
Ալիևը գոհ է Ադրբեջանի բանակից. «հակահարձակողական օպերացիա» իրականացնելուն առնչվող հարցեր են քննարկել

168.am–ը գրել է, որ ՀՀ զինված ուժերին Նախիջևանի հատվածում էսկալացիա հրահրելու մեղադրանքից օրեր հետո Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել Նախիջևանում՝ Թուրքիայի բանակի 9-րդ «Կոմանդո» բրիգադի հրամանատարության և Նախիջևանի առանձին համազորային բանակի մասնակցությամբ:
Սրանից հետո Բաքու են այցելել Թուրքիայի պաշտպանության նախարարն ու Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը և հանդիպել երկրի նախագահի՝ Ալիևի ու պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Զաքիր Հասանովի հետ:
Հանդիպումներում, մասնավորապես, քննարկվել են Ադրբեջան-Թուրքիա ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը, նշվել, որ նախորդ տարվա համեմատ 2025-ին համատեղ զորավարժությունների թիվն ավելացել է, ավելին, շեշտվել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները դրական ազդեցություն են ունենում տարածաշրջանում անվտանգության ապահովման վրա: Թե ինչ է վերջինը նշանակում, լավ ենք հասկանում:
Իսկ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, երկրի զինված ուժերում ընթացող հրամանատարաշտաբային վարժանքների կամ մարզումների համատեքստում, տեսակապի միջոցով լսել է շտաբների զեկույցները:
Հասանովը նախ նշել է՝ նախագահ Ալիևը գոհ է ադրբեջանական բանակի գործունեությունից:
Այնուհետև նա շարունակել է, որ իրական մարտի պայմաններին համապատասխան ընթացող հրամանատարաշտաբային մրզումների նպատակը, որտեղ չի անտեսվել ժամանակակից մարտական փորձը, ռազմական որոշումների կայացման գործընթացի կատարելագործումն է՝ հաշվի առնելով ստորաբաժանումների մանևրելու հնարավորությունները, ինչպես նաև՝ պաշտպանական և հակահարձակողական օպերացիաներ իրականացնելու հարցերի մշակումը: Արդո՞ք սա խոսում է Ադրբեջանի՝ խաղաղության պլանների մասին, թե՞ փորձ է արվում անուղղակի կերպով Հայաստանին ներկայացնել էսկալացիայի նախաձեռնող…