Բաժիններ՝

Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ-ն միլիոնավոր դրամների հերթական՝ 11-րդ դրամաշնորհն է հատկացրել նույն կազմակերպությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հերթական դրամաշնորհն է ստացել «Սարեր» մշակութային հիմնադրամը։ Ապրիլի վերջին կնքված դրամաշնորհի հերթական պայմանագրից տեղեկանում ենք՝ կազմակերպությունն այս անգամ 10 միլիոն դրամով՝ 25 հազար 710 դոլարով, պետք է իրականություն դարձնի «Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային 5-րդ փառատոնը։ Փառատոնի անցկացման վայր է նշվել Գյումրին, ժամանակահատվածը՝ մայիսի 1-ից հուլիսի 1-ը։

Տեղեկացնենք՝ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ 2019 թվականի նոյեմբերից գրանցված այս հ/կ-ն 2022 թվականից սկսած՝ ԿԳՄՍ նախարարությունից արդեն 11 դրամաշնորհ է ստացել։ SUMMEET փառատոնի պրոդյուսեր, «Սարեր» մշակութային հասարակակական կազմակերպության նախագահը Էռնա Ռևազովան է։

Ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի՝ 2022 թվականին Ռևազովայի նախագահած հ/կ-ն երկու դրամաշնորհ է ստացել ԿԳՄՍ նախարարությունից․ առաջին պայմանագրի գին է նշվել 3 միլիոն 716 հազար դրամը, որը նախատեսված է եղել «Խոսող կտավներ» ծրագրի համար, երկրորդի գինը՝ շուրջ 30 միլիոն դրամ՝ դարձյալ «Սամմիթ» միջազգային փառատոնի կազմակերպման նպատակով։

2023 թվականին ևս 2 դրամաշնորհ է հատկացվել «Սարեր»-ին, ու նորից՝ 5 միլիոն դրամ՝ «Խոսող կտավներ» ծրագրի իրականացման համար, և 15 միլիոն դրամ՝ «Սամմիթ» փառատոնի։

Կարդացեք նաև

2024 թվականին դրամաշնորհների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճել է․ հ/կ-ն նախորդ տարում ստացել է 6 դրամաշնորհ՝ շուրջ 7 միլիոն դրամ՝ «Արմեն Չիկո Թութունջյան, «Ջազը Հայաստանում» պատկերագիրք» ծրագրի համար, շուրջ 4 միլիոն դրամ՝ «Խոսող կտավներ» ծրագրի համար, 15 միլիոն դրամ՝ պարի միջազգային նույնանուն փառատոնի համար, 5 միլիոն դրամ՝«Սասունցի Դավիթ» դաշնամուրային տեսագրվող համերգ», և 2 միլիոն դրամ՝ «Խոսող կտավներ․ Սասունցի Դավիթ գորգի շոշափելի կրկնօրինակ» ծրագրերի համար, իսկ 2024 թվականի վերջին՝ 6 միլիոն 366 000 դրամ դրամաշնորհը հ/կ-ն ստացել է «Խոսող կտավներ․ ներառական նախագիծ, Անլռելի զանգակատուն» ծրագրի համար։

«Սամմիթ» ժամանակակից պարի միջազգային 5-րդ փառատոնի համար հատկացված 10 միլիոն դրամը, որի մասին նշել էինք նյութի սկզբում, այս հ/կ-ի առաջին դրամաշնորհն է 2025 թվականին։

Տեսանյութեր

Լրահոս