
Ալոնսոն ներկայացվել է որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ

«Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կիսվել է մադրիդյան ակումբ վերադառնալու հետ կապված իր հույզերով։ Այսօր նա ներկայացվել է որպես մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ:
«Ես այս օրը կհիշեմ ամբողջ կյանքում։ Սա իմ տունն է։ Կապը Մադրիդի հետ միշտ էլ եղել է, և այսօր, երբ ես մտա Վալդեբեբաս, այն վերականգնվեց։ Մենք էներգիա ունենք, և ես զգում եմ, որ «Ռեալ Մադրիդի» երկրպագուները ոգևորված են նոր դարաշրջանի մեկնարկով։ Մենք կարող ենք անկասելի լինել։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ մենք կհաջողենք», -Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Մադրիդ Universal»-ը։
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ողջունել է թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին ակումբում։ Պաշտոնյան նշել է, որ մադրիդյան թիմի երկրպագուները ջերմ վերաբերմունք ունեն Ալոնսոյի նկատմամբ։
«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում Մադրիդը Ձեզ համար։ Որպես խաղացող՝ դուք խոշոր տիտղոսներ եք նվաճել ոչ միայն «Ռեալ Մադրիդի», այլև «Լիվերպուլի» և «Բավարիայի» հետ։ Եվ, իհարկե, դուք Իսպանիայի հավաքականի լեգենդներից մեկն եք, որը նվաճեց Աշխարհի չեմպիոնի կոչումը։ Որպես մարզիչ՝ Դուք արդեն հաջողության եք հասել «Բայերի» հետ, ինչը Ձեզ դարձնում է աշխարհի լավագույն մասնագետներից մեկը։ Դուք մեծ մարտահրավեր ունեք Ձեր առջև, բայց պետք է հիշեք, որ «Ռեալ Մադրիդի» յուրաքանչյուր երկրպագու սիրում և հիանում է Ձեզնով։ Վստահ եմ, որ միասին կկիսենք ուրախությունը։
Բարի գալուստ Մադրիդ, սիրելի՛ Խաբի», -Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։