Այո՛, 2021թ․ Ռոբերտ Քոչարյանն է խնդրել Սերժ Սարգսյանին մասնակցել ընտրություններին. Փաշինյանն արդեն պրծած է, վախենում է. Հայկ Մամիջանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Փաշինյանի էմոցիոնալ վիճակը վերլուծելն աշխարհի ամենաանշնորհակալ գործն է։ Բայց կան մի քանի թեմաներ, որոնց համար ինքը բովանդակային պատասխաններ տալ չի կարողանում, ու դա նրան հունից հանում է։ Հիմա Փաշինյանը սկսել է աշխատել բացառապես իրեն հավատարիմ, կուրորեն իրեն սատարող մարդկանց փոքրաթիվ քանակի համար, որոնց մեծ մասը կախված է իրենից։ Պատգամավոր Աննա Գրիգորյանը հենց այդ թեմաներից մեկը բացեց․ կոռուպցիան այն թեման է, որը Փաշինյանը մարսել չի կարողանում։
  • ՔՊ-ի թիմի ներսում էլ է այդ վիճակը։ Երեկ Փաշինյանը նաև թիմին էր վիրավորում, Ալեն Սիմոնյանին դիտողություն էր անում։ Իր ուժերի վրա վստահ, իր կարծիքով՝ լավ վարկանիշ ունեցող, ընտրական պրոցեսներից չվախեցող մարդը սե՞նց է իրեն պահում։ Այդպես իրեն պահում է ակնհայտ լարված մարդը։ Փաշինյանը վախենում է, ու դա հստակ երևում է։
  • Ում գործերը ՔՊ-ում վատանում են, սկսում են վրա-վրա խոսել՝ ելույթներ ունենալ, ինտերվյուներ տալ… Օրինակ՝ Արսեն Թորոսյանի հիմիկվա ակտիվությունը պայմանավորված է կասկածելի քրեական գործերով՝ Քովիդի գումարների բացահայտումները, և այլն։ Այնպես որ, հենց մի ՔՊ-ական գերակտիվանում է, ուրեմն կա՛մ քրգործն արդեն կա, կա՛մ շուտով կլինի։ Ժողովո՛ւրդ, ՔՊ-ականներ, մեկ է, մեծ մասդ նստելու եք, ավելի լավ է՝ հիմա նստեք։

Կարդացեք նաև

  • Որևէ մեկը երբևէ թիկնապահներով Ազգային ժողովի դահլիճ չի մտել։ Երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է, 4-5 թիկնապահ ներսում է։ Ալեն Սիմոնյանը նույնպես ԱԺ շենքում 5 թիկնապահներով է շրջում։ Ես չեմ ճանաչում մի ինքնավստահ մարդու, ով ԱԺ նիստերի դահլիճում թիկնապահով նստի։
  • Ո՞ր քաղաքացիներին է պատկանում իշխանությունը․ իրենց ընտրած պատգամավորների հետ «Վիզդ կկտրեմ, համբա՛լ»,-ով խոսողների՞ն, 10 հոգուց ավել տեսախցիկների տակ մարդ ծեծող քաղաքացո՞ւն, անընդհատ հարկերը բարձրացնող քաղաքացո՞ւն… Որի՞ն… Սիրելի քաղաքացիներ, Հայաստանում իշխանությունը պատկանում է բացառապես Նիկոլ Փաշինյանին։ Այդ իշխանությունից նրան զրկել կարող են միայն անվստահության գործընթացով ու ձեր ճնշմամբ։ Նիկոլ Փաշինյանն արդեն պրծած է։ Էս ջղաձգումները պրծած քաղաքական գործչի ջղաձգումներ են։
  • Ես երկար ժամանակ օգտագործում էի «Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող մարդիկ» ձևակերպումը, հիմա արդեն ժամանակն է ասել՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որովհետև Ռոբերտ Քոչարյանը տեսնում է, չէ՞, 2018-ից սկսած ինչ են անում իր աջակիցները… Ասեմ ավելին՝ այդ մարդիկ ակնհայտ ուրախ են, որ Արմեն Աշոտյանը նստած է։ Նրանց տելեգրամ ալիքներից մեկը ԵԺԿ բանաձևի առնչությամբ ակնհայտ հրճվանք էր ապրում…
  • 2008թ.-ից սկսած՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրենց ու ոչ միայն իրենց, այլ դրսի կայքերով Սերժ Սարգսյանի դեմ արշավ էին անում։ 2018թ․ այդ մարդկանցից շատերը դարձան հեղափոխության աջակից, բայց բանի տեղ չդրեցինք, հիմա նորից ընդդիմադիր են… Մենք շատ երկար ենք հանդուրժել այդ բոլոր հարձակումները։ Բայց ինչ-որ պահի մեր համբերությունն էլ է հատում։ Ինչ-որ պահից մեր դեմ սկսեց ցանց աշխատել՝ կնոպկայով՝ գրում են ապուշություններ, հետո եթեր են ուղարկում մեկին, հետո նույն բանը պատգամավորներն են ասում… Տղե՛ք, ձեզ մոտ լավ չի ստացվում։
  • Այո՛, Նարեկ Մալյանի հետ լավ հարաբերություններ կան, ես չեմ հրաժարվում, բայց միշտ չէ, որ ես կիսում եմ նրա հայտարարությունները։ Այնպես որ, Նարեկին կապել ՀՀԿ-ի հետ, ծիծաղելի է։ Եթե դուք Նարեկին չեք կարողանում պատասխանել, ՀՀԿ-ին առավել ևս չեք կարողանալու պատասխանել։ Բացի դրանից, եթե ՀՀԿ-ն բան ունենա ասելու, անձամբ կասի, իր դեմքով։
  • Ես մեղավոր չեմ, որ մեր տարածած հայտարարությունն ավելի ընկալելի էր մեզ հետ անձրևի ու ձյան տակ պայքարող քաղաքացիների համար, քան «Հայաստան» խմբակցությանը։ Ես չեմ գրել այդ հայտարարությունը։
  • Իմպիչմենտը՝ ԱԺ-ում անվստահություն հայտնելու գործընթացը, ամենահավանական գործիքն է Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար։ Թեկնածու դեռ չունենք, բայց պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել քննարկումներ առաջարկվող ցանկացած թեկնածուի անձի շուրջ։

  • Իմպիչմենտի գործընթացի ձախողման պարագայում իմիջային վնաս ոչ մի պատգամավոր չի կրելու, և եթե անգամ կրելու է, ապա թքած այդ ռեյտինգի վրա։ Այսինքն՝ ես 2021թ․ մանդատ եմ ստացել, որ ռեյտինգ հավաքե՞մ։ Փաշինյանին հեռացնելու գեթ 1 տոկոս հավանականություն լինի, ու քո ռեյտինգի մասին մտածե՞ս… Սրանք մի նժարի վրա դրվող բանե՞ր են… Լո՞ւրջ
  • Վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանն իր Վիկիպեդիայի և մյուս էջերն արդեն պատրաստել է, որ գրի՝ ինքը միակ ԱԺ նախագահն է, որ պաշտոնավարել է ողջ ժամկետի ընթացքում… այնպես որ, մեր քաղաքացիներին խնդրում եմ՝ թույլ չտալ, որ նա այդ հաճույքն ապրի։
  • Մենք չպետք է թույլ տանք հասնել սահմանադրական հանրաքվեի։ Վստահ եմ՝ սրանք կփոխեն սահմանադրական օրենքը, կվերացնեն արգելքը՝ Հանրաքվեն ու ԱԺ ընտրությունները նույն օրն անցկացնելու համար, որ մասնակցայնություն ապահովեն։ Բայց հանրաքվեի երկու ելքերն էլ խոցելի են։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ հանրաքվեին չհասնենք։
  • Ունենք այն իրավիճակը, երբ Սյունիքում ու Գեղարքունիքում թշնամին մի ամիս կրակում է, բայց Փաշինյանը կրակոցներից մեկ ամիս անց դրանք կապում է Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները Ջահերով երթի օրն այրելու հետ։ Սա խայտառակություն է:
  • Լևոն Քոչարյանին էլ եմ ասել, որ իմ տեղեկությունների վրա վստահ եմ 100%-ով․ այո՛, 2021թ․ Ռոբերտ Քոչարյանն է խնդրել Սերժ Սարգսյանին մասնակցել ընտրություններին։ ՀՀԿ-ն ամենավերջինը հայտնեց ընտրություններին մասնակցելու մասին՝ դեմ լինելով, այդ թվում՝ նաև այդ կերպ օգնելով իրենց։
  • Հա, Քոչարյանի աջակիցների ասելով՝ մենք մազոխիստ ենք՝ մենք ենք բերել Փաշինյանին՝ դագաղներ, ժապավենների մեր դեմ կազմակերպված արշավով։ Բերել ենք, որ Արմեն Աշոտյանն արդեն 2 տարի նստած լինի։ Եվ սա ասում են մարդիկ, որոնք 2018-ին փաշինյանենց հետ հանրահավաքներ էին անում մեր դեմ:
  • Լավ, ենթադրենք՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը լավը չէ։ Բա ի՞նչ անենք, նստենք սպասենք 2026թ.-ի՞ն։ Ասեք՝ ի՞նչ անեմ, գործընկերներ։ 
  • ՀՀԿ-ն Փաշինյանին հեռացնելու, իշխանափոխության ոչ մի գործիք չօգտագործված չի թողնելու։

  • Փաշինյանի քաղաքական հենարանը հանդիսացող հակառուսական շրջանակների ասած ընդդիմությունափոխությունը ասելով չի լինում: 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեց իրավիճակ, երբ եղանակ ստեղծողը արտախորհրդարանական ընդդիմությունն էր: Եվ չնայած խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես մասնակցում էր փողոցային պայքարին, սակայն օրակարգ թելադրողը, միևնույն է, արտախորհրդարանական ընդդիմությունն էր: Եվ բնականորեն ստեղծվեց իրավիճակ, երբ խորհրդարանական ընդդիմության փոփոխությունը դարձավ հանրային պահանջ: Հիմա, երբ արտախորհրդարանական այդ «ուժերը» խոսում են ԱԺ-ում ընդդիմությունափոխության մասին, ուզում եմ ասել՝ երբ ձեր կոչով փողոց դուրս եկած մարդկանց թիվն ավելի մեծ կլինի, քան մեր կոչով դուրս եկածների քանակը, կխոսեք դրա մասին։
  • Փաշինյանն այնքան զզվելի, տոքսիկ բան է դարձել, որ և՛ Քոչարյանի աջակիցներն են ուզում նրան գցել մեր գրպանը, ե՛վ եվրաքվեիստները։
  • Ես համաձայն չեմ, որ Նիկոլ Փաշինյանն արևմտամետ կամ հակառուս գործիչ է։ Իր միակ «մետ»-ը սեփական քյարն է՝ օգուտը։ Ով Փաշինյանին իր իշխանությունը պահպանելու երաշխիք տա, կհագնի այդ երկրի դրոշով նասկիներ։
  • Եվրոպայի ժողովրդական կուսակցության՝ ԵԺԿ-ի բանաձևն ուներ խայտառակ տեսք։ Ես գրելաոճից գրեթե վստահ եմ՝ տեքստը գրվել էր ՔՊ գրասենյակում, խաբեությամբ հասցվել ԵԺԿ-ին։ Կարողացանք հասնել նրան, որ բանաձևում 3 կետ ավելացվի՝ արցախահայության վերադարձ, Արմեն Աշոտյանի՝ որպես քաղբանտարկյալի ճանաչում, և անվտանգային հարց։ Դրա համար ՔՊ-ն չկարողացավ բանաձևն ամբողջությամբ տարածել, իրենց ձեռնտու չէ, կտոր-կտոր է տարածում։ ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանն ու Սարգիս Խանդանյանը խաբել էին միջխորհրդարանական ֆրակցիաներից մեկի ղեկավարին ու չլինելով ԵԺԿ անդամ կուսակցության անդամներ, ներկայացել էին՝ որպես ԵԺԿ պատվիրակներ։ Բա ինչո՞ւ չեն պատմում, որ իրենց դահլիճից հանել են, որովհետև իրենք իրավունք չունեին այդտեղ գտնվել։
  • Մենք շարունակում ենք լինել ԵԺԿ անդամ, բազմիցս օգտագործել ենք այդ խողովակը մեր երկրի շահերն առաջ տանելու համար ու շարունակելու ենք օգտագործել այդ գործիքը։ Եվ ավելի ուշադիր ենք լինելու, որ տարբեր կալիբրի ՔՊ-ականներ չկարողանան խաբել մեր եվրոպացի գործընկերներին։
  • Ես նաիվ չեմ, հասկանում եմ, որ եթե բացառապես աշխարհաքաղաքական աջակցության շնորհիվ ես իշխանության հասնում, դու պարտք ես լինում այդ ուժերին։ Ես այդպես չեմ ուզում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս