում է, այսինքն՝ այդ բոլոր հանդիպումների շրջանակներում առհասարակ գոյություն չունի Հայաստանի Հանրապետության շահը, հետաքրքրությունները և այլն։ Չկան բանակցություններ, քննարկումներ, կա միայն քննարկում նրա շուրջ, թե Թուրքիայի որ պահանջը որից հետո պետք է կատարի Նիկոլ Փաշինյանը։

«Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը և տարբեր հետապնդումները, ապօրինի հրահանգներ արձակելը, այս ամբողջ խժդժությունները, որը Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հայաստանի ներսում, վերը նշածիս արտացոլումն է։  Իրականում երկարաժամկետ առումով Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում բավարարվել իրենց ձեռք բերածով, նրանք ցանկանում են վերացնել Հայաստանը՝ որպես ազգային պետություն։ Այսինքն՝ Հայաստանն ունի իր յուրահատկությունները, արմատները, կարևոր հենասյուները և այդ հենասյուներին հերթով հարվածում են։ Տվյալ պարագայում խոսքս Առաքելական եկեղեցու մասին է, որը կարևոր հենասյուն է ազգային պետության մեջ, այդ պատճառով էլ եկեղեցու դեմ արշավը չի դադարում։ Թեև գործնականում ու իրավական դաշտում Նիկոլ Փաշինյանը որևէ հնարավորություն չունի միջամտելու եկեղեցու գործերին, ինչ անուն էլ դրան դնի»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը։

Փորձագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Թուրքիա գնում է հատուկ նպատակով։

«Ըստ իս, այցի նպատակն է, որ Նիկոլ Փաշինյանը խնդրի՝ իրեն թուղթ տրամադրեն, որը կներկայացնի որպես «խաղաղության պայմանագիր» ու կասի՝ տեսեք, երկար սպասված խաղաղություն եմ բերել։ Այս նպատակով է նա գնում Թուրքիա և այդ նպատակով է նա այժմ ագրեսիվ քարոզչություն իրականացնում Հայաստանի ներսում։ Նա հիմա ցույց է տալիս այն «կինոյի թրեյլերը», որը պատրաստ է հետագայում գործել Հայաստանի նկատմամբ՝ ասելով, որ՝ տեսեք՝ ինչեր կարող եմ անել պետության ներսում ու ինչ օրինազանց ճանապարհով կարող եմ գնալ։ Այդպես է անում, որ իրեն հնարավորություն տան հետո այս «կինոն» շարունակել։

Նա հիմա «շաքարն» է մատուցում այն մարդկանց, որոնք սատարում են իր գործողությունները մեր երկրի ներսում»,- հավելեց Տաթևիկ Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Թուրքիայի նախագահին, նրանից գիրք էր նվեր ստացել և այդ գիրքը կրծքին սեղմած՝ լայն ժպիտով լուսանկարվել Էրդողանի հետ։ Դրանից հետո այս տարվա մայիսին  Փաշինյանն Էրդողանի հետ կարճ հանդիպում էր ունեցել Ալբանիայում՝ Տիրանայում։

Տեսանյութեր

Լրահոս