
Հայաստանցի գիտնականը լուծել է Այնշտայնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» խնդիրը, որը 1915թ.-ից մինչև օրս չլուծված կարևորագույն խնդիրն էր

Բյուրականի աստղադիտարանում հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար, ինչը չլուծված խնդիր էր սկսած 1915թ.-ից։
Ինչպես հայտնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինքը, ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր–Ղազարյանի հեղինակությամբ «Gravitation and Cosmology» ամսագրում տպագրել է գիտական հոդված` «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects»։
Գիտական հոդվածում հեղինակը սահմանել և հաշվել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես մնում է փոքր «վակուումում լույսի տարածման» արագությունից: Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։ Նա հաշվել է նաև ֆիզիկական մեծ կարևորություն ունեցող մեկ այլ բնութագրիչը՝ Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմինների շարժման մեջ ներառվելու չափաբաժինը:
Տեր–Ղազարյանի խոսքով, աստղագիտության համար հիմնարար վերոնշյալ խնդիրը միայն մասնավոր դեպքն է ֆիզիկայում գոյություն ունեցող՝ կորագիծ տարածություններում մարմինների «հարաբերական արագությունը» հաշվելու ընդհանուր, առավել բարդ, «դասական» խնդրի։
«Դա 1915թ.-ից մինչև օրս չլուծված կարևորագույն խնդիր էր մնում Այնշթայնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ: Խնդրի դժվարությունը պայմանավորված է նրանով, որ տարածության «կորության» առկայությունը պարզապես անհնար է դարձնում մարմնի արագության վեկտորի, այսպես կոչված, «զուգահեռ տեղափոխությունը» այդ տարածության մեջ, առանց որի հնարավոր չէ հաշվել «հարաբերական արագությունը»։ 2023թ.-ին, հաղթահարելով նշված բարդությունը, լուծեցի այդ ընդհանուր խնդիրը կամայական Ռիմանյան տարածության համար», – պարզաբանել է գիտնականը։