
«ՀՀ իշխանությունը «ձեռքերը լվաց» Արցախից, դրա համար եղավ 2023 թ. սեպտեմբերի փաստաթուղթը. Ժամանակին ամեն ինչ տեղի կունենա՝ հասարակությունը կիմանա». Հակոբ Հակոբյան

Արցախից փաստաբան Ռոման Երիցյանն օրերս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի հոկտեմբերին ստորագրված փաստաթուղթը, որով առոչինչ է ճանաչում 2023 թվականի սեպտեմբերին ստորագրված, այսպես կոչված, «Արցախի լուծարման» վերաբերյալ փաստաթուղթը։
«Ինչ-որ հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարված լինելու հարցին լուրջ վերաբերվողների համար և հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կայացրել է ստորև հրապարակված մեկ այլ հրամանագիր, որով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։
Այս մասին Սամվել Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանությանը:
Չնայած ո՛չ այս, և ո՛չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, երկուստեք հակասում են թե՛ Արցախի Մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար՝ որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, այնուամենայնիվ, հրապարակում եմ ԱՀ նախագահի 659-Ն հրամանագիրը՝ բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել»,- հրապարակված փաստաթղթին կից գրել էր Ռոման Երիցյանը։
Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը շեշտում է՝ փաստաթղթի մասին խոսվել է 2023 թվականի հոկտեմբերից սկսած, որը, տարբեր բացատրություններից զատ, հենց ապացույցն է այն բանի, որ Արցախում Ադրբեջանի ռազմաքաղաքական հանցագործ ղեկավարներն իրականացրել են բռնի տեղահանում։
«Մահվան և ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստեղծվել է մի թուղթ, որը չեղարկվել է այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը եղել է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ և՛ առաջին, և՛ երկրորդ փաստաթղթերը շահարկում են միայն ՀՀ իշխանությունները, ինչպես նաև այն սատելիտ ուժերը, որոնց համար կարևոր է՝ տեսնեն, որ Արցախը վերացած է։ Իսկ այն ուժերը, որոնք լավ են հասկանում, թե ինչ է կատարվել Արցախում 2023 թվականի սեպտեմբերին, և ինչպես եղավ, որ 120 հազար մարդ բռնեց գաղթի ճանապարհը, նրանք բոլորը հանգիստ են նայում այս ամենին։
Հետևաբար, երբ ՀՀ իշխանությունն այս ամենին ինչ-որ ենթատեքստ է տալիս, դրանով Արցախի դեմ է ինչ-որ քայլեր անում։
Իսկ այս իշխանությունը վաղուց փակել է Արցախի էջը, և որևէ փաստաթուղթ իրենց դիրքորոշման վրա չի կարող ազդել, ՀՀ իշխանությունը ձեռքերը լվաց Արցախից, դրա համար եղավ 2023 թվականի սեպտեմբերի փաստաթուղթը»,- 168.am-ի տեսանյութում նշեց Հակոբ Հակոբյանը։
Խոսելով մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետի լրանալուն զուգահեռ հնարավոր զարգացումներից, Հակոբ Հակոբյանն ասաց, որ Արցախից բռնի տեղահանվելուց ու Հայաստան տեղափոխվելուց հետո, Արցախի նախագահը և ԱԺ-ն աչքի առաջ ունենալով մայիսի 21-ի հանգամանքը, համապատասխան որոշումներով ու գործողություններով կարողացել են այնպես անել, որ ապահովեն գործընթացների շարունակականությունը։
«Կարծում եմ՝ տեղին չէ ավելորդ աղմուկ տալ ու շահարկել։ Ամեն ինչ ունի իր կանոնակարգը և ժամանակին ամեն ինչ տեղի կունենա, որի մասին հասարակությունը կիմանա, այս գործողություններին բարձր տոն տալը չի բխում որևէ մեկի շահերից։
Համոզված եմ, որ Արցախի ինստիտուտներն իրենց կենսունակությունները պահպանելու են և որևէ խնդիր չի լինելու, եթե կողմնակի ուժերն ավելորդ չբարդացնեն գործընթացը։ Այստեղ գլխավոր միտումն այն է, որ ՀՀ իշխանությունը համարում է, թե Արցախի ինստիտուտների պահպանումը վտանգ է պարունակում Հայաստանի համար, սակայն այդպես չէ՝ միայն ՀՀ ավտանգության ապահովմամբ հնարավոր կլինի կատարել արցախահայերի իղձերը»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը։