
Իրանի արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել խուսափել անիրատեսական պահանջներից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Միացյալ Նահանգներին կոչ է արել խուսափել անիրատեսական պահանջներից այն պարագայում, երբ երկու երկրները ձեռնամուխ են եղել իրանական միջուկային հարցի շուրջ «փխրուն» բանակցությունների:
Այս մասին հաղորդում է Le Figaro-ն՝ վկայակոչելով Թեհրանից ստացված տեղեկատվությունը։
«Դրա շուրջ համաձայնության հասնելը միանգամայն հնարավոր է, բայց պետք է խուսափել անիրատեսական և անտրամաբանական դիրքորոշումներից», – ըստ Le Figaro-ի՝ հեռախոսազրույցի ժամանակ Արաղչին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անհրաժեշտ է համարում, որ Իրանը լիովին դադարեցնի իր միջուկային ծրագիրը։
Իրանը և Միացյալ Նահանգները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին: Օմանը հանդես է եկել որպես միջնորդ: