
Ռենտգեն հետազոտությունն առաջնային ախտորոշման տարբերակն է, սակայն պետք է իրականացնել բացառապես բժշկի ցուցումով

Մի շարք հիվանդություններ ու խնդիրներ հնարավոր չէ ախորոշել առանց ռենտգեն հետազոտության: Այս հետազոտությունը ճառագայթային ախտորոշման տեսակների մեջ համարվում է առաջին փուլը, որը պետք է իրականացնել բուժառուի խնդիրը հասկանալու և համապատասխան մասնագետի մոտ ուղղորդելու նպատակով, սակայն այս հետազոտությունը պետք է անցնել բացառապես բժշկի ցուցումով:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի ռենտգեն ծառայության պատասխանատու, Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Գայանե Գալստյանի հետ զրուցել են ճառագայթային ախտորոշման տեսակներից և ռենտգեն հետազոտության կիրառության կարևորությունից:
Մասնագետը նշեց՝ կան ճառագայթային ախտորոշման տարբեր տեսակներ, որոնք, կարելի է ասել, մեկը մյուսին լրացնող մեթոդներ են, բայց, իհարկե, ավանդական ռենտգենաբանությունը հանդիսանում է որպես հիմնական, արագ և ավելի մատչելի ախտորոշման տարբերակ:
«Ռենտգեն հետազոտությունը ավելի կարճ ժամանակահատվածում և ավելի քիչ ճառագայթային բեռնվածության պայմաններում տալիս է բուժառուի ախտորոշում: Այն սկզբնական ախտորոշման մեջ հանդիսանում է առաջատարը, որից հետո արդեն գալիս են մնացած ավելի նեղ ծառայությունները, որոնք վերջնական և լիարժեք են դարձնում բուժառուի ախտորոշումը: Այսինքն, երբ բուժառուն ներկայանում է բուժհաստատություն իր գանգատներով, առաջին հերթին զննելուց հետո կատարվում է ռենտգենյան հետազոտություն՝ հիմնականում կրծքավանդակի օրգանների հիվանդությունների և վնասվածքների պարագայում»,- նշեց Գալստյանը:
Ըստ նրա՝ ռենտգեն հետազոտությունը, հատկապես կրծքավանդակի օրգանների և վնասվածքների պարագայում, թույլ է տալիս լիովին հասկանալ խնդիրը նյարդայի՞ն, ոսկարայի՞ն, թե՞ մկանային է:
Հարցին՝ արդյոք ռենտգեն հետազոտությունն ունի բացասական ազդեցություն, մասնագետը պատասխանեց՝ այո, ճառագայթային հետազոտությունները օգտակարության հետ մեկտեղ ունեն նաև վնասակար ազդեցություն, ռենտգենյան ճառագայթները կարող են տարբեր օրգանների վրա թողնել տարբեր բացասական հետևանքներ, ուստի կան կանոններ, որոնք հստակ պահապանվում են այդ հետազոտության ընթացքում և՛ բուժառուների, և՛ հետազոտությունն իրականացնող բժշկի մասով:
«Իսկ երեխաների և հղի կանանց շրջանում ուշադրությունն առավել մեծ է, նախ հետազոտությունը պետք է անցնել խիստ անհրաժեշտ ցուցումով, բացի դրանից նաև օգտագործվում են հատուկ անհատական պաշտպանիչ միջոցներ»,-նշեց Գալստյանը: