
Վաշինգտոնը հայտարարել է, որ Սիրիային և Լիբանանին «հրաշալի հնարավորություն» է ընձեռել

ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող Պետքարտուղարության բարձրագույն պաշտոնի թեկնածու Ջոել Ռեյբըրնը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Դամասկոսի նկատմամբ բոլոր պատժամիջոցները չեղարկելու Թրամփի որոշումից հետո Սիրիայի ժամանակավոր իշխանություններին «մեծ հնարավորություն» է առաջարկում, հաղորդում է Al Arabiya-ն։
«Ըստ իս՝ նախագահը սիրիացի ժողովրդին և Սիրիայի ժամանակավոր իշխանություններին հիանալի հնարավորություն է ընձեռում՝ վերականգնելու կեսդարյա բռնապետական կառավարումից հետո լավ պատեհություն», -նշել է Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնականի թեկնածու Ջոել Ռեյբըրնը։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ցուցմունք տալով՝ Ռեյբըրնը նշել է, որ Վաշինգտոնը հստակ ակնկալիքներ ունի Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած Սիրիայի ժամանակավոր կառավարությունից։ Դրանց թվում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը և «պաղեստինցի զինյալների և այլ օտարերկրյա ծայրահեղական զինյալների վտարումը»։ Անդրադառնալով Լիբանանին՝ Ռեյբըրնը նշել է, որ երկիրը ևս առաջ շարժվելու հնարավորություն ունի՝ վկայակոչելով Իրանի և «Հըզբոլլահի» թուլացող դիրքերը։
«Կարծում եմ՝ Լիբանանի նոր կառավարությունը հիանալի հնարավորություն ունի օգտվելու դրանից, և գիտեմ, որ վարչակազմը բավական սերտորեն համագործակցում է Լիբանանի իշխանությունների հետ՝ նրանց օգնելու օգտվել այդ հնարավորությունից»,-ասել է նա՝ հավելելով, որ Լիբանանի զինված ուժերը (LAF) Լիբանանի կառավարության մաս են կազմում։
Նա ընդգծել է Իսրայելի հետ հրադադարի պահպանման և սահմանի կայունացման կարևորությունը։
«Կարծում եմ՝ նրանք անցյալում որոշ արդյունավետության խնդիրներ են ունեցել։ Միաժամանակ քաղաքական կամքի խնդիր կար։ Ըստ երևույթին, Բեյրութում հիմա ամեն ինչ փոխվում է, ուստի նրանք հնարավորություն ունեն առաջ շարժվելու, ինչն, ըստ իս, նախկինում հնարավոր չէր», -հավելել էՌեյբըրնը։