«Գնացել է Մոսկվա, վիզը ծուռ նստել, որ ի՞նչ անի. այնտեղ բոլորը գիտեն, որ կապիտուլյանտ է». Գագիկ Մինասյան

ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի համար Մայիսի 9-ի խորհուրդն ակնհայտ է՝ պետք է անել ամեն ինչ, որ գործող իշխանությունների կառավարման հետևանքով մսխվածը վերականգնվի:

«Նպատակը ճիշտ ուղի վերադառնալն է, իսկ առաջին աշխատանքը՝ սրանց այդ ճանապարհից հեռացնելը: Ինչպես անպետք քար՝ ընկած են մեր ճանապարհին և արգելակում են մեր առաջընթացը: Բայց դրանով ամեն ինչ սկսվելու է, որովհետև այն ավերածությունները, որ նրանք իրականացրին ոչ միայն Արցախի հարցում, այլև՝ մեր մշակույթի, պատմության, հոգեբանության, դրանք վերականգնվելու կարիք ունեն: Առանց այդ ամենի՝ մենք ոչ մի քայլ չենք կարող առաջ գնալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Ինչպես ասում են՝ Արցախում տրնգի պարող, Շուշիում հարսանիք անող իշխանություններն այսօր հայտարարում են, որ Եռատոն չկա, և միայն «Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակն» են նշում: Գագիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ այսպես շարունակվելու դեպքում հնարավո՞ր է՝ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի ներդրած ավանդն էլ ուրանան:

«Իրենց հոգու խորքում իրենք հրաժարվել են նաև դրանից, իրենց հոգու խորքում ուրիշ տոներ են, մտքում՝ ուրիշ գաղափարներ: Գաղափարներ, որոնք այսօր արդեն դատապարտվում են հենց հավաքական Արևմուտքում: Իրենք ժամանակից հետ ընկած մարդիկ են, այսօր արդիական չեն: Դավանում են գաղափարների, որոնք հենց այսօր են կործանվում: Այն գաղափարները, որոնց մենք ենք դավանում, մշտական են. դրանք եղել են, կան և կլինեն, դա է ապրելու իմաստը: Սա ժողովուրդ է, պետք է ապրի, չենք կարող դավաճանել մեր խաչին, պետք է գնանք դրա հետևից»,- ի պատասխան՝ ասաց նա:

Կարդացեք նաև

Իր այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ի հեճուկս բոլոր «ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն»:

Գագիկ Մինասյանը նկատեց՝ խաղաղության մասին խոսում է մի մարդ, որն ավեր, պատերազմ, զոհեր է բերել մեր ժողովրդին. «Իր և իր ոհմակի ճակատին գրված է՝ մահ ու պատերազմ հայ ժողովրդին: Ինքն է պատերազմ բերել, կորցրել Արցախը, 5000 զոհ տվել, Հայաստանի տարածքները տվել Ադրբեջանին, ու խոսում է խաղաղության մասի՞ն: Իր ցանկացած օրն այդ աթոռին սպառնում է մեզ նոր պատերազմով, նոր զոհերով, այնպես որ, ինքն իրավունք չունի խոսել խաղաղությունից, ինքը կարող է խոսել միայն պատերազմի, միայն զոհերի մասին: Հայաստանում կա մեկ ուժ, որ խաղաղություն չի ուզում, դա ՔՊ-ն է:  Իր պահվածքով բերում է նորանոր փորձություններ հայ ժողովրդի գլխին»:

Մոսկվայում Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին Հայաստանը զորախումբ չէր ուղարկել: Գագիկ Մինասյանի համար անհասկանալի է Փաշինյանի Մոսկվա մեկնելը. «Գնացել է այնտեղ՝ վիզը ծռած նստել է, որ ի՞նչ լինի: Դրա պատկերը որևէ երկրի ժողովրդին պատիվ բերող պատկե՞ր է: Ես չեմ ուզում իր արարքները մեկնաբանել, որովհետև այնտեղ տրամաբանություն չկա, պատեհապաշտի մեկն է: Այսօր մի տեղ կգնա՝ վիզը կծռի, վաղը մեկ ուրիշ տեղ վիզը կծռի, հետևանքը մեր ժողովրդի դժբախտությունն է: Զորախմբով, թե առանց զորախմբի՝ Փաշինյանի այնտեղ գնալն իմաստ չունի, որովհետև նա պարտված, կապիտուլյանտ իշխանության ներկայացուցիչ է: Ոչ թե ժողովուրդն է կապիտուլյանտ կամ պարտված, այլ՝ իր իշխանությունը: Այնտեղ բոլորը գիտեն, որ ինքը պարտված կապիտուլյանտ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս