
Արցախի բանակցային գործընթացը Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանում և դրա քայքայումը Փաշինյանի ձեռամբ

Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը պահպանեց ռազմավարական այն ուղեգիծը, որը հիմնված էր Արցախի անվտանգության ապահովման և ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա։
Չնայած բանակցային գործընթացում առկա ճնշումներին ու մարտահրավերներին, հայկական կողմը շարունակում էր հանդես գալ՝ որպես ակտիվ ու հաշվարկող դերակատար, որի քաղաքական առաջնահերթությունն էր Արցախի կարգավիճակի պահպանումը՝ առանց դրա փաստացի անվտանգության երաշխիքների զիջման։
Տևական ժամանակ բանակցություններն ընթանում էին Մադրիդյան սկզբունքների հիմքով, որոնք սփռում էին կարգավորման փուլային տրամաբանություն՝ տարածքների վերադարձի դիմաց Արցախի կարգավիճակի որոշման վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Սա հայկական կողմին տալիս էր որոշակի դիվանագիտական առավելություն՝ չեզոքացնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության միակողմանիության հնարավոր հաստատումը միջազգային հարթակներում։
Սարգսյանի օրոք հնարավոր դարձավ բանակցային օրակարգում պահել Արցախի կարգավիճակը՝ որպես առանցքային խնդիր։
Հատկապես 2011թ․ Կազանի գագաթնաժողովը դարձավ սահմանագիծ, երբ հայկական կողմը, ըստ էության, մերժեց այն նախագիծը, որը հնարավոր է՝ փաստացիորեն չներառեր կարգավիճակի որոշման մեխանիզմը։ Այդ պահից հետո, չնայած Ադրբեջանի առավել ագրեսիվ հռետորաբանությանը, Հայաստանը շարունակեց միջազգային հարթակներում պնդել խաղաղ կարգավորման շրջանակում Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը՝ պահելով այդ սկզբունքը համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիրքորոշման դաշտում։
Վերջիններս իրենց մի շարք հայտարարություններում, այդ թվում՝ 2009, 2011 և 2015 թվականներին տարածված համատեղ հայտարարություններում, հաստատում էին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք հիմնական սկզբունքների հիմքով՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։
Ինչպես հայտնի է՝ նախագահ Սարգսյանի արտաքին քաղաքականությունն առավելապես ուղղված էր հակամարտության կառավարելիության պահպանմանը՝ մի կողմից՝ խուսափելով ռազմական էսկալացիայից, մյուս կողմից՝ չզիջելով քաղաքական առանցքային դիրքերը։
Այդ ռազմավարությունն ակնհայտ դրսևորվեց նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում և դրան հաջորդած Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում, երբ հայկական կողմը կարողացավ առաջ տանել հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ ցույց տալով, որ խաղաղության իրական հիմքը ոչ թե խոստումներն են, այլ վերահսկելի և հաստատուն միջազգային մեխանիզմները։
Արդեն 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով՝ նախորդ փուլերում կուտակված բանակցային ռեսուրսը ոչ միայն չօգտագործվեց, այլ փաստացիորեն սկսեց կազմաքանդվել։
Փաշինյանը մերժեց Մադրիդյան սկզբունքները որպես բանակցային հիմք՝ հայտարարելով, որ ինքն է «զրոյից սկսում» գործընթացը, իսկ բանակցությունները փակուղու մեջ են եղել նախկինների պատճառով։ Այդ հայտարարությունները ոչ միայն դիվանագիտական անգործունակություն էին դրսևորում, այլ նաև տալիս էին Ադրբեջանի իշխանություններին ուղերձ, որ հայկական կողմը հրաժարվում է նախկինում ձեռք բերված հավասարակշռությունից։
Փաշինյանը, մի կողմից՝ հրաժարվեց ներկայացնել ԼՂՀ իշխանությունների շահերը, մյուս կողմից էլ՝ պնդում էր, որ իր օրոք Արցախը պետք է դառնա բանակցային կողմ՝ այսպիսով ձգձգելով ու անիմաստ դարձնելով ողջ գործընթացը։ Սակայն իր այդ պահանջն ինքը երբեք ինստիտուցիոնալ մակարդակով չառաջարկեց, չդարձրեց բանակցային փաստացի օրակարգ, և արդյունքում ԼՂ հարցը սկսեց դուրս մղվել միջազգային օրակարգից՝ որպես կողմերից մեկի համար արդեն իսկ բացակայող արժեք։
Փաշինյանի բանակցային քաղաքականության ամենասուր հետևանքներից էր Արցախի կարգավիճակի հարցի դեգրադացումն այն աստիճան, որ մինչ պատերազմը Արցախի կարգավիճակը նույնիսկ քննարկելի չէին համարում, իսկ հետպատերազմյան փուլում միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի որոշ անդամներ, սկսեցին դե ֆակտո ընդունել Ադրբեջանի սուվերենությունն ամբողջ տարածքի նկատմամբ։ Փաշինյանի հռետորաբանությունը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որ մեկնաբանվեց որպես բացարձակ մերժում բանակցային փոխզիջման, մի կողմից՝ փոշիացրեց կարգավիճակի շուրջ նախկինում ձեռք բերված մեխանիզմները, մյուս կողմից՝ թույլ տվեց Ադրբեջանին միջազգային հարթակներում հանդես գալ որպես բանակցություններից հրաժարվող կողմի փոխարեն՝ «խաղաղ լուծում առաջարկող» պետություն։
2020 թվականի պատերազմից հետո Փաշինյանը փորձեց մաքրել սեփական պատասխանատվությունը, պնդելով, թե պատերազմը եղել է անխուսափելի, իսկ բանակցությունները՝ փակուղում, դրանով ստեղծելով քաղաքական մանիպուլյացիայի մի մոդել, որը նրան պետք էր ոչ միայն պատասխանատվությունից խուսափելու, այլ նաև իր իշխանության քաղաքական լեգիտիմության վերարտադրման համար։
Այս թեզը շարունակաբար շրջանառվում է նաև հետպատերազմյան շրջանում՝ ընդդիմադիրների դեմ քարոզչական դաշտում՝ ներկայացնելով նրանց որպես «խաղաղություն չուզող» նախկին ուժեր։ Ըստ էության, Փաշինյանը պնդում է, թե ինքը ժառանգել է լուծում չունեցող հարց և այժմ փորձում է ավարտին հասցնել «իրական խաղաղություն»՝ նույնիսկ Արցախի հաշվին։
Նմանօրինակ մանիպուլյատիվ դիրքավորումը նրան պետք է նաև առաջիկա ընտրական գործընթացներում, որտեղ նա նորից կփորձի ներկայանալ որպես միակ ուժը, որը «խիզախություն ունեցավ ցավոտ, բայց երկարաժամկետ խաղաղություն ապահովել»։
Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ նա ոչ թե ժառանգեց փակուղի, այլ իր անհավասարակշիռ քաղաքականությամբ և դիվանագիտական անգործությամբ հանգեցրեց Արցախի կապիտուլյացիային՝ միջազգային միջնորդության քայքայմամբ, անվտանգության հարցի վերացմամբ և կարգավիճակի հարցի քաղաքական օրակարգից դուրսբերմամբ։ Այս բոլոր գործընթացների խորքում մնում է մեկ թիրախ՝ նախկինների դեմոնիզացիան՝ որպես քաղաքական օրակարգ պահպանելու հիմնական միջոց։
ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ