Բաժիններ՝

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ պետական ֆինանսավորումն ապասառեցնելու որոշում կայացնելու խնդրանքով

Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ խնդրելով որոշում կայացնել 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումն ապասառեցնելու վերաբերյալ։ Ֆինանսավորումն արգելափակվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից և Հարվարդի կողմից որակվել որպես անօրինական: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ամերիկյան վարչակազմի դեմ Բոստոնում ԱՄՆ-ի շրջանային դատարան ներկայացված Հարվարդի հայցի համաձայն՝ ապրիլի 14-ից ի վեր բուհը 957 կարգադրություն է ստացել՝ սառեցնելու այն հետազոտությունների ֆինանսավորումը, որոնք վերաբերում են ազգային անվտանգության սպառնալիքներին, օնկոլոգիական և վարակիչ հիվանդությունների ուսումնասիրություններին: Սա պայմանավորված էր նրանով, որ համալսարանն ավելի վաղ մերժել էր Սպիտակ տան կողմից ներկայացված պահանջները։

Թրամփը և նրա վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հանդես են եկել Հարվարդի և այլ հեղինակավոր ամերիկյան համալսարանների վերաբերյալ հայտարարություններով:

Իշխանությունների կարծիքով՝ բուհը չի կարող ապահովել հրեա ուսանողների և դասախոսների լիակատար անվտանգությունը, որոնց սպառնում են պաղեստինամետ ակտիվիստները, ովքեր դեմ են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս