
«Իմպիչմենտի գործընթացը՝ Դավիթ Համբարձումյան թեկնածուով, մեկնարկած է, և դրա ավարտը հաղթանակն է». Հայկ Մամիջանյան
Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործընթացի քննարկելու համար այսօր ՀՅԴ գրասենյակում տեղի է ունեցել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության և «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը։
Հանդիպման ավարտից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է, և այդ ձևաթղթի տակ առկա է 6 ստորագրություն՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
«Թե ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան» դաշինքը, կհայտարարի, բայց ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին այս պահին միացել են մեր 6 պատգամավորները։
Մենք մեր անելիքները բոլոր հարթություններում թե՛ տեղեկատվական, թե՛ փողոցային ճնշման, թե՛ քաղաքական, շատ հստակ գիտենք և իրականացնելու ենք վստահությամբ, որ հաջողությամբ է ավարտվելու։ Իմպիչմենտի գործընթացը մեկնարկած է և դրա ավարտը կարող է լինել բացառապես մեկը՝ մեր հաղթանակը։ Հաղթանակի ճանապարհը մեզ համար ենթադրում է հնարավոր բոլոր սահմանադրական միջոցներով՝ տեղեկատվական, քաղաքական ու փողոցային ճնշում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ բոլոր այն մարդիկ, որոնք փորձում են ասել, որ այս գործընթացը կես տարով կապահովագրի Փաշինյանին, 24 ժամում որևէ բան հնարավոր չէ և այլն, պարզապես հորդորում է ևս մեկ անգամ ծանոթանալ ՀՀԿ-ի տարածած հայտարարությունները։
«Մենք շարունակելու ենք ստորագրությունները հավաքել և դրանք մուտք ենք անելու ԱԺ ոչ թե 36 ստորագրությունը լրանալուն պես, որը օրենքով սահմանված մինիմումն է, այլ շարունակելու ենք ավելի իրատեսական դարձնելու համար։ Մենք մուտք ենք անելու այն ժամանակ, երբ ավելի շոշափելի ձեռբերումներ ունենանք։ Այդ գործընթացքում բոլոր այն իրական ընդդիմադիր ու ազգային ուժերը, որոնք մեզ կօգնեն, մենք դրա համար բացառապես շնորհակալ ենք։ Մեր շնորհակալությունն այդքան էական չէ, պատմությունն ու սերունդները դրա համար շնորհակալ կլինեն»,-հավելեց Հայկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանը նաև փոխանցեց՝ տարվում են տարբեր աշխատանքներ, շեշտելով՝ ՀՀԿ-ի անցած հետագիծը հուշում է Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղիղ ասած խոսքը, որ ՀՀԿ-ն առանց ծրագրի երբեք չի գործում։
«Վերջին 7 տարիների ընթացքում ՀՀԿ-ն երբեք չի մտածել, թե որքանով է հավանական այսինչ բանը։ Երբ 2018 թվականին Փաշինյանի դեմ ՀՀԿ-ն փողոցային ակցիաներ էր անում, դժվար նստած ու հաշված լինեինք, որ հավանական է։ Այսպես ենք մենք մոտեցել փողոցային պայքարին 2018 թվականին, 2019, 2020թթ.-ին, լավ, Փաշինյանի նման թվերը չթվարկեմ։
Այս գործընթացը չի կարող ընթանալ առանց փողոցային պայքարի։ Եթե նկատեցիք, երեկ Մասիս քաղաքում շատ փոքր ժամանակում եղավ կոնսոլիդացիա, ընդ որում՝ մենք խոսում ենք մի 2 ժամվա մասին։ Կարծում եմ, թե՛ դուք, թե՛ հանրությունը գիտի, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամենակազմակերպված, ամենակայացած ընդդիմադիր քաղաքական միավորն է»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում