
Համատարած թանկացումներ. Որ սննդամթերքներն են թանկացել 1 տարում և որքան. պաշտոնական թվեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2025թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գները Հայաստանում աճել են 0.3-1.3 %-ով։ Համեմատաբար բարձր գնաճ է գրանցվել Հրազդանում, իսկ Երևանում սպառողական գներն աճել են 0.4 %-ով:
Ինչ վերաբերում է 2025թ. ապրիլից 2024թ. ապրիլ տվյալներին, ապա, ըստ կոմիտեի՝ այն կազմել է 3.2 %, իսկ նախորդ մարտի նկատմամբ՝ 0.5 %:
2025 թ. ապրիլին 2024 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.2 %, իսկ 2025 թ. մարտի համեմատ՝ 1.2 % գնաճ:
Մակարոնեղենի գինը 2025 թ. ապրիլին 2024 թ. ապրիլի համեմատ աճել է 1 %-ով, հացինը՝ 2.4 %-ով, ալյուրինը՝ 5.5 %-ով, շոկոլադի՝ 13.8 %-ով, սուրճի՝ 17.1 %-ով, կակաոյի՝ 20.6 %-ով:
Աճել են նաև ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 5.3% և 6.4%-ով, կարագի և արևածաղկի բուսական յուղի՝ 13.7%-ով:
Նույն ժամանակահատվածում գնանկում է գրանցվել հաճարի և հնդկացորենի շուկաներում համապատասխանաբար` 0.2 %–ով և 10.4 %–ով, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում` 3.9 %-ով, պանրի շուկայում 3.9%–ով, մարգարինի դեպքում՝ 3%–ով, թարմ կաթինը՝ 1.1%-ով, խոզի մսինը՝ 0.5%–ով:
Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. ապրիլին 2024 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 17.9%–ով, իսկ մրգի ապրանքախմբում 7.9 %–ով գնաճ:
Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թ. ապրիլին մարտի համեմատ նվազել են 2.1% և 0.7%–ով: 2025 թ. ապրիլին 2024 թ. ապրիլի համեմատ նույնպես գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.6% և 5.5% գնանկում:
Դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 10.1% գնաճ, իսկ 2025 թ. ապրիլին այս շուկայում միջին ամսական գինը կազմել է 132.9 դրամ:
Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2025 թ. ապրիլին մարտի համեմատ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է 0.5 %-ով (ՀՀ դրամն արժևորվել է):
Ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 390.7 դրամ, ինչը 0.1 %-ով ցածր է 2024 թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից` 391 դրամ: