Փաշինյանն Արցախի հանձնումը համարում է հաջողության պատմություն

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ 2022 թ. հոկտեմբերի 6–ն այն շրջադարձային կետն է, երբ ինքը ֆորպոստի վարչապետի կարգավիճակից հստակ անցում է կատարել ՀՀ լիարժեք վարչապետի պաշտոնին։ Այս մասին նա այսօր հայյտարարեց ԱԺ–ում` 2024 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը։

«2022 թ. հոկտեմբերի 6–ին ես դարձա ՀՀ առաջին ղեկավարը, որ ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Մինչդեռ ընդդիմությունը սա մեկնաբանում է, որ ես առաջինն եմ, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում»,- հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` մենք` որպես պետություն, այդ օրվանից ավելի անկախ ենք, ինքնիշխան ենք, քան երբևէ։

«Շատ է խոսվում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին շատ երկար մտածել եմ։ Այստեղ էլ իմ եզրակացությունը հետևյալն է` մենք ոչ թե կորցրել ենք ԼՂ–ն, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Սա է ճշմարտությունը. ԼՂ հարցը օգտագործվել է որպես թոկ, որպեսզի ՀՀ–ն չգտնվի։ Սա ոչ թե անհաջողության, այլ հաջողության պատմություն է»,– հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` նա հատարարեց, որ ՀՀ-ն երբեք միջազգային իրադրություններին այնքան պատարստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր։

«Դրա ամենակարևոր արտահայտումն այն արտաքին բալանսավորված հարաբերություններն են, որոնք ունենք։ Այո՛, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն է, այո՛, Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունն է, այո՛, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների ու վիճակի կարգավորումն է, մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը»,- վստահեցրեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցեցԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցեց Էրդողան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Տեսանյութեր

Լրահոս